
«ԱԼԻՔ» – Այսօր կէսօրին Թեհրանը կրկին դարձաւ օդային յարձակումների թիրախ։ Մայրաքաղաքի արեւմտեան, արեւելեան եւ կենտրոնական հատւածներում մի քանի ժամ շարունակ պայթիւնների ձայներ են հնչել։
ԻՍՆԱ-ի համաձայն, այդ պայթիւնների ընթացքում լսւել են նաեւ հակաօդային պաշտպանութեան կրակոցի ձայնը։
Միեւնոյն ժամանակ Իրանի ԶՈՒ-ի հրթիռազէնիթային ստորաբաժանումների պատասխան գործողութիւնների թիրախ են դարձել՝ ԱՄՆ-ի եւ Սիոնիստական ռեժիմի բազաները, որոնց գտնւելու վայրերում չի դադարում տագնապի ազդանշանների ձայնը։
Ազդանշանները շարունակաբար հնչում են Թել Աւիւում, Ղոդսում (Երուսաղէմ), Հայֆայում, Գուլանում եւ Արեւմտեան ափում։
Արաբական լրատւամիջոցների համաձայն, յաջորդական պայթիւնների ալիքը ցնցել է Թել Աւիւը եւ կենտրոնական շրջանները։ Դաշտային աղբիւրները յայտնում են Թել Աւիւում տասնեակ պայթիւնների մասին, որոնք Իրանի յարձակումների նոր ալիքի սկզբին զուգընթաց՝ կտրուկ լարել են Սիոնիստական ռեժիմի բնակչութեանը։
Սիոնիստական ռեժիմի Ներքին ճակատների հրամանատարութիւնը յայտարարել է, որ նոյնիսկ հեռաւոր շրջան համարւող Վադի Արաբայի քաղաքում տագնապի ազդանշան է հնչեցւել։
Թել Աւիւի քաղաքապետը խոստովանել է, որ այդ քաղաքում առնւազն 200 շէնք է աւերւել. խոստովանութիւն, որը ցոյց է տալիս, որ վնասի չափը գերազանցել է սկզբնական գնահատականները, եւ օկուպացւած տարածքների կենտրոնում քաղաքային ենթակառուցւածքները լուրջ վնասներ են կրել։ Եբրայական ԶԼՄ-ները նոյնպէս խօսում են «տապալւած անվտանգութեան» եւ «յարձակումների աննախադէպ ծաւալի» մասին, իսկ որոշ սիոնիստ վերլուծաբաններ խոստովանել են, որ Իրանի հրթիռակոծութիւնների հերթազարկի ծաւալն ու արագութիւնն այնքան շատ է, որ ազդանշանները ոչ մի ակնթարթ չեն դադարել։



