Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մանդատները ծառայելու են այս վարչախմբի իշխանազրկմանը եւ նոր որակի ազգային իշխանութեան ձեւաւորմանը․ «Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատները

«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Սիրելի՛ հայրենակիցներ, յարգելի՛ ընտրողներ,

Սահմանադրական դատարանի վճռից յետոյ «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը պայքարի հետագայ ռազմավարութեան վերաբերեալ։

Մենք վերահաստատում ենք մեր գնահատականը. ՍԴ որոշումը չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի լուծում ձեւաւորւող իշխանութեան լեգիտիմութեան հարցը։ Վերարտադրւած վարչախումբը զուրկ է լեգիտիմութիւնից։

Անհրաժեշտ է յստակ արձանագրել. մենք վիճարկում ենք իշխանութեան ներկայացւածութիւնը Ազգային ժողովում եւ կառավարութիւն ձեւաւորելու նրա իրաւունքը, այլ ոչ թէ ընդդիմութեան ստացած ձայները։ Աւելի քան 550 հազար քաղաքացիների՝ ընդդիմութեանը համոզումով տրւած արժանապատիւ քւէն, որը տրւել է յանուն պետութեան փրկութեան, մեզ համար խիստ պարտաւորեցնող է։ Հարկ է յստակ արձանագրել նաեւ, որ իշխող վարչախմբին վերագրւած քւէի օրինականութեան վիճարկումը Սահմանադրական դատարանում միտւած էր այս իրողութեան փաստագրմանը։

Ինչպէս նախապէս յայտարարւել է, մանդատներ ստանձնելու հարցում «Հայաստան» դաշինքն առաջնորդւել եւ առաջնորդւելու է ընդդիմութեան միասնական դիրքորոշում ունենալու հրամայականով եւ պայքարը շարունակելու տրամաբանութեամբ՝ հանրային եւ մասնագիտական շրջանակների հետ նախապէս քննարկելով հաւանական բոլոր սցենարներն ու ռիսկերը։

Մեզ համար պատգամաւորական կարգավիճակը պաշտօն կամ յարմարաւէտութիւն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրաւական ու քաղաքական գործիքակազմ եւ ամենօրեայ հակազդեցութեան հնարաւորութիւն։ Ուստի կարծում ենք՝ առաջիկայ ծանր պայքարում պարտաւոր ենք օգտագործել բոլոր հնարաւոր միջոցները՝ իշխանութեան հակապետական ծրագրերի դէմ պայքարելու համար։ Մանդատը զէնք է, եւ դրանից կամաւոր հրաժարւելը կը լինի անպատասխանատւութիւն մեր պետութեան եւ մեր ընտրողների հանդէպ։

Խորհրդարանում ներկայացւածութիւնը մենք դիտարկում ենք քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան, նրանց խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ առաջարկելու գործիք, որը ծառայելու է հանրութեան եւ միջազգային դերակատարների հետ կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում այլընտրանքային մօտեցումների ներկայացմանը, ինչպէս նաեւ հանրային լայնածաւալ համախմբմանն ու դիմադրութեան կազմակերպմանը։ Ազգային ժողովում մեր բոլոր քայլերը բխելու են ՍԴ դիմած ընդդիմադիր ուժերի համատեղ յայտարարութեան մէջ ամրագրւած հիմնարար օրակարգից․

1․ Հայաստանի Սահմանադրութեան պարտադրւած փոփոխութիւնների կանխում. Խորհրդարանական ողջ գործիքակազմով եւ հանրային մոբիլիզացիայով Մայր օրէնքը փոխելու եւ ՀՀ ինքնիշխանութեանը հարւածելու ցանկացած փորձի հակազդեցութիւն։

2․ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանութիւն. ԱԺ ամբիոնն ու պատգամաւորական լիազօրութիւնները ծառայեցւելու են եկեղեցու եւ ազգային արժէքների դէմ ուղղւած ցանկացած ապօրինի արշաւի դէմ։

3․ Քաղբանտարկեալների եւ ռազմագերիների իրաւունքների պաշտպանութիւն. Հայաստանում եւ միջազգային հարթակներում պատգամաւորական մանդատի օգտագործում՝ քաղաքական հետապնդումների ենթարկւողների, ինչպէս նաեւ Բաքւում պահւող հայ ռազմագերիների իրաւունքների պաշտպանութեան եւ նրանց ազատ արձակման ուղղութեամբ։

4․ Գործող վարչախմբի հեռացում. սա մեր գլխաւոր քաղաքական հրամայականն է։ Խորհրդարանական մանդատները ծառայելու են այս վարչախմբի իշխանազրկմանը եւ նոր որակի ազգային իշխանութեան ձեւաւորմանը։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Ընտրութիւններում քաղաքացիների բարձր մասնակցութեան եւ ընդդիմադիր ուժերին տւած ձայների շնորհիւ յաջողւել է գործող իշխանութեանը զրկել սահմանադրական մեծամասնութիւնից եւ ընդդիմադիր ուժերին շնորհել շատ աւելի լայն գործիքակազմ՝ համազգային դիմադրութեան օրակարգ ձեւաւորելու եւ իշխանափոխութիւն իրականացնելու համար։ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թէ պայքարի աւարտն է, այլ պայքարի նոր, աւելի համակարգւած փուլի սկիզբ։

Գիտակցելով մեր պատասխանատւութիւնը հայրենիքի եւ ընտրողների առջեւ` «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական եւ անկոտրում քաղաքական թիմ, որը, քաղաքական դիմադրութեան առաջնագծում, պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատւութիւնը։

Պայքարը եւ դիմադրութիւնը այլընտրանք չունեն։ Խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ յանուն անվտանգ եւ մրցունակ Հայաստանի։

«ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինք, 6 յուլիսի, 2026 թ․

Related Articles

Back to top button