Լարւած վիճակ պարսից ծոցում. ԱՄՆ-ի նոր հարւածները եւ Իրանի պատասխանը

Իրանը կը ստիպի ԱՄՆ-ին զղջալ իրանական տարածքի վրայ նոր յարձակումների համար, յայտարարել է Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) մամուլի խօսնակ Հոսէյն Մոհեբին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնների։
Թրամփը նոյնպէս յայտարարել է, որ ԱՄՆ-ը հարւածներ է հասցնում իրանական թիրախներին՝ ի պատասխան Հորմոզի նեղուցում, իր պնդմամբ, Իրանի կողմից ծովային ականներ տեղադրելու փորձի։ Նա միաժամանակ սպառնացել է նոր՝ աւելի լայնածաւալ հարւածներով՝ Իրանի կողմից հակահարւածի դէպքում։
Նոյն կապակցութեամբ Իրանի զինւած ուժերը յայտարարել են, որ սկսւել են ԱՄՆ-ի գործողութիւններին ուղղւած պատասխան քայլերը։ Իրանական աղբիւրների համաձայն՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմակայանների ուղղութեամբ արձակւել են հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Հաղորդւել է նաեւ հրթիռների հերթական համազարկի մասին։
Իրանական աղբիւրները միաժամանակ հաղորդել են Հորմոզգանի նահանգի մի շարք շրջանների եւ ծովափնեայ բնակավայրերի թիրախաւորման, ինչպէս նաեւ Քերմանի նահանգի Ջիրոֆթի քաղաքացիական օդանաւակայանի վրայ ԱՄՆ-ի հարւածի մասին։ Բուշեհրի նահանգի Ասալոյէում եւս պայթիւնների ձայներ են լսւել, իսկ Թեհրանի արեւելեան հատւածում արձանագրւել է հակաօդային պաշտպանութեան համակարգերի ակտիւացում։
Իրանական կողմը նաեւ յայտնել է, որ նոր հակաօդային պաշտպանութեան համակարգով Խոմէյին քաղաքի երկնքում խոցւել է ամերիկեան MQ-9 անօդաչու թռչող սարք։ Իրանի զինւած ուժերի բարձրագոյն հրամանատարութեան անդամ Սարդար Վահիդին նշել է, որ բանակի եւ ԻՅՊԿ-ի ՀՕՊ ուժերի համակարգւած գործողութիւնները չէզոքացնում են հակառակորդի հաշւարկները։
Միաժամանակ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի խօսնակը յայտարարել է, որ Հորմոզի նեղուցով նաւերի անցումը պայմանաւորւելու է պատերազմի հետեւանքով պատճառւած վնասների փոխհատուցմամբ։
Իրանի առաջին փոխնախագահ դոկտ. Արէֆը ԱՄՆ-ի ներկայ գործողութիւնները որակել է որպէս «հոգեբանական պատերազմ»՝ նշելով, որ Վաշինգտոնը Իրանի դէմ հնարաւոր գործողութիւնների մեծ մասն արդէն իրականացրել էր եւ այլեւս նոր թիրախներ չկան նրա համար։
Միաժամանակ, Իրանի Քաղաքացիական աւիացիայի կազմակերպութիւնը հերքել է երկրի օդային տարածքի փակման վերաբերեալ NOTAM-ի հրապարակման մասին տեղեկութիւնները։
Սիրիքի շրջանում ԱՄՆ-ի հարւածի ենթարկւած հարսանեաց հանդիսութեան վերաբերեալ իրանական աղբիւրները հաղորդել են 4 զոհի եւ առնւազն 75 ծանր վիրաւորի մասին։ Զոհերից մէկը, ըստ հաղորդումների, 4-ամեայ երեխայ է, կայ նաեւ մէկ կին նահատակ։



