Լարիջանի. ««Հեզբօլլահ»-ը Իսրայէլի դէմ հզօր յենակէտ է»

«ԱԼԻՔ» – Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին լիբանանեան «Հեզբօլլահ» շարժմանը Իսրայէլի դէմ հզօր յենակէտ է անւանել:
Ինչպէս հաղորդում է «Թասնիմ»-ը՝ այս մասին նա յայտարարել է Բէյրութում, երէկ՝ սեպտեմբերի 27-ին, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ հանդիպումից յետոյ կազմակերպւած մամլոյ ասուլիսի ժամանակ:
««Հեզբօլլահ»-ը Իսրայէլի դէմ հզօր ամրոց է եւ նրանք իրենց զոհաբերում են յանուն լիբանանեան ժողովրդի բարօրութեան։ Մեր կարծիքով՝ որեւէ քաղաքական շարժում, որը կարող է նպաստել լիբանանեան ժողովրդի բարօրութեանը, օգտակար է»,- ասել է նա։
Ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Իրան-Սաուդեան Արաբիա յարաբերութիւններին եւ «Հեզբօլլահ»-ի առաջնորդ Շէյխ Նաիմ Ղասեմի՝ պաշտօնական Ռիադի հետ յարաբերութիւնների նոր փուլ սկսելու նախաձեռնութեանը, դոկտ. Լարիջանին յայտարարել է. «Ինձ դուր է գալիս պարոն Նաիմ Ղասեմի նախաձեռնութիւնը եւ ես հիացած եմ դրանով»։
«Սաուդեան Արաբիայի կառավարութիւնը մեր եղբայրական ու մահմեդական կառավարութիւնն է եւ մենք համատեղ խորհրդակցութիւններ ենք անցկացնում։ Այսօր համագործակցութեան օրն է եւ իսլամական աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու առջեւ։ Նաիմ Ղասեմի նախաձեռնութիւնը ճիշտ է»,- նշել է նա։
Նշենք, որ Ալի Լարիջանին Բէյրութում մասնակցել է «Հեզբօլլահ»-ի նախկին առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահի նահատակութեան առաջին տարելիցին նւիրւած մեծ միջոցառմանը: