Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Ոչ թէ զրօ քաղաքականութիւն, այլ զրօ բարոյականութիւն. այսպիսին է ձեր բովանդակութիւնը»

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրում է.

«ՍՏԱԽՕՍ ԵՒ ԱՆԲԱՐՈՅ

Յիշում էք՝ զրօ քաղաքականութիւն կրթական համակարգում. այսպիսին էր ՔՊ խոստումներից մէկը, որի մասին փրփրաբերան յայտարարում էին բարձր ու միջին տրամաչափի «յեղափոխականները»։ Այսօր նաեւ անտրամաչափերը…

Դեմոնիզացնելով նախկիններին, ՆՓ-ն խոստանում էր ապաքաղաքականացնել ԲՈՒՀ-երը, յայտարարում էր՝ որեւէ կուսակցական չպէտք է իրաւունք ունենայ ԲՈՒՀ կառավարել, ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդները պէտք է ազատել ՀՀԿ-ից եւ նրա վերահսկողութիւնից։

«Զրօ քաղաքականութիւն դպրոցում», ազդարարում էին իրար յաջորդող ԿԳՄՍ նախարարները։

Փաշինեանն ու թիմը դարձեալ ստում էին. այս խոստումը եւս, այս թիմի բոլոր խոստումների պէս դատարկ պոպուլիզմ էր, փուչիկ, քւէ եւ իշխանութիւն գողանալու լեզւավարժանք։

Այս մասին՝ նրա աչքերի մէջ նայելով, ասում են անգամ երեխաները…

Եւ ուրեմն ԵՊՀ կառավարման խորհրդում Սերժ Սարգսեանին փոխարինելու եկաւ Սուրէն Պապիկեանը։ Եւ այսպէս բոլոր ԲՈՒՀ-երում՝ միայն իւրայիններ։

Մինչդեռ վերջերս ընդունւած «Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» ՀՀ օրէնքի Յօդւած 26-ի 7-րդ կէտում շատ որոշակի, հայերէնով, սեւով սպիտակի վրայ ամրագրւած է՝ «…արգելւում է բուհի կառավարման մարմիններում կուսակցութեան անդամների ներգրաւումը։ Նշւած հանգամանքի առաջացումը հիմք է ԲՈՒՀ-ի նշւած պաշտօններից անձի ազատման…»։

Իսկ Սուրէն Պապիկեանը ոչ միայն շարքային կուսակցական չէ, այլեւ՝ ՔՊ վարչութեան անդամ։

Դէ իհարկէ, ԿԳՄՍ նախարարը, որը Մանկավարժականի կառավարման խորհրդի նախագահն է, բնականաբար չլսելու եւ չտեսնելու կը մատնի իրեն, ինչպէս եւ Պապիկեանին հովանաւորող Փաշինեանը։ Ի դէպ, մանկավարժականում սկանդալների պակաս չկայ…

Սուտն ու երեսպաշտութիւնը սրանց համար նորմ է, ու դեռ կը շարունակեն պնդել, թէ ինչ «հերոսական եւ աննախադէպ» փոփոխութիւններ են բերել կրթական համակարգ…

Եւ ահա արձակուրդ-քարոզարշաւի մէջ գտնւող պաշտպանութեան նախարար, ՔՊ վարչութեան անդամ եւ ԵՊՀ Կառավարման խորհրդի նախագահ Ս․ Պապիկեանը, առաջնորդից յետ չմնալու եւ նրա հետ հաւասարութիւնը պահելու ջանասիրութեամբ կոկորդ էր պատռում, թէ «սԸտահակ… դաւադիր բորենիների զաւակները ինչո՞ւ չեն վիրաւորւել կամ նահատակւել»։

Այս ողջ խօսոյթի բարոյականութիւնը, ճղճիմութիւնն ու հրէշաւորութիւնը թողնելով նրանց խղճին, արձանագրենք նաեւ, թէ ինչ բերկրանքով եւ խանդավառութեամբ է ԵՊՀ ռեկտոր Յովհաննիսեանը, որ նոյնպէս օրէնքի ուժով քաղաքական չէզոքութիւն ապահովելու պարտադրանք ունի, կիսել իր էջում «ղեկավարի գոհար մտքերը»։

Ոչ թէ զրօ քաղաքականութիւն, այլ զրօ բարոյականութիւն․ այսպիսին է ձեր բովանդակութիւնը…

Ու արեան ծարաւ ու մահւան վաճառական էս երկուսին վստահում ենք մեր երեխաների կրթութիւնն ու անվտանգութիւնը։

Որ դուք թքած ունէք օրէնքի վրայ, սեփական ժողովրդի վրայ, նորութիւն չէ…, որ ձեր բաստիոնը բարոյականութեան ճահիճ է, դարձեալ նորութիւն չէ․․․

Եւ հէնց դուք էք հիմնաւորում ձեր եւ ձեր արժէքային համակարգի, ձեր բոլշեւիկեան տգիտութեան եւ ցինիզմի մերժելիութիւնը։

Բան չմնաց…

Յ. Գ. – Մեկնաբանութեան մէջ սրանց բարձրագոչ խոստումներից մի խայծ…»։

 

Related Articles

Back to top button