Լարիջանի. «Զրօ հարստացում»-ն անիրատեսական է

«ԱԼԻՔ» – Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին յայտարարել է, որ Թեհրանը պատերազմ չի ցանկանում, սակայն սպառնալիքի դիմաց նահանջողը չէ եւ քայլում է բանակցութեան ու պաշտպանական զսպման համադրութեան իրաւունքի ուղղութեամբ:
«Թասնիմ»-ի հաղորդմամբ՝ Լարիջանին «Ալջազիրա»-ի հետ զրոյցի ժամանակ նշել է, որ Իրանը պատրաստ է արդար ու բանական միջուկային բանակցութիւնների՝ ազգային շահերի հիման վրայ։
Նա ընդգծել է, որ Մասղաթում տեղի ունեցած վերջին հանդիպումները միայն տեսակէտների փոխանակման նպատակով էին, որոնք տեղի են ունեցել բանաւոր փոխանցումների միջոցով:
Լարիջանին շեշտել է, որ «զրօ հարստացում»-ի պահանջը անիրատեսական է, իսկ հրթիռային ծրագիրը բանակցելի չէ՝ նկատի ունենալով ազգային անվտանգութեան եւ զսպման դերակատարութիւնը։
Նա նաեւ յայտարարել է, որ Իրանը NPT-ի շրջանակներում շարունակելու է համագործակցութիւնը Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ։
Եզրափակելով զրոյցը Լարիջանին ընգծել է. «Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց սպառնալիքի դիմաց զիջումների չի գնայ»։



