Արթուր Խաչատրեան. «Ժողովուրդը թոյլ չի տայ, որ մեր ինքնութեան սիւներից ամենակարեւորներից մէկը պղծւի»

«ԱԼԻՔ» – «Չարքից ամէն ինչ սպասելի է, ուղղակի պէտք է այն կանխել ու թոյլ չտալ»: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին, երէկ՝ նոյեմբերի 2-ին, Մայր Տաճարի մօտ լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Փաշինեանի՝ «Վեհարանը ազտագրելու» կոչին։
Նա նշել է, որ Սուրբ Էջմիածին գրոհի մասին Փաշինեանի յայտարարութիւնից յետոյ ժողովուրդը մի անգամ արդէն հաւաքւեց Էջմիածնում՝ ի պաշտպանութիւն Եկեղեցու, եւ շեշտեց, որ ժողովուրդն այնտեղ կանգնած է լինելու պատնէշի պէս։
«Ժողովուրդը թոյլ չի տայ, որ մեր ինքնութեան սիւներից ամենակարեւորներից մէկը պղծւի»,- ասել է պատգամաւորը։
«Փաշինեանը կը գնայ նաեւ ուղիղ Սուրբ Էջմիածնի վրայ գրոհի եւ այն իրականացնելու է վարչական ապարատով եւ իրաւապահ համակարգով, բայց չի յաջողի»,- աւելացրել է Խաչատրեանը։



