Արեւմուտքը Զելենսկու հանդիպումը Թրամփի հետ որակել է ձախողում Կիեւի համար

«ԱԼԻՔ» – Միջազգային շատ լրատւամիջոցներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի Վլադիմիր Զելենսկու միջեւ Վաշինգտոնում կայացած հանդիպումն անւանել են Կիեւի համար ձախողում։ ՌԻԱ Նովոստին վերլուծել է հրապարակումները, հաղորդում է Tert.am-ը:
Օրինակ՝ ամերիկեան The Wall Street Journal թերթը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը չի յիշատակել Tomahawk թեւաւոր հրթիռների վերաբերեալ բանակցութիւնները, որոնց յոյսը Ուկրաինան ունէր։
Իր հերթին, բրիտանական The Telegraph թերթը կարծում էր, որ Զելենսկին դատարկաձեռն է հեռացել, քանի որ Թրամփը պատրաստ չէր Կիեւին մատակարարել այդ զէնքերը։
Գերմանական Bild թերթը հրապարակել է «Լուրջ հարւած Զելենսկու Tomahawk երազանքին» վերնագրով յօդւած։ Յօդւածում նաեւ նշւում է, որ ամերիկացի առաջնորդը վստահ է նախագահ Վլադիմիր Պուտինի շահագրգռւածութեան մէջ՝ հակամարտութիւնը դադարեցնելու հարցում։
Իսպանական El Pais թերթը գրել է, որ «Թրամփի ճոճանակը թեքւել է դէպի Մոսկւա», մինչդեռ Զելենսկին յոյս ունէր վերադառնալ Ուկրաինա լրացուցիչ ռազմական աջակցութեամբ։
Ֆրանսիական Le Monde-ի յօդւածի հեղինակը նշել է ԱՄՆ նախագահի յայտարարութիւնները՝ Պուտինի՝ հակամարտութիւնը դադարեցնելու ցանկութեան նկատմամբ իր վստահութեան, ինչպէս նաեւ Կիեւին Tomahawk հրթիռները յանձնելուց հրաժարւելու մասին։
Իր հերթին, ֆրանսիական Le Point ամսագիրը ուշադրութիւն է հրաւիրել Զելենսկու ամօթալի վիճակի վրայ՝ կապւած Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ թունելի հնարաւոր կառուցման քննարկման ժամանակ Թրամփի կողմից իրեն ուղղւած քննադատութեան հետ։
Ուկրաինական Strana.ua հրատարակութիւնը թւարկել է երեք նպատակ, որոնք Զելենսկին հետապնդել է ԱՄՆ կատարած այցի ընթացքում, որոնք նա չի կարողացել իրականացնել՝ Tomahawk հրթիռների ստացում, անվճար ռազմական օգնութիւն եւ Թրամփին ստիպել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրայ։
Թրամփը հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնում հանդիպել է Զելենսկու հետ։ Ինչպէս հաղորդել է CNN-ը, Սպիտակ տան ղեկավարը յստակեցրել է, որ Կիեւը չի ստանայ հեռահար հրթիռները։ Axios-ը, իր հերթին, գրել է, որ բանակցութիւնները դժւար են եղել, իսկ ամերիկացի առաջնորդը՝ կոշտ։ Հրատարակութեան աղբիւրներից մէկը նոյնիսկ ասել է, որ «դրանք վատ են ընթացել»։



