Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Թուրքիան, իհարկէ, որեւէ երկաթուղային ճանապարհ, առաւել եւս՝ սահման, չի բացել Հայաստանի հետ»

Թուրքիան, իհարկէ, որեւէ երկաթուղային ճանապարհ (առաւել եւս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ։ Աւելին՝ չի էլ պատրաստւում նման քայլի, եւ դա ունի շատ հիմնաւոր ու պրագմատիկ պատճառ։ Այս մասին գրել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։

«ԽՍՀՄ փլուզումից եւ Հայաստանի անկախութիւնից ի վեր Թուրքիան մեր երկրի դէմ փաստացի պատերազմում է՝ օգտագործելով պատերազմական փափուկ ուժի գործիք հանդիսացող տնտեսական շրջափակումը։ Սակայն այդ գործիքը ոչ այնքան ծառայում է բուն նպատակին (զուտ տնտեսական տեսանկիւնից դրա արդիւնաւէտութիւնը խիստ կասկածելի է), այլ պաշտօնական Անկարայի կողմից այն օգտագործւում է որպէս քարոզչական ու հոգեբանական գործիք։

Բացատրեմ, թէ ինչպէս է դա աշխատում։

1991 թ. ի վեր մեզ անդադար համոզում են, որ Թուրքիայի հետ սահմանները բացելուց յետոյ մենք տնտեսական բարեկեցութեան մէջ ենք ապրելու՝ այդպիսով Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները բխեցնելով Թուրքիայի կողմից փակւած սահմաններից։ Այս քարոզչական մանիպուլիատիւ թէզը, ցաւօք, շատ ամուր կերպով նստած է հայ հասարակութեան ու նոյնիսկ ազգային էլիտաների պատկերացումներում՝ դիտարկելով Թուրքիայի հետ բաց սահմանը որպէս բացարձակ բարիք՝ առանց դրա իրական, գիտահեն ապացոյցների։ Այս հարցում ամէն բան կառուցւում է կենցաղային տրամաբանութեան վրայ. այս տրամաբանութիւնը սնուցւում է «բաց սահմանը աւելի լաւ է, քան փակը», «21-րդ դարում փակ սահմաններ չկան» եւ այլ անհիմն պնդումներով։

Մինչդեռ այս թէզի քարոզի ու լայն տարածման գլխաւոր շահառուն Թուրքիան է։ Այդ քարոզի տրամաբանութեամբ Թուրքիայի կողմից արւած պատերազմական քայլը դիտարկւում է զուտ տնտեսական եւ մի բան, որ «մեզ շատ է պէտք»։ Ուստի պաշտօնական Անկարան սահմանների բացման հեռանկարը օգտագործում է որպէս խայծ՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Իր արդիւնաւէտութեամբ դա շատ աւելի լաւ գործիք է, քան բուն սահմանը բացելը։

Հէնց սա է պատճառը, որ 2020 թ. պատերզմից յետոյ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնը ամէն օր նոր զիջումներ է անում Թուրքիային ու Ադրբեջանին, բայց սահմանների բացման ու ճանապարհների ապաշրջափակման հարցը չի լուծւում։ Թուրքիան օգտագործում է սահմանների թեման որպէս դիւանագիտական-քաղաքական ճնշման գործիք։ Պատահական չէ, որ արդէն 6 տարի կան միայն հայ-թուրքական անբովանդակ հանդիպումներ, քննարկումներ, բայց չկայ սահմանների բացում։ Այս ամբողջ քարոզչութեան նպատակն է հայ հասարակութեան շրջանում ստեղծել կեղծ պատրանք, որ «հեսա-հեսա բացւելու է սահմանը» եւ «լաւ ենք ապրելու»։ Մինչդեռ դրա դիմաց Թուրքիային արւում են նոր զիջումներ։

Մի՛ տրւէք թուրքական քարոզչութեանը, դա վնաս է ոչ միայն առողջութեանը, այլեւ՝ անվտանգութեանը»,-գրել է նա։ 

Related Articles

Back to top button