Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ մղում Հայաստանի միացումը «թուրքական աշխարհին»

Վերջին ամիսներին ամերիկեան ազդեցիկ մտքի կենտրոնները, մասնաւորապէս «Ատլանտեան խորհուրդ»-ը եւ ենթակայ «Եւրասիա կենտրոն»-ը, բազմիցս առաջ են քաշել Հայաստանի՝ «թուրքական աշխարհին» ինտեգրւելու գաղափարը։ Այս նախաձեռնութիւնը ներկայացւում է իբրեւ տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային կայունութեան հնարաւորութիւն, սակայն շարք մը վերլուծաբաններ այն կը դիտարկեն որպէս ծրագիր՝ ուղղւած Հայաստանի անկախ ինքնութեան, քաղաքակրթական դիմագծի եւ ինքնիշխանութեան աստիճանական քայքայմանը։
Իրանցի փորձագէտ՝ քաղաքագէտ դոկտ. Մովահեդիանն անդրադառնալով այս խնդրին, իր տելեգրամեան ալիքում նշել է.
«Ամերիկեան այս շրջանակներում Հայաստանը եւ Տաջիկստանը բնութագրւում են որպէս Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի «ամենաքիչ փոփոխւած» երկրներ, որոնք պէտք է միանան Թուրքական պետութիւնների կազմակերպութեանը։ Ըստ այդ աշխարհաքաղաքական տրամաբանութեան՝ Հարաւային Կովկասն ու Կենտրոնական Ասիան պէտք է դիտարկւեն որպէս մէկ միասնական ռազմավարական տարածք, որտեղ ԱՄՆ-ը փորձում է սահմանափակել Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցութիւնը՝ ապաւինելով թուրքական գործօնին։
«Հատսըն» ինստիտուտի հետազօտող Լուք Քաֆին իր հրապարակումներում բացայայտ կերպով շեշտել է Թուրքական պետութիւնների կազմակերպութեան նշանակութիւնը՝ որպէս Վաշինգտոնի ռազմավարական գործիք։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ը պէտք է ուղղակի համագործակցութիւն հաստատի այս կառոյցի հետ եւ ներգրաււի այն առաջնորդելու գործում: Այս համատեքստում Հայաստանը ներկայացւում է ոչ թէ որպէս ինքնուրոյն դերակատար, այլ որպէս տարանցիկ օղակ՝ Թուրքիա–Կենտրոնական Ասիա անխափան կապն ապահովելու համար։
Յօդւածում առանձնայատուկ տեղ է զբաղեցնում «Թրամփի միջանցք» նախագիծը, որ պէտք է ապահովի Բաքու–Երեւան ուղղակի տարանցիկ հաղորդակցութիւն։ Քննադատների կարծիքով՝ այս նախագիծը կը խորացնի Հայաստանի տնտեսական կախւածութիւնը եւ կը սահմանափակի պետական ինքնիշխանութիւնը, քանի որ կառավարման հիմնական լծակները յատնւելու են արտաքին ուժերի ձեռքին։
Որպէս «փափուկ ուժի» գործիք դիտարկւում է նաեւ Բաքւից աւելի էժան վառելիքի մատակարարումը Հայաստան, որը նպատակ ունի ձեւաւորել տնտեսական կախւածութիւն եւ հասարակական հոգեբանական յարմարւողականութիւն։ Այս գործընթացը ներկայացւում է որպէս Հայաստանի աստիճանական «մարսում» թուրքական տնտեսական եւ քաղաքական համակարգի մէջ։
Առանձնայատուկ շեշտ է դրւում նաեւ 2026 թւականի խորհրդարանական ընտրութիւնների վրայ, որոնք կարող են վերածւել ոչ միայն քաղաքական, այլեւ քաղաքակրթական հանգրւանի։ Ըստ վերլուծութեան՝ այդ ընտրութիւնները կարող են օգտագործւել արտաքին դերակատարների կողմից՝ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղութիւնը վերջնականապէս փոխելու համար։
Եզրափակելով՝ ընդգծւում է, որ Հայաստանը կանգնած է հիմնարար ընտրութեան առջեւ՝ ժամանակաւոր տնտեսական խոստումների եւ ազգային ինքնութեան պահպանման միջեւ։ Անկախութիւնը չի կարող փոխարինւել արտաքին երաշխիքներով, իսկ ինքնիշխանութիւնն ու քաղաքակրթական ինքնութիւնը զիջող պետութիւնը վտանգում է իր ապագան։



