Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշաւ է սկսել

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկայ տարածաշրջանային այցին ընդառաջ, յանձնախմբի համապատասխան էլեկտրոնային հարթակով սկսել է ամերիկահայութեան համայնքային մոբիլիզացիա։ Մասնաւորապէս, հետեւեալ յղմամբ ամերիկահայութեանն առաջարկւում է Վենսի գրասենեակ ուղարկել նամակ, որում մասնաւորապէս ասւած է.
Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝
- Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնւող հայ գերիների հետ եւ հրապարակայնօրէն պահանջել նրանց անյապաղ եւ անվերապահ ազատ արձակում։ Հայաստանում գտնւելու ընթացքում հանդիպել վերջերս ազատ արձակւած հայ գերիներին, նրանց իրաւական ներկայացուցիչներին եւ դեռեւս կալանքի տակ գտնւողների ընտանիքներին։
- Հանդիպել Հայաստանում տեղահանւած արցախահայութեան ներկայացուցիչների հետ եւ հրապարակայնօրէն աջակցել արցախահայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու հիմնարար իրաւունքին։
- Կոչ անել Ադրբեջանին անյապաղ եւ անվերապահ դուրս բերել իր զինւած ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։
- Կոչ անել Ադրբեջանին դադարեցնել Արցախի հազարամեակների հայկական քրիստոնէական մշակութային ժառանգութեան եւ քաղաքացիական սեփականութեան պղծումն ու ոչնչացումը։
Ձեր ձայնը կարող է վճռորոշ նշանակութիւն ունենալ։
Ակնկալւում է, որ այս համակարգով փոխնախագահ Վենսի գրասենեակը կարող է ամերիկահայերի մի քանի տասնեակ հազար նամակներ ստանել։
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
6 փետրւար 2026 թ.



