Ակցիա Երեւանում ԵՄ գրասենակի դիմաց. ի՞նչ է պահանջում «Հայրենիք» կուսակցութեան երիտթեւը
Ակցիայի մասնակիցները նամակ յանձնեցին ԵՄ գրասենեակի աշխատակցին

«Հայրենիք» կուսակցուեյան երիտթեւը ԵՄ պատւիրակութեան երեւանեան գրասենեակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում` պահանջելով արձագանքել Հայաստանում քաղբանտարկեալների խնդրին։
Կուսակցութեան գործադիր մարմնի անդամ Բաբկէն Յարութիւնեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ «Հայրենիքի» նկատմամբ ճնշումներ են իրականացւում։ Նա յիշեցրեց, որ կալանքի տակ են «Հայրենիք» կուսակցութեան գլխաւոր քարտուղար Խաչիկ Գալստեանը, ինչպէս նաեւ Վաղարշապատի տարածքային պատասխանատու Արամ Քոչարեանը։
«Մենք հրաւիրում ենք ԵՄ-ի ուշադրութիւնը նշւած հարցի վրայ, ցանկանում ենք նաեւ` հանրութիւնն աւելի լաւ տեղեակ լինի նման իրադարձութիւններից։ Նամակ ենք փոխանցում ԵՄ-ին ու սրանով փորձում ենք իրացնել քաղբանտարկեալների իրաւունքները»,- նշեց Յարութիւնեանը։
ԵՄ անվտանգութեան պատասխանատուն դուրս եկաւ ու վերցրեց ակցիայի մասնակիցների բերած նամակը` խոստանալով փոխանցել այն համապատասխան բաժին։
Փաստաբան Արսէն Բաբաեանն էլ նշեց, որ եւրոպական կառոյցներից ակնկալում են, որպէսզի լայն բացեն իրենց աչքերը։ Ըստ փաստաբանի՝ ԵՄ-ն, որը ջանք չի խնայում դատական եւ իրաւական համակարգը բարեփոխելու համար, պէտք է հակառակ կողմից էլ տեսնի, թէ ինչ է կատարւում։
Բաբաեանը նաեւ յայտնեց, որ յունւարի 22-ին տեսակցել է «Հայրենիք» կուսակցութեան գլխաւոր քարտուղար Խաչիկ Գալստեանին։
«Չկայ որեւէ տւեալ, փաստ, որը հիմնաւոր կասկածի նւազ շեմով կարող էր նման լինել հանցագործութիւն կատարելու դէպքին։ Գալստեանին կալանքի տակ պահելու որեւէ հիմք գոյութիւն չունի՝ սկսած իր կենսագրութիւնից, անցած ուղուց։ Չնայած մենք համաձայն չենք, որովհետեւ հիմնաւոր կասկածի շեմը յաղթահարւած չէ, բայց նոյնիսկ այդ դէպքում էլ այլընտրանքային խափանման միջոցներ կարելի էր կիրառել»,- ասաց Բաբաեանը։
Նա շեշտեց՝ սա խօսում է իշխանութիւնների կողմից քաղաքական ու հանրային գործիչների, ինչպէս նաեւ ընդդիմադիր կեցւածքով անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումների մոլուցքի մասին։ Բաբաեանը վստահ է՝ սա արւում է, որպէսզի ընտրութիւններից առաջ վախի մթնոլորտ ստեղծւի ու բոլորը մտածեն՝ իշխանութիւններին հակառակ կարծիք արտայայտելու դէպքում կբանտարկւեն։
Յիշեցնենք, որ Խաչիկ Գալստեանը մեղադրւում է Վաղարշապատի ընտրութիւններում ընտրակաշառք բաժանելու մէջ։ Գալստեանը ձերբակալւել է դեկտեմբերի 29-ի լոյս 30-ի գիշերը, կալանաւորւել դեկտեմբերի 30-ին՝ 2 ամսով։
Sputnik Armenia



