Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «հիբրիդային պատերազմների» վերաբերեալ Հայաստանից հնչող յայտարարութիւններին

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնն արձագանքել է Հայաստանից «հիբրիդային պատերազմների» մասին յայտարարութիւններին: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդել են նախարարութեան մամուլի ծառայութիւնից։
Հարց.– Վերջին ժամանակներս Հայաստանում՝ ակնյայտօրէն 2026 թւականի յունիսին անցկացւելիք խորհրդարանական ընտրութիւնների կապակցութեամբ, աւելի ու աւելի շատ են քննարկում իբրեւ թէ Երեւանի դէմ մղւող «հիբրիդային պատերազմների» մասին։ Ինչպէ՞ս դա կը մեկնաբանէիք։
Պատասխան.- Իրօք, մենք արձանագրել ենք ինչպէս փորձագէտների, այնպէս էլ հայ պաշտօնեաների, դրանց թւում, օրինակ, Ազգային ժողովի խօսնակ Ա.Ռ. Սիմոնեանի մի շարք նմանատիպ յայտարարութիւններին։
Յիշեցնենք, որ «հիբրիդային պատերազմներ» հասկացութիւնը յօրինել եւ գործնականում կիրառել են ամերիկացի ռազմական տեսաբանները։ Ոչ այնքան վաղուց, Հայաստանի հարեւան Վրաստանում, «կոլեկտիւ Արեւմուտքի» երկրները կրկին ցուցադրեցին իրենց ամբողջ «հիբրիդային փառքը». կոպտօրէն միջամտելով ներքաղաքական գործընթացներին, բորբոքելով «մայդանի» տրամադրութիւնները, զրկելով Թբիլիսիին իր զարգացման ուղին ընտրելու ազատութիւնից եւ զբաղւելով բացայայտ քաղաքական շանտաժով՝ սպառնալով զրկել նրան արդէն առանց դրա էլ խաբուսիկ եւրոպական հեռանկարներից։
Այս մօտեցումը մեզ համար օտար է։ Մենք միշտ յարգել ենք եւ կը շարունակենք յարգել իւրաքանչիւր ազգի ինքնիշխան ընտրութիւնը։ Միեւնոյն ժամանակ, չենք կարող չնշել, որ Հայաստանի դէմ «հիբրիդային պատերազմի» մասին յայտարարութիւններն արւում են Հանրապետութիւնում մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին՝ կարծես հետեւելով այն օրինաչափութեանը, որը վերջին տարիներին փորձարկւել է այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում։
Մենք պատրաստ ենք քննարկել մեր հայ գործընկերների հնարաւոր մտահոգութիւնները ինչպէս խորհրդարանական խողովակներով, այնպէս էլ համապատասխան նախարարութիւնների միջեւ մեր առաջարկած խորհրդակցութիւնների միջոցով, ներառեալ՝ անհրաժեշտութեան դէպքում՝ ռուս-հայաստանեան յարաբերութիւնների շուրջ տեղեկատւական միջավայրը շտկելու նպատակով։
Ռուսաստանը միշտ եղել եւ մնում է Հայաստանի յուսալի դաշնակիցը։ Մոսկւան անյապաղ օգնութեան է հասնում իր եղբայրական ժողովրդին։ Վերջին օրինակներից է 2024 թւականի յունիսին ընդամենը մի քանի շաբաթւայ ընթացքում Հայաստանի հիւսիսում ջրհեղեղից վնասւած երկաթուղային գծերի վերականգնումը։
Այս տարւայ նոյեմբերին մեր երկրից Հայաստան ցորենի մատակարարումները կազմակերպւեցին հնարաւորինս կարճ ժամանակում՝ Ադրբեջանով եւ Վրաստանով անցնող նորաբաց երկաթուղային երթուղով։ Առաջին խմբաքանակը ժամանեց նոյեմբերի 6-ի գիշերը։ Ընդգծում ենք, որ այս իրադարձութիւնը մեծապէս հնարաւոր դարձաւ տարածաշրջանային հաղորդակցութիւնների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռնարկւած ջանքերի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-2022 թւականներին ձեռք բերւած համաձայնութիւնների շնորհիւ։
Վերը նշւած Հարաւային Կովկասի հանրապետութիւնների միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը մասնակցելով՝ Ռուսաստանը մշտապէս առաջնորդւել է նրանց ինքնիշխան ազգային շահերով։ Արեւմուտքի միջնորդական ջանքերը դեռեւս պէտք է անցնեն ժամանակի փորձութեանը»,- նշել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնում։



