ԻՌՆԱ. Պատժամիջոցները չեն կոտրել Իրանի դիմադրութիւնը. ո՞րն է լինելու Թրամփի յաջորդ քայլը

ԻՌՆԱ-ն հրապարակել է վերլուծական, որտեղ Իրանի եւ Չինաստանի միջեւ շարունակւող առեւտրային յարաբերութիւնները եւ պատժամիջոցների միջոցով Թեհրանի ռազմավարական հաշւարկները փոխելու՝ ԱՄՆ-ի անկարողութիւնը ներկայացւում են որպէս Թրամփի քաղաքականութեան անարդիւնաւէտութեան վկայութիւն։
Յօդւածագիրը նշել է, որ վերլուծաբանները չեն արձանագրում Իրանի տնտեսութեան մօտալուտ փլուզման նշաններ, մինչդեռ Վաշինգտոնն անցել է ռազմական նոր հարւածների հնարաւորութեան քննարկմանը։ Փորձագէտների կարծիքով ճնշումների սաստկացումը անպայման չէ, որ կարող է Իրանին մղելու լինի զիջումների, փոխարէնը հակառակորդին ռազմավարական պարտութեան մատնելու երկու կողմերի ձգտումն ու հնարաւորութիւններն աւելի են բարդացնում դիւանագիտական ճանապարհը։
Մէկ այլ հրապարակման համաձայն Իրանի հետ հակամարտութեան եւ Հորմոզի նեղուցի փակման հետեւանքները կարող են դուրս գալ էներգետիկ շուկայի սահմաններից վնասելով նաեւ ԱՄՆ-ի ֆինանսական համակարգին։
«Ֆարս» գործակալութեան վերլուծութեան համաձայն նաւթի մատակարարումների երկարատեւ խափանումը կարող է խորացնել գնաճը, սահմանափակել Դաշնային պահուստային համակարգի գործողութիւնների հնարաւորութիւնները եւ թուլացնել ներդրողների վստահութիւնը ԱՄՆ-ի տնտեսութեան նկատմամբ։ Այս պայմաններում կը մեծանայ, այսպէս կոչւած, «Թրիփըլ-ռէդ»-ի վտանգը՝ երբ ամերիկեան բաժնետոմսերը, պետական պարտատոմսերն ու արժոյթը (դոլարը) միաժամանակ անկում են գրանցում: Վերլուծութեան առանցքային միտքն այն է, որ Հորմոզի ճգնաժամը կարող է ոչ միայն ժամանակաւոր ցնցում առաջացնել, այլեւ նպաստել ԱՄՆ-ի ֆինանսական շուկաներում երկարատեւ անկայունութեան ձեւաւորմանը։



