Ջարեդ Գենսեր. «Ռուբէն Վարդանեանի միակ «յանցագործութիւնը» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնն էր»

Ռուբէն Վարդանեանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրւած խոստումը եւ ապահովել բոլոր հայ գերիների ազատ արձակումը:
Այս մասին հաղորդում է Yereva.today-ը:
Նա գրել է. «Բաքւի ռազմական դատարանի կողմից Ռուբէն Վարդանեանին կեղծ մեղադրանքներով 20 տարւայ ազատազրկման դատապարտելը պարզապէս արդարադատութեան ծաղր է:
Յարգւած գործարար եւ բարերար Ռուբէն Վարդանեանի միակ «յանցագործութիւնը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնեայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնն էր, մարդկանց, որոնցից մօտ 120,000-ը վտարւեցին Հայաստան՝ դառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնած էթնիկ զտման զոհերը։ Դատավարութիւնն ինքնին ամբողջութեամբ կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։
Դատաքննութիւնը նաեւ գաղտնի է անցկացւել, դատավարական բազմաթիւ ընթացակարգերի խախտումներով, ինչպիսիք են փաստաբանի հետ կապւելու բազմաթիւ մերժումները, դատարանի կողմից տասնեակ միջնորդութիւնների պարզապէս անտեսումը, որոնք, ի դէպ, հէնց ադրբեջանական օրէնսդրութեամբ պէտք է դիտարկւեն մի քանի օրւայ ընթացքում։
Բացի այդ, դատակոչւած «վկաների» բառացիօրէն բոլոր այսպէս կոչւած «ապացոյցներն» ասեկոսեներ էին, հետեւաբար՝ անօրինական էր դրանք ապացոյց դիտարկելը: Իւրաքանչիւր վկայ պնդում էր, որ ինքը կամ իր ընտանիքի անդամները տուժել են հայկական զինւորականների կամ զինւած այլ խմբաւորումների յարձակումներից, բայց Ռուբէն Վարդանեանին այդ ամէնի հետ կապող «ապացոյցն» Ադրբեջանի պետական լրատւամիջոցներից նրա մեղաւորութեան մասին լսելն էր։ Դա ապացոյց չէ։ Հետեւաբար, Ռուբէն Վարդանեանի դատավճիռը խախտում է ե՛ւ միջազգային, ե՛ւ ադրբեջանական օրէնքները, ու նա պէտք է անյապաղ եւ անվերապահ ազատ արձակւի միւս 19 հայ քրիստոնեայ քաղբանտարկեալների եւ ռազմագերիների հետ։
Ես կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրւած խոստումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին եւ ապահովել նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիեւից, որպէսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան»։



