Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նիկոլ Փաշինեան. «Մեր երկրին էլի է յեղափոխութիւն պէտք» «Վերջին 8 տարւայ ընթացքում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձայ ՀՀ վարչապետ»

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայ է գտնւել ԱԽ նախկին քարտուղար Արմէն Գրիգորեանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդէսին: Գիրքը 2018 թւականի հայաստանեան թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութեան ներքին խոհերի, կազմակերպական մանրամասների եւ պատմական տեղաշարժերի բացառիկ վաւերագրութիւն է: Գրքում մանրամասն ներկայացւած են փողոցի պայքարի մարտավարութիւնը, քաղաքացիական անհնազանդութեան ակցիաների կազմակերպման դժւարութիւններն ու յաղթանակի հասնելու որոշիչ հանգրւանները։

Նիկոլ Փաշինեանը հանդէս է եկել ելոյթով եւ մէջբերել Մաօ Ցզէ Դունի խօսքերը, երբ նրան հարցնում են Ֆրանսիական Մեծ յեղափոխութեան մասին. «Այդ մասին վաղ է հետեւութիւն անել»: «2018 թւականին յեղափոխութիւնից յետոյ, իմ հետեւութիւնները յեղափոխութեան վերաբերեալ ամէն շաբաթ փոխւում են: Արմէն Գրիգորեանի գրքի ընթերցումը, ի դէպ մինչեւ վերջ չեմ կարդացել, նորից իմ առաջ բերեց հարցը՝ իսկ ես ի՞նչ կարծիքի եմ 2018 թւականի Ժողովրդական, ոչ բռնի, թաւշեայ յեղափոխութեան մասին: Իսկապէս, հիմա արդէն լիովին համաձայն եմ Մաօ Ցզէ Դունի հետ՝ այդ մասին դեռ վաղ է հետեւութիւններ անել»,-ասել է վարչապետը:

«Իմ ամենամեծ տպաւորութինը մեր յեղափոխութեան մասին թողել է այն, երբ ես 2018 թւականին արդէն վարչապետի պաշտօնում՝ շփւելով այլ երկրների ղեկավարների հետ, զարգացած երկրի երկարամեայ մի ղեկավար ասում է՝ գիտես, մեր երկրին էլ է այդպիսի յեղափոխութիւն պէտք: Եւ ես ուզում եմ իմ ելոյթը աւարտել արձանագրումով, որ մեր երկրին էլի է յեղափոխութիւն պէտք»,- ամփոփել է Նիկոլ Փաշինեանը:

Չեմ ուզում թաքցնել, վերջին 8 տարւայ ընթացքում եղել են օրեր, երբ ես, ինքս ինձ համար անիծել եմ այն օրը, երբ դարձայ ՀՀ վարչապետ։

Նա նշել է, որ դա մէկ կամ երկու անգամ չի եղել։

«Չգիտեմ՝ դուք որ օրն էք անիծել, որ ես դարձել եմ վարչապե՞տ, թէ՞ դուք դարձել էք համապատասխան պաշտօնեայ»,-յաւելել է վարչապետը։

Related Articles

Back to top button