Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սուրէն Սուրէնեանց. «Երբ իշխանութիւնը պատերազմ է յայտարարում Եկեղեցուն, այն փաստացի պատերազմ է յայտարարում սեփական պատմական յիշողութեանը»

Պատերազմ Եկեղեցու դէմ. իշխանութեան ինստիտուցիոնալ յարձակումը, այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Սուրէն Սուրէնեանցը։

«Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացներն այլեւս հնարաւոր չէ մեկնաբանել իրաւական վէճերի, կարգապահական խնդիրների կամ առանձին պաշտօնեաների վարքագծի շրջանակում։

Գործ ունենք համակարգային, հետեւողական եւ նպատակային գործողութիւնների հետ, որոնք իրենց էութեամբ իշխանութեան կողմից յայտարարւած պատերազմ են Եկեղեցուն՝ որպէս ազգային, հոգեւոր եւ ինստիտուցիոնալ ինքնութիւն կրող կառոյցի։

Մայր Աթոռի վեց եպիսկոպոսների եւ մէկ քահանայի նկատմամբ քրէական մեղադրանքների առաջադրումը՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու կեղծ հիմնաւորմամբ, այն պարագայում, երբ խօսքը վերաբերում է եկեղեցու ներքին կանոնական յարաբերութիւններին, փաստացի նշանակում է Եկեղեցու ինքնավար իրաւակարգի քրէականացում։ Պետութիւնը բացայայտօրէն ներխուժում է Եկեղեցու ներքին կառավարման դաշտ՝ ուժային եւ դատական մեխանիզմներով պարտադրելով սեփական քաղաքական կամքը։

Մասիացոտնի թեմի նախկին առաջնորդի հարցը վերածւել է պատրւակի՝ եկեղեցական ամբողջ հիերարխիան թիրախաւորելու համար։ Երբ քրէական հետապնդման են ենթարկւում եպիսկոպոսներ՝ Կաթողիկոսի տնօրինութիւններին կամ Եպիսկոպոսաց ժողովի որոշումներին հաւատարիմ մնալու համար, գործընթացը կորցնում է իրաւական որեւէ տրամաբանութիւն։ Սա ուղիղ ուղերձ է Եկեղեցուն․ ենթարկւել կամ յայտնւել քրէական ճնշման տակ։

Տրամաբանական է ենթադրել, որ այս շղթան կարող է հասնել մինչեւ Վեհափառ Հայրապետին՝ ամբողջ եպիսկոպոսաց դասը վերածելով քրէական պատասխանատւութեան ենթակայ թիրախի։

Զուգահեռաբար կիրառւում են վարչական եւ քաղաքական պատժիչ մեխանիզմներ։ Բանակում գնդերէցների ծառայութեան դադարեցումը չի կարող ընկալւել որպէս տեխնիկական կամ կազմակերպչական քայլ։ Դա բացայայտ ճնշման գործիք է, որով իշխանութիւնը ցոյց է տալիս իր պատրաստակամութիւնը մէկ ակնթարթում Եկեղեցին դուրս մղել պետական եւ հանրային կարեւոր համակարգերից՝ այն օգտագործելով որպէս քաղաքական շանտաժի միջոց։

Պատահական չէ նաեւ ճնշումների սաստկացումը Եպիսկոպոսաց ժողովի անցկացման նախաշեմին։ Սա վկայում է, որ իշխանութեան իրական նպատակը ոչ միայն առանձին հոգեւորականների լռեցումն է, այլ Եկեղեցու հաւաքական կամքի ձեւաւորման կանխումը։ Իշխանութիւնը վախենում է ոչ թէ անհատներից, այլ կազմակերպւած, ինքնավար եւ ինստիտուցիոնալ Եկեղեցուց, որը կարող է հանդէս գալ որպէս անկախ սուբիեկտ։

Անհրաժեշտ է յստակ արձանագրել, որ տեղի ունեցողը կոպտօրէն խախտում է ՀՀ Սահմանադրութեան 17-րդ յօդւածը, որով ամրագրւած է պետութիւն-եկեղեցի անջատման հիմնարար սկզբունքը։ Սակայն խնդիրը միայն սահմանադրական խախտման մէջ չէ։ Պետական իշխանութիւնը փաստացի հանդէս է գալիս որպէս քաղաքական սուբիեկտ, որը Եկեղեցին դիտարկում է ոչ թէ որպէս ինքնավար ինստիտուտ, այլ որպէս վերահսկման ենթակայ թիրախ։

Երբ իշխանութիւնը պատերազմ է յայտարարում Եկեղեցուն, այն փաստացի պատերազմ է յայտարարում սեփական պատմական յիշողութեանը, ազգային ինքնութեանը եւ հասարակութեան ներսում վերջին ինքնավար ինստիտուտներից մէկին։ Վտանգւած են սահմանադրական կարգը եւ հանրային համերաշխութիւնը»,-գրել է նա։

168.am

Related Articles

Back to top button