Երկու հայ պաշտօնեաներ վատնում են հարկատուների գումարները Լոս Անջելէս կատարած անօգուտ ուղեւորութեան վրայ

Հայաստանում տիրող աղէտալի իրավիճակը բարելաւելու եւ հայրենիքի անվտանգութիւնն ամրապնդելու փոխարէն վարչապետ Նիկոլ Փաշինեանը զբաղւած է հայկական Սփիւռքը հեռացնելու գործով։
Անցած շաբաթ Փաշինեանն իր երկու բարձրաստիճան պաշտօնեաներին՝ գլխաւոր խորհրդական եւ ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին եւ աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանին ուղարկեց Լոս Անջելէս՝ իբր «հակազդելու ապատեղեկատւութեանը», որ տարածում են Միացեալ Նահանգներում ապրող հայերը։ «Ապատեղեկատւութեանը» հակազդելու փոխարէն, իրականում նրանք էին տարածում «ապատեղեկատւութիւն» Հայաստանի ներկայ վիճակի մասին: Նրանք ոչ միայն վատնեցին իրենց ժամանակը, այլեւ, աւելի կարեւորը՝ վատնեցին հայ հարկատուների գումարները:
Ահա այն սխալներից մի քանիսը, որոնք այս երկուսը թոյլ տւեցին իրենց այցի ընթացքում.
1) Փետրւարի 18-ին նրանք ելոյթ ունեցան Գլենդէլում Լոս Անջելէսի Իրանահայ միութիւնում փոքրաթիւ հայերի առաջ։ Քանի որ նրանց ժամանման մասին որեւէ յայտարարութիւն չէր արւել, համայնքից գրեթէ ոչ ոք տեղեակ չէր, որ նրանք քաղաքում են։ Հայկական լրատւամիջոցներում նոյնպէս որեւէ ծանուցում չկար նրանց ներկայութեան մասին։ Եթէ նրանք թաքցրել են իրենց այցի մասին տեղեկութիւնը՝ վախենալով բողոքներից կամ քննադատութիւնից, ապա ընդհանրապէս չպէտք է գային։ Նրանց կասկածամտութեան նշան էր այն, որ հրաւիրել էին միայն մի քանի կողմնակիցների եւ մուտքի մօտ կանգնեցրել երկու հոգու՝ համոզւելու համար, որ անցանկալի հիւրեր չեն յայտնւի։
2) Եթէ նրանց նպատակը հակահայաստանեան «ապատեղեկատւական արշաւին» հակազդելն էր, ապա՝
ա) Ինչո՞ւ նրանք իրենց հանդիպումը չէին կազմակերպել շատ աւելի մեծ դահլիճում, որպէսզի նրանց ուղերձը լսելի դառնար հազարաւոր տեղացի հայերի համար, այլ ոչ թէ ընդամէնը հարիւրի։ Ապշեցուցիչ է, բայց ինձ ասացին, որ հանդիպմանը չէր մասնակցում նոյնիսկ Հայաստանի տեղի գլխաւոր հիւպատոսը։
բ) Հարց է առաջանում, թէ ինչո՞ւ նրանք չէին հրաւիրել լրատւամիջոցներին իրենց ճեպազրոյցին։
գ) Ինչո՞ւ նրանք չէին կազմակերպել մամուլի ասուլիս հայկական լրատւամիջոցների հետ՝ իրենց ուղերձը համայնքին հասցնելու համար։ Եթէ նրանք չեն կարող առերեսւել հայկական լրատւամիջոցներին, ապա ինչպէ՞ս կարող են դիմակայել Հայաստանի իսկական հակառակորդներին։
դ) 2025 թւականի ապրիլի 1-ին Հայաստանը վարձել էր ամերիկեան Mercury Public Affairs լաբբիստական ընկերութիւնը՝ ամսական 50 հազար դոլար վճարով: Այդ ժամանակւայ դեսպան Մակունցի ստորագրած պայմանագրում նշւած էր, որ Mercury-ն պէտք է Հայաստանին տրամադրէր «ռազմավարական հաղորդակցութեան եւ մեդիա յարաբերութիւնների ծառայութիւններ»: Ինչո՞ւ Հայաստանը պէտք է վճարի մասնագիտական ընկերութեանը ամսական 50 հազար դոլարի չափ մեծ գումար եւ չօգտւի նրա ծառայութիւններից: Mercury-ն հեշտութեամբ կարող էր կազմակերպել մամուլի ասուլիս թէ՛ ամերիկեան, թէ՛ հայկական լրատւամիջոցների համար, ինչպէս նաեւ հանդիպումներ պետական պաշտօնեաների եւ հայկական ու ամերիկեան կազմակերպութիւնների ղեկավարների հետ:
ե) Մէկ այլ սխալ, որ Մակունցն ու Յարութիւնեանը թոյլ տւեցին, այն էր, որ իրենց ամերիկեան այցի ծրագրից դուրս թողեցին Զարեհ Սինանեանին, այսպէս կոչւած ՀՀ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարին, որը պէտք է պատասխանատու լինի Հայաստանի եւ Սփիւռքի յարաբերութիւնների համար։ Եթէ Զարեհը որեւէ սկզբունքայնութիւն ունենար, նա նոյն օրը պէտք է հրաժարական տար։ Սակայն իրական մեղքը Փաշինեանինն է, որը երկիրը կառավարելու փորձ չունի։ Հակառակ դէպքում նա չէր նշանակի Զարեհի նման անփորձ անձի։ Ցաւօք, անձեռնհաս վարչապետը նշանակում է նոյնքան անձեռնհաս պաշտօնեաներ։ Բացի այդ, Փաշինեանը Մակունցին նշանակեց ԱՄՆ-ում դեսպան, չնայած վերջինս չունէր նման կարեւոր մայրաքաղաքում դեսպան լինելու անհրաժեշտ փորձ։ Նա չորս տարի որպէս դեսպան ծառայեց Վաշինգտոնում՝ հազւադէպ հանդիպելով պետական պաշտօնեաների հետ։ Նրան աշխատանքից ազատելու փոխարէն՝ Փաշինեանը պարգեւատրեց նրան՝ նշանակելով վարչապետի գլխաւոր խորհրդական։ Սա այն դէպքն է, որ կոյրն առաջնորդում է կոյրին։ Նրա միակ յիշարժան ձեռքբերումը Փաշինեանին որոշ չափով անգլերէն սովորեցնելն էր։
զ) Ցաւօք, ո՛չ Մակունցը, ո՛չ էլ որեւէ այլ հայ պաշտօնեայ ոչ մի խօսք չասացին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջէյ Դի Վենսի կողմից երկու շաբաթ առաջ Երեւանում Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր այցելելուց յետոյ իր թւիթերեան գրառումից Հայոց Ցեղասպանութեան եզրոյթը հեռացնելու մասին: Անցած շաբաթ, երբ FOX-TV-ն խնդրեց Մակունցին մեկնաբանել Վենսի այդ վիրաւորական քայլը, նա «մերժեց մեկնաբանել»: Աւելին, նա Թուրքիան ներկայացրեց որպէս մի երկիր, որի հետ «մենք ունեցել ենք շատ դժւարին պատմութիւն…»:
Անցած շաբաթ ես տեղեկացայ աւելի տարօրինակ մի իրավիճակի մասին. վարչապետի զուգընկերուհի Աննա Յակոբեանը Կատարից Լոս Անջելէսով մեկնեց Ֆորտ Ուորթ, Տեխաս, այցելեց բուդդայական վանականների Huong Dao Vipassana Bhavana կենտրոնը: Ֆէյսբուքում հրապարակւած տեսանիւթում նա արցունքն աչքերին խօսել է՝ համեմատելով բուդդայական վանականների 2500 մղոնանոց «Խաղաղութեան քայլարշաւը» Միացեալ Նահանգներով մէկ Փաշինեանի 2018 թւականին Գիւմրիից Երեւան կատարած քայլերթի հետ: Նա նաեւ տեսանիւթ է հրապարակել, որտեղ քայլում է «Խաղաղութեան շուն Ալոկայի» հետ, որն ուղեկցել է վանականներին, ինչպէս որ, իր խօսքով, Չալօ անունով հայկական շունը ուղեկցել էր Փաշինեանին նրա յայտնի քայլերթի ընթացքում:
Անցած շաբաթ Աննա Յակոբեանը ֆէյսբուքում նաեւ հրապարակեց տարօրինակ մեկնաբանութիւն՝ «Վարչապետ Փաշինեանի եւ իմ քաղաքացիական ամուսնութիւնն աւարտւել է»։ Որոշ մարդիկ այս հաղորդագրութիւնը մեկնաբանեցին որպէս բաժանման յայտարարութիւն, իսկ միւսները կարծեցին, թէ զոյգը վերջապէս որեւէ արարողութեամբ ամուսնացել է՝ տասնամեակներ միասին ապրելուց եւ չորս երեխաներ ունենալուց յետոյ։ Մէկ տարի առաջ Փաշինեանը ֆէյսբուքում յայտարարել էր, որ ինքը եւ Աննան չունեն ո՛չ եկեղեցական, ո՛չ էլ քաղաքացիական ամուսնութիւն։ Երջանկութիւն եմ մաղթում նորապսակներին։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



