ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Իրանի նախկին դեսպանը Հայաստանում. Պէտք է մանրակրկիտ ուսումնասիրել «Թրամփի ուղու» անվտանգութեան հետեւանքները Իրանի համար

Իրանի նախկին դեսպան Սէյէդ Ալի Սաղայիանը համոզւած է, որ այսպէս կոչւած «Թրամփի ուղին» աւելի շատ քաղաքական եւ աշխարհաքաղաքական բնոյթ ունի, քան տնտեսական, ուստի դրա անվտանգութեան հետեւանքները Իրանի համար պէտք է մանրակրկիտ ուսումնասիրել։

Pars Today-ի հաղորդմամբ՝ յղում անելով «Արման Մելի» օրաթերթին, նա, անդրադառնալով Թեհրանի եւ Երեւանի յարաբերութիւնների պատմութեանը, ընդգծել է, որ պատմականօրէն վճռորոշ պահերին, այդ թւում՝ Հայաստան վառելիքի եւ պարէնի մատակարարման ուղիների խափանման ժամանակ, Իրանը օգնութեան է հասել Հայաստանին եւ կարեւոր դեր է ունեցել նրա կարիքների բաւարարման գործում։ Նրա խօսքով՝ երկու երկրների յարաբերութիւնները ձեւաւորւել են աշխարհագրական դիրքի, փոխադարձ կարիքների եւ համատեղ փորձի հիման վրայ։

Հայաստանում Իրանի նախկին դեսպանը, անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում Երեւանի առջեւ ծառացած շարունակական խնդիրներին, ռազմավարական նշանակութիւն է տւել Իրանի եւ Հայաստանի շուրջ 45 կիլոմետրանոց ընդհանուր սահմանին։ Նա նաեւ այլընտրանքային տարբերակ է համարել Իրանի առաջարկը՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապել Իրանի տարածքով՝ այդպիսով դիւրացնելով բեռնատարների երթեւեկութիւնը։

Սաղայիանը նշել է, որ Հայաստանի՝ դէպի Արեւմուտք ձգտումները պէտք է գնահատել իրատեսօրէն։ Նրա ընդգծմամբ՝ ստեղծւած պայմաններում Երեւանը չի կարող ակնկալել, որ կը դառնայ ԱՄՆ-ի եւ Եւրոպայի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնը։

Նրա խօսքով՝ «Թրամփի ուղու» առնչութեամբ Թեհրանի հիմնական մտահոգութիւնն Իրանի սահմանների հարեւանութեամբ ամերիկեան զինւորականների կամ ՆԱՏՕ-ին առնչւող ուժերի հնարաւոր տեղակայումն է։ Նա նախազգուշացրել է, որ նման զարգացումը հաղորդակցային նախագիծը կը վերածի Իրանի ազգային անվտանգութեանն առնչւող խնդրի։ Սաղայիանի խօսքով՝ ազգային շահերի եւ սահմանների անվտանգութեան պաշտպանութեան հարցում Իրանը վճռական դիրքորոշում կունենայ։

Related Articles

Back to top button