Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայ փաստաբանները Հանրապետութեան հրապարակում գորշ գայլերի նշանը ցոյց տալու համար թուրք գործիչ Ուգիւր Գուզելի դէմ հաղորդում են ներկայացել

Փաստաբան Աբգար Պօղոսեանը գրում է.

«Ես եւ գործընկերս՝ փաստաբան Վարդուհի Սարգսեանը, հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայում գրանցւած եւ գործող «Հայրենիք» կուսակցութեան փոխնախագահ Ուգիւր Գուզելի դէմ։

Նշւած քաղաքական գործիչը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրւայ՝ 111-րդ տարելիցին, իր պաշտօնական թւիթերեան էջում հրապարակել է ՀՀ մայրաքաղաքում՝ Հանրապետութեան հրապարակում, արւած լուսանկար, որում բացայայտ կերպով ցուցադրել է «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբաւորման նշանը։

«Գորշ գայլեր» կազմակերպութիւնը աշխարհի տարբեր երկրներում ճանաչւած է որպէս ահաբեկչական խմբաւորում, որը հայերին դիտարկում է որպէս թուրքերի թշնամի եւ իրականացնում է հակահայկական գործողութիւններ՝ ներառեալ հայկական մշակութային արժէքների ոչնչացումն ու պղծումը։

Կարծում ենք, որ տւեալ քաղաքական գործչի արարքը, հաշւի առնելով նրա լայն լսարանը ինչպէս Թուրքիայում, այնպէս էլ դրա սահմաններից դուրս, ոչ միայն անարգանք է հայ ժողովրդի կրած տառապանքների նկատմամբ, այլեւ պարունակում է քրէօրէն պատժելի արարքի յատկանիշներ։ Մասնաւորապէս, այն կարող է համապատասխանել ՀՀ քրէական օրէնսգրքի 136-րդ յօդւածի 2-րդ մասի 1-ին կէտով եւ 329-րդ յօդւածի 2-րդ մասի 3-րդ կէտով նախատեսւած յանցակազմերին։

Թէեւ քիչ հաւանական ենք համարում, որ տւեալ անձը կենթարկւի քրէական պատասխանատւութեան, այնուամենայնիւ վարոյթի նախաձեռնման դէպքում այն կարող է ունենալ կանխարգելիչ եւ զսպող նշանակութիւն։ Մասնաւորապէս, այն կարող է որոշակիօրէն զսպել նմանատիպ վարքագծի դրսեւորումները՝ յատկապէս այն օտարերկրեայ քաղաքացիների, որոնք ապագայում միտք ունեն այցելել Հայաստանի Հանրապետութիւն»։

 

 

«Գորշ գայլեր» խմբաւորման խորհրդանիշերով անձանց հնարաւոր ներկայութիւնը Երեւանում հանրային քննարկումների առիթ է դարձել

Հայաստանեան լրատւամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուսանկար է տարածւում, որտեղ պատկերւած են անձինք, որոնք, ըստ հրապարակումների, Երեւանում Նիկոլ Փաշինեանի եւ իր թիմակիցների նշած՝ «Քաղաքացու օրւայ» միջոցառումների ժամանակ ցուցադրել են թուրքական ծայրայեղական «Գորշ գայլեր» հայասպան կազմակերպութեան խորհրդանիշը։

Այս լուսանկարի տարածումը հանրային բանավէճի նոր ալիք է բարձրացրել։ Մասնաւորապէս, հասարակական որոշ շրջանակներ քննադատում են այն անձանց եւ ուժերին, որոնք կենտրոնացել են ապրիլի 23-ին երիտասարդների կողմից իրականացւած դրօշի այրման գործողութեան վրայ՝ դա համարելով անընդունելի, սակայն միաժամանակ պատշաճ ուշադրութիւն չեն դարձնում մայրաքաղաքի կենտրոնում նմանատիպ խմբաւորումների ներկայացուցիչների հնարաւոր յայտնւելուն։

Յիշեցում

Լուսանկարն արւել եւ առաջին անգամ հրապարակւել է 2025-ին: Իսկ նոյն հեղինակն այն վերահրապարակել է մէկ տարի անց՝ 2026-ի ապրիլի 24-ի յաջորդ օրւայ X-ում տեղադրած գրառման հետ:

Related Articles

Back to top button