Միքայէլ եւ Բագրատ Սրբազաններ. «Դադարեցնել անհնազանդ առաջնորդների պաշտօնավարումը եւ նոր առաջնորդներ նշանակել այդ թեմերում»

«ԱԼԻՔ» – Միքայէլ արք․ Աջապահեանը եւ Բագրատ արք․ Գալստանեանը երկրորդ յայտարարութեամբ են հանդէս եկել, որը յաջորդել է 10 սրբազանների երկրորդ յայտարարութեանը։
Յայտարարութիւնում ասւում է. «Նոյեմբերի 27-ին հրապարակւած յայտարարութիւնից յետոյ բեմականացւած խայտառակութիւնը, ինչպէս նաեւ յաջորդող զարգացումները մեզ ստիպում են խոր ցաւով կատարել հետեւեալ արձանագրումները․
Ա. Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ը պաշտօնապէս յայտարարել են, որ իրենք այլեւս չեն ցականում մաս կազմել մեր եղբայրութեան, ուստի մենք ճանաչում ենք իրենց խորթ եւ օտար, որոնց նկատմամբ, ցաւօք, 20-ից 40 տարի եղբայրական զգացումներ ենք տածել՝ ինչը բազմիցս ապացուցել ենք գործով եւ խօսքով. որոշումը ձերն է եղել՝ մեզ չմեղադրէք։
Բ. Կատարւածը վերին աստիճանի նենգ եւ տիրադաւ դաւաճանութիւն է՝ դաւադրաբար եւ ստորաբար, ինչը խորշելի է անգամ աշխարհականների, էլ ուր մնաց բարձրաստիճան հոգեւորականների պարագայում։ Իրենք կարող էին ամէն ինչ անել բացէիբաց՝ եկեղեցական ատեաններում, արտայայտելով իրենց դժգոհութիւնն ու պահանջները, մինչեւ անգամ վերջնագիր ներկայացնելով Վեհափառ Հայրապետին, սակայն գերադասել են գործել գաղտագողի եւ թաքուն՝ իբրեւ շարքային դաւադիրներ։
Գ. Նրանցից իւրաքանչիւրը մեր աչքերի առջեւ եւ ներկայութեամբ առիթը եւ հնարաւորութիւնը չի փախցրել քծնելու եւ շողոքորթելու Վեհափառ Հայրապետին, ում հայրական խնամքը վայելելով բարձրագոյն կոչումներ եւ պաշտօններ են ստացել եկեղեցում՝ բացարձակ անարժան լինելով զբաղեցրած դիրքին, ինչի խօսուն վկայութիւնն է իրենց քստմնելի արարքը։ Եթէ Վեհափառը սխալւել է որեւէ բանում փաստօրէն դա եղել է իրենց նկատմամբ ունեցած վստահութիւնը, նրանց գործած բազմաթիւ եւ զանազան մեղքերը իր վրայ վերցնելով՝ հայրական հոգածութեան ներքոյ պահելով նրանց։
Դ. Տիրադաւներից առնւազն 6-ը մասնակցել են 1999 թ Ազգային եկեղեցական ժողովին եւ յայտնապէս քւէարկել են օրւայ Վեհափառ Հայրապետի օգտին, ինչի մասին եւ հպարտօրէն յայտարարել են 26 տարի շարունակ՝ նաեւ չմոռանալով ծաղրել այն հոգեւորականներին, ովքեր ընտրութեան իսկ չմասնակցելով երբեւիցէ դրական են արտայայտւել ասպարէզում եղած այլ թեկնածուների նկատմամբ։
Ե. Միւս 4 տիրադաւները ուսանողութիւնից մինչեւ աբեղայութիւն եւ եպիսկոպոսութիւն վայելել են Հայրապետի խնամքը, ինչի շնորհիւ առաջխաղացման են հասել նոյն Հայրապետի ձեռամբ՝ արժանանալով եպիսկոպոսական օծման եւ ձեռնադրութեան։ Սա խօսում է իրենց կերպարի մասին։
Զ. Կարելի է, հարկաւոր է, գուցէ եւ պէտք է ամէն ինչում չհամաձայնել Վեհափառ Հայրապետի հետ, ինչը իրենք երբեք չեն արել անցնող 26 տարիներին եւ դեռ հակառակը՝ սողացել են, մինչ մենք դա արել ենք բազմիցս՝ մեզ ենթարկելով Հայրապետի հանդիմանութեանն ու դժգոհութեանը։ Այսու, 26 տարւայ շարունակական քծնանքից յետոյ գլխակորոյս սողալը անպատկառ եւ հայրենադաւ իշխանաւորների առջեւ՝ իրենց կաշին ինչ-որ բաներից փրկելու համար եւ ինչ-որ անորոշ «սկզբունքներ» պաշտպանել երկրի թիւ 1 անսկզբունքայինի հետ՝ ինքնաոչնչացում է։ Յիրաւի նմանը նմանին է գտնում, տիրադաւը՝ հայրենադաւին, յուդաները՝ նիկոլայիդներին։
Է. Տիրադաւները ստեղծել են մի վիճակ, որը Հայ եկեղեցում աննախադէպ է գէթ վերջին 200 տարում։ Ուստի անհրաժեշտ է աննախադէպ պատասխան եւ արձագանք… խոտորնակին՝ խոտորնակ, ինչպէս ասում է ժողովրդական իմաստնութիւնը։
Խնդրում եւ առաջարկում ենք Վեհափառ Հայրապետին․
1․ Դադարեցնել հերձւածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտօնավարումը, ովքեր իրենց վարքով արդէն իսկ կայացրել են իրենց դատավճիռը։
2․ Անմիջապէս նոր առաջնորդներ նշանակել տւեալ թեմերում։
3․ Հրաւիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով մեր երեք սրբազանների մասնակցութիւնը կամ՝ մեր ազատութիւնից յետոյ։
4․ Եպիսկոպոսաց ժողովից յետոյ կարելի կը լինի գումարել Ազգային եկեղեցական ժողովը։
Դիմում ենք տւեալ թեմերի քահանաներին՝ դուք պարտաւոր էք այլեւս չենթարկւել ձեր հերձւածող առաջնորդներին եւ վայրկեան առաջ հաւատարմութիւն յայտնել Վեհափառ Հայրապետին եւ ենթարկւել Նորին Սրբութեան տնօրինութիւններին։
Ը. Եւ վերջում ուզում ենք յոյս յայտնել, որ տիրադաւներից ոմանք կը գնան Պետրոսի ճանապարհով եւ դառն լացով կը փորձեն զղջմամբ գէթ հոգեւորական մնալ, մինչ միւսներին սպասում է Յուդայի ճակատագիրը։
Քահանայք եւ ժողովուրդք, փարւած մնացէք մեր Սուրբ եկեղեցուն եւ հաւատարիմ հայոց օծեալ Հայրապետին։ Մեզ բոլորիս համար փորձութեան եւ փորձւելու ժամ է։ Չարը մռնչում է՝ կլանելու իւրաքանչիւրիս եւ բոլորիս միասին։ «Մեր միջից ելան սրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կը մնային։ Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, որ սրանք ամենքը մեզնից չեն» (Ա Յովհ․ Բ։ 12)։
«Հոգով ջերմեռանդ եղէք, Տիրոջը ծառայէք, յոյսով ուրախացէք, նեղութեանը համբերէք, յարատեւ աղօթէք… Մի պարտւիր չարից, այլ բարիով յաղթիր չարին» (Հռոմ․ ԺԲ։ 11-13, 21)։
Յ. Գ. – Աստւած մի արասցէ, որ մի օր պարզւի, որ տիրադաւները դերակատարութիւն են ունեցել նաեւ մեր եւ Մկրտիչ Սրբազանի ազատազրկման հարցում, ինչում կասկածելու բոլոր հիմքերն առկայ են»։



