Պուտինը եւ Մոդին յայտարարութիւն են ընդունել, որում ուրւագծւում է երկրների համագործակցութեան առաջնահերթութիւնները

«ԱԼԻՔ» – Նիւ Դելիում կայացած հանդիպումից յետոյ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համատեղ յայտարարութիւն են ընդունել, որում ուրւագծել են երկրների համագործակցութեան առաջնահերթութիւնները: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ստորագրւել է միջկառավարական, միջգերատեսչական եւ կորպորատիւ համաձայնագրերի մեծ փաթեթ։ Դրանցից շատերը նպատակաուղղւած են Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ տնտեսական համագործակցութեան ընդլայնմանը»,- յայտարարել է ՌԴ նախագահը։
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն յանձնառու է շարունակել ապահովել Հնդկաստանի արագ զարգացող տնտեսութեան համար վառելիքի անխափան մատակարարումը:
Հնդկաստանի վարչապետը նշել է, որ երկրների յարաբերութիւնները դիմացել են ժամանակի փորձութեանը եւ հիմնւած են փոխադարձ յարգանքի եւ վստահութեան վրայ։ Ռուսաստանը եւ Հնդկաստանը համաձայնել են մինչեւ 2030 թւականը տնտեսական համագործակցութեան ծրագիր մշակել։
«25 տարի առաջ նախագահ Պուտինը դրեց մեր ռազմավարական գործընկերութեան հիմքը։ 15 տարի առաջ՝ 2010 թւականին, մեր համագործակցութիւնը հասել է յատուկ արտօնեալ ռազմավարական համագործակցութեան: Վերջին 25 տարիների ընթացքում նախագահ Պուտինը բազմիցս զարգացրել է այս յարաբերութիւններն իր հմուտ ղեկավարութեամբ եւ տեսլականով։ Հէնց նրա ղեկավարութիւնն է, որ թոյլ է տւել մեր յարաբերութիւններն ամրապնդել եւ հասնել նոր բարձունքների»,-յայտարարել է Մոդին։



