Դիւանագիտութեան փոխարէն երեկոյթներ. Ինչու է Դաւոսը նմանւել լողափնեայ փառատօնի

2026 թւականի Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը աւանդաբար համարւում է համաշխարհային առաջնորդների ամենաանձնական եւ ազդեցիկ հաւաքոյթներից մէկը, այս տարի աւելի ու աւելի է նմանւում Մայամիի «Արտ Բազել»-ին՝ ոչ թէ համաժողով, այլ մեծամասշտաբ հասարակական միջոցառում, հաղորդում է «Նիւ Յօրք Փոստ»-ը։
Մինչ հիմնական ելոյթներն ու քննարկումները շարունակում են ուշադրութիւն գրաւել, Դաւոսը աւելի ու աւելի է կենտրոնանում հազարաւոր հյոիւրերի մասնակցութեամբ երեկոյթների, կոկտէյլների եւ փակ միջոցառումների վրայ, այլ ոչ թէ տնտեսութեան եւ դիւանագիտութեան։ «Սա այլեւս համաժողով չէ, սա երեկոյթ է», – խոստովանել է ֆորումի մշտական մասնակիցներից մէկը, որը Դաւոս է այցելում աէելի քան մէկ տասնամեակ։ «Ես կարոօտում եմ այն օրերը, երբ հրապարակայնութիւնը քիչ էր»։
Հարցազրոյց տւած անձանց խօսքով՝ փոփոխութեան հիմնական պատճառը տեխնոլոգիական հսկաների աճող ծախսերն են։ Meta, Anthropic եւ Palantir ընկերութիւնները կազմակերպում են շքեղ մասնաւոր ընթրիքներ, կոկտէյլ երեկոյթներ եւ շալեներում ընդունելութիւններ, որոնք ստւերում են ֆորումի պաշտօնական ծրագիրը։ Մասնակիցներից շատերը խոստովանել են, որ այս տարի նրանք աւելի շատ ժամանակ էին անցկացնում ոչ թէ քննարկումներում, այլ փնտրում էին հրաւէրներ ամենաքննարկւող միջոցառումներին, որոնց մասնակցում էին բարձրաստիճան ղեկավարներ եւ համաշխարհային առաջնորդներ։ Միջոցառումը բարդացել է նաեւ անվտանգութեան ուժեղացմամբ, յատկապէս Թրամփի վարչակազմի պաշտօնեաների Դաւոսում յայտնւելուց յետոյ։ Սա, մասնակիցների խօսքով, ստեղծել է լրացուցիչ խցանումներ, հերթեր եւ քաոս, եւ մթնոլորտը դարձել է աւելի «հանրային»։
«Այժմ այնքան շատ անվտանգութիւն եւ խցանում կայ, եւ ես միշտ քաղցած եմ», – բողոքել է հիւրերից մէկը։
Ֆորումը մնում է փակ միջոցառում. մասնակիցների մեծ մասը Համաշխարհային տնտեսական ֆորումի անդամներ են, եւ անդամակցութեան արժէքը սկսւում է տարեկան 75,000 դոլարից, որը գերազանցում է 700,000 դոլարը ռազմավարական գործընկերների համար։ Այնուամենայնիւ, նոյնիսկ սա չի խանգարում Դաւոսին դառնալ ձմեռային սեզոնի ամենաթանկ երեկոյթը
News.am



