Ղարիբաբադի. ԱՄՆ-ի վերջին յարձակումներն Իրանի դէմ՝ Իսլամաբադի յուշագրի 1-ին եւ 2-րդ կէտերի լուրջ խախտումներ են

ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին յայտարարել է, որ Միացեալ Նահանգներն Իրանի դէմ իրականացրած յարձակմամբ կոպտօրէն խախտել է Իսլամաբադի յուշագրի 1-ին եւ 2-րդ կէտերը։
Ինչպէս հաղորդում է ԻՍՆԱ-ն, Ղարիբաբադին «X» սոցիալական հարթակում կատարած գրառմամբ նշել է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն, Լիբանանում Իսրայէլի վարչակարգի գործողութիւններին աջակցելով եւ Իրանի հասցէին հնչեցրած սպառնալիքներով, բազմիցս խախտել է նշեալ յուշագրի դրոյթները։
Նա նաեւ զգուշացրել է, որ Իրանը վճռական քայլեր կը ձեռնարկի իր ազգային շահերն ու անվտանգութիւնը պաշտպանելու համար։
Յիշեցնենք, որ երեքշաբթի ամերիկացի պաշտօնեան, արձագանգելով այն պնդումներին, թէ Իրանը յարձակումներ է իրականացրել երեք առեւտրային նաւթատարների դէմ, CNBC-ին յայտնել է, որ ԱՄՆ-ի Օտարերկրեայ միջոցների վերահսկողութեան գրասենեակը (OFAC) պատրաստւում է չեղարկել այն արտօնագիրը, որով մինչեւ օգոստոսի 21-ը թոյլատրւում էր իրանական նաւթի արտադրութիւնը, փոխադրումն ու վաճառքը։
Միեւնոյն ժամանակ, Միացեալ Նահանգների Կենտրոնական հրամանատարութիւն CENTCOM-ը երեքշաբթի ուշ ժամերին յայտարարել է Իրանի հարաւային առափնեայ քաղաքներում գտնւող մի շարք կենտրոնների վրայ հարւածներ հասցնելու մասին։ Իրանական որոշ լրատւամիջոցներ, այդ թւում պետական հեռուստառադիոն, տելեգրամեան ալիքներում հրապարակել են այդ հարւածներին վերաբերող լուրեր եւ պատկերներ։



