ՀՅԴ երիտասարդների բողոքի ցոյցը՝ ՀՀ ԱԱԾ շէնքի դիմաց

Հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւնների կազմակերպութեամբ՝ ՀՀ ԱԱԾ շէնքի դիմաց բողոքի ցոյց իրականացւեց:
Ցոյցի մանակիցները պահանջում են չարտայանձնել ՀՀ տարածք ներխուժած, երեխաների ու նրանց մօր վրայ յարձակւած ադրբեջանցի զինծառայողին, ենթարկել պատասխանատւութեան, փոխանակել Բաքւում գերութեան մէջ գտնւող մեր հայրենակիցների հետ։
Մասնակիցների ձեռքին՝ «Հայ գերիների վերադարձը առաջնահերութիւն», «Յաջորդը կարող է լինել ձեր ընտանիքը», «Պետութեան դերը կանխելն է, ոչ թէ արձանագրելը», «Սիւնիք-տուր ադրբեջանցիների համար, հովանաւոր՝ ԱԱԾ» գրութեամբ պաստառներ կային:
ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչութեան անդամ Տարօն Մանուկեանը յայտարարեց, որ մեծ ամօթով են այսօր այստեղ կանգնած, քանի որ կանգնած են ԱԱԾ շէնքի դիմաց, որ պահանջեն՝ մեր սահմանը խախտած ադրբեջանցուն, որն իր երեխաների ներկայութեամբ կրակել է հայ կնոջ վրայ, չարտայանձնեն Ադրբեջանին. «Յայտնւել ենք մի իրավիճակում, որ ադրբեջանցի զինծառայողը կրակ է բացում հայ մօր վրայ, եւ հնարաւոր է արտայանձւի՝ որպէս բարի կամքի դրսեւորում, ինչպէս տեսել ենք նախորդ անգամները։ Մեր պահանջը հետեւեալն է՝ նա իրաւունք չունի յանձնւել թշնամուն, միակ նախապայմանը նրա՝ Ադրբեջանին յանձնւելու փոխանակումն է մեր որեւէ հայ զինծառայող գերու հետ։ Այլ պայման մեզ համար անընդունելի է»։
Անդրադառնալով Հիքմեթ Հաջիեւի յայտարարութիւններին՝ ՀՅԴ ԵՄ Կենտրոնական վարչութեան անդամ Ստելլա Յունանեանն ասաց. «Խօսքս ուղղում եմ Հաջիեւին. եթէ դուք հայ ժողովրդի հետ խաղաղութիւն կնքելու քայլեր էք անում, ապա բաց թողէք հայ գերիներին։ Հայ երիտասարդութիւնը դա կընկալի խաղաղութիւն կնքելու լաւագոյն փաստացի ապացոյցը։ Հակառակ պարագայում ձեր բոլոր թէզերը պարզապէս կեղծ են»։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիէլեանը լրագրողների հետ զրոյցում անդրադառնալով նրան, որ հնարաւոր է Սիւնիքի Շաքի գիւղում հայ կնոջ վրայ կրակած ադրբեջանցի զինծառայողին արտայանձնեն Ադրբեջանին՝ ասաց. «Ուզում եմ յիշեցնել ձեզ Սիւնիքում պահնորդական ծառայութիւն իրականացնող անձի սպանութեան գործը, երբ փառք ու պատւով, դափնիներով յանցագործին ճանապարհեցին Ադրբեջան, եւ այնտեղ գրեթէ հերոսացրեցին այդ անձին, ոնց որ հերոսացնում են Ռամիլ Սաֆարովին եւ իր նմաններին. սրա ամբողջ պատասխանատւութիւնը ընկնում է ՀՀ իշխանութեան վրայ։ Իշխանութիւնների թողտւութեան պարագայում է, որ նման բաներ լինում են, եւ անհետեւանք լինելու պատճառով այս ամէն ինչը կրկնւում է։ Ցաւօք սրտի, այս երեւոյթները շարունակական են լինելու, որովհետեւ մեղաւորները չեն պատժւում, Հայաստանն էլ այնպէս է գործում, կարծես որեւէ մի բան չի կատարւել»։
Դանիէլեանի խօսքով՝ տեղի ունեցածը պէտք է նախ ուսումնասիրւի եւ գնահատական ստանայ Հայաստանի Հանրապետութիւնում, իսկ հետագայ բանակցութիւնների ընթացքում պէտք է հաշւի առնւի նաեւ տուժած ընտանիքի դիրքորոշումը։
«Նա նախ պիտի դատապարտւի Հայաստանում։ Մեր հասարակութիւնը տեղի ունեցածի մանրամասներից տեղեակ չի։ Գործը ծածկադմփոց է արւում։ Բաւարար, հանրային հնչողութիւն ունեցող գործերը հանրային իրազեկում չեն ստանում»,- ասաց Դանիէլեանը։
Խօսելով Հայաստանի անվտանգութեան խնդիրների եւ արտաքին աջակցութեան վերաբերեալ խնդիրների մասին Դանիէլեանը նշեց, որ Հայաստանի անվտանգային հարցերը չի կարող ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն լուծել։
«Կան հարցեր, որ մենք պիտի լուծենք։ Ամերիկան չի գալու մեր տեղը մեր հայուհուն պաշտպանի, մեր երեխաներին պաշտպանի։ Այսինքն՝ ո՞վ պէտք է գայ մեզ, մեր տները պաշտպանի։ Առաջին հերթին մենք պէտք է հասկանանք, թէ ինչ խոր ճգնաժամի մէջ ենք»,- նշեց նա:







