ՄիջազգայինՔաղաքական

Դոնալդ Տուսկ. «Լեհական երկաթուղում դիւերսիա են իրականացրել ռուսական հետախուզութեան հետ համագործակցող երկու ուկրաինացի»

«ԱԼԻՔ» – Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Սէյմում յայտարարել է, որ երկաթուղում վերջերս տեղի ունեցած դիւերսիայի համար պատասխանատու են ռուսական հետախուզութեան հետ համագործակցող Ուկրաինայի երկու քաղաքացիներ, հաղորդում է RMF24-ը։

Նա յաւելել է, որ տղամարդիկ Լեհաստանից փախել են Տերեսպոլի սահմանային անցակէտով։

Լեհաստանի կառավարութեան ղեկավարը յայտարարել է, որ ծառայութիւններն այժմ վստահ են, որ Միկա քաղաքի մօտ գտնւող գծերի դիւերսիայի փորձը եւ Պուլաւիի մօտ գտնւող երկաթուղային ենթակառուցւածքների խափանումը երկու դիւերսիաներ էին, որոնց նպատակը երկաթուղային տրանսպորտում աղէտ առաջացնելն էր։

Դոնալդ Տուսկը յայտարարել է, որ երկու ուկրաինացիներն էլ, որոնք նոյնականացւել են որպէս դիւերսանտներ, Լեհաստան են ժամանել Բելառուսից։ Նրանցից մէկին մայիսին Լւովի դատարանը դատապարտել է Ուկրաինայում դիւերսիայի համար։ Միւսը, որը ծնունդով Դոնբասից է, նախկինում աշխատել է դատախազութիւնում։

Վարչապետը պարզաբանել է, որ յատուկ ծառայութիւնների գործունէութեան այս փուլում նա դիւերսանտների մասին տեղեկութիւնները չի կարող հրապարակայնօրէն բացայայտել։ «Մինչ ես ձեզ ասում եմ այս խօսքերը, հետագայ գործողութիւնները շարունակւում են»,- ասել է նա։

Աւելի վաղ լեհական իշխանութիւնները յայտնել էին նոյեմբերի 16-ին Ուկրաինայի հետ սահման տանող երկաթուղու վրայ տեղի ունեցած երկու միջադէպի մասին: Ըստ վարչապետ Դոնալդ Տուսկի՝ Վարշաւայի եւ Լիւբլինի միջեւ երկաթուղու մի հատւածը պայթեցւել է «աննախադէպ դիւերսիայի» արդիւնքում: Ժիչին քաղաքի մօտակայքում գծերի վնասը յայտնաբերել է անցնող գնացքի մեքենավարը, որը ստիպւած է եղել արտակարգ կանգառ կատարել: Աւելի ուշ նոյն գծով ուղեւորներ տեղափոխող մէկ այլ գնացք արտակարգ կանգառ է կատարել կոնտակտային ցանցի վնասման պատճառով: Կտրւած կոնտակտային գիծը փշրել է վագոններից մէկի պատուհանը: Միջադէպերի արդիւնքում ոչ ոք չի տուժել:

Related Articles

Back to top button