ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի ԱԳՆ խօսնակ. «Կանադան կտրում է այն ճիւղը, որի վրայ ինքն է նստած»

ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է Կանադայի վարչապետին Պարսից ծոցի իրանական երեք կղզիների նկատմամբ ԱՄԷ-ի անհիմն տարածքային պահանջը պաշտպանելու համար։

Ըստ ԻՍՆԱ լրատւական գործակալութեան՝ Բաղային X-ի իր էջում գրել է, որ Կանադայի վարչապետի դիրքորոշումը բացայայտ հակասութիւն է եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան սկզբունքների կոպիտ խախտում։

Նա ընդգծել է, որ ԱՄԷ-ն կազմաւորւել է 1971 թւականին, մինչդեռ երեք կղզիների իրանական պատկանելիութեան պատմական արմատները հազարամեակների խորք ունեն։

Իրանի ԱԳՆ խօսնակը յիշեցրել է նաեւ Կանադայի պատմութիւնը՝ 1812 թւականի ամերիկեան ներխուժումը, 1849 թւականի՝ Մոնրէալը միացնելու մասին մանիֆեստը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգը դարձնելու սպառնալիքները։

«Տարածքային ամբողջականութիւնն ու պատմական իրողութիւններին հաւատարիմ լինելը Կանադայի համար սկզբո՞ւնք են, թէ՞ կարեւոր են միայն այն ժամանակ, երբ խօսքը վերաբերում է իրեն»,- հարցրել է Բաղային։

Նա եզրափակել է, որ Կանադան, որը դարեր շարունակ պայքարել է հարաւային հարեւանի տարածքային նկրտումների դէմ, չպէտք է աջակցի, իր բնորոշմամբ, կեղծ տարածքային պահանջի, քանի որ դրանով «կտրում է այն ճիւղը, որի վրայ ինքն է նստած»։

Related Articles

Back to top button