
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Արաղչին ընդգծել է, որ ոչ մի սահմանափակութիւն չի տեսնում ինքնապաշտպանութեան հարցում։
«Թասնիմ»-ի համաձայն, Սէյէդ Աբբաս Արաղչին «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում նշել է. «Գերագոյն առաջնորդի դէմ ահաբեկչական գործողութեան իրականացումը բարդացնում է համաձայնութեան մասին ենթադրութիւններ անելը։ Այս յանցաւոր գործողութիւնը չափազանց վտանգաւոր է, աննախադէպ է եւ միջազգային իրաւունքի լուրջ խախտում է»։
«Մենք օրինական գործընթաց ենք սկսել, եւ այսօր կազմաւորւել է Գերագոյն առաջնորդի պարտաւորութիւնների անցումային խորհուրդը, որն արդէն իսկ սկսել է կառավարման աշխատանքները։ Իրավիճակը լիովին վերահսկելի է, եւ ամէն բան ընդանում է օրէնքի սահմաններում»։
ԱԳ նախարարն ընդգծել է. «Ես չեմ տեսնում ոչ մի սահմանափակութիւն ինքնապաշտպանութեան հարցում։ Մեր կապերը Պարսից Ծոցի ափամերձ երկրների հետ լաւ են։ Իսկ մեր իրականացրած յարձակումները մեր հարեւանների դէմ չեն. դրանք այդ երկրներում ԱՄՆ-ի համար հենակէտ հանդիսացող բազաների դէմ են։ Տարածաշրջանում մենք մեր յարձակումներն իրականացնում ենք ԱՄՆ ռազմական բազաների վրայ, ինչը նախկինի պէս նրանց ստիպելու է դուրս բերել զօրքերը տարածաշրջանից։
Արաղչին յաւելել է. «Ես մշտապէս կապի մէջ եմ տարածաշրջանային գործընկերների հետ եւ բացատրել եմ իրավիճակի մասին։ Գիտեմ, որ գուցէ որոշները դժգոհ են, իսկ ոմանք՝ զայրացած։ Սակայն նրանք պէտք է հասկանան, որ սա պատերազմ է, որը մեզ պարտադրւել է։ Այս պատերազմը ԱՄՆ-ի եւ Իսրայէլի յանցաւոր գործողութեան արդիւնք է, եւ այդպէս մենք Պարսից Ծոցում ճնշում ենք գործադրում նրանց վրայ։ Սա նաեւ պատճառ կը դառնայ՝ հարեւաններն իրենց դժգոհութիւնը փոխանցեն նրանց»-, զրոյցը եզրափակելով նշել է Արաղչին։



