Հայկ Նահապետեան. «Ադրբեջանի կողմից սահմանին զօրքի կուտակումն ուժի սպառնալիք է, չի բացառւում սեպտեմբերի 13-14-ի գործողութիւնների կրկնութիւն»
Տարածաշրջանային զարգացումների ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը գործիք են ընդամէնը՝ կայ շահերի բախում, մի կողմից՝ Ռուսաստան-Իրան, միւս կողմից՝ Ադրբեջան-Թուրքիա, Իսրայէլ-Մեծ Բրիտանիա-Միացեալ Նահանգներ։
«168.am»-ի հետ զրոյցում ասաց ռազմական փորձագէտ Հայկ Նահապետեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի սահմաններին զօրքի տեղակայմանը եւ ռազմական գործողութիւնների վերսկսման հնարաւորութեանը։
Ըստ ռազմական փորձագէտի, այն հրապարակային յայտարարութիւնները խաղաղութեան ամրագրման, պայմանագրի կնքման վերաբերեալ, պարզապէս գործիքներ են, քանի որ Արեւմուտքին մէկ բան է պէտք՝ ժամ առաջ առանց լրջագոյն խնդիրների՝ առանց Արցախի հարցի լուծման, կնքել պայմանագիր, որը փաստացի հայկական կողմին՝ Հայաստանին ու Արցախին, ձեռնտու չէ, քանի որ խնդիրները շարունակում են մնալ։ Դա ձեռնտու չէ նաեւ Ռուսաստանին՝ նոյն տրամաբանութեամբ։
«Փաստացի Արեւմուտքին պէտք է ժամ առաջ կնքել խաղաղութեան պայմանագիր, ժամ առաջ պէտք է, որպէսզի Աղդամի ճանապարհը բացի, որպէսզի «հումանիտար» բեռ մտցնի Արցախ։ Սա, բնականաբար, բերելու է ինտեգրման գործընթացի սկզբին, սա ոչ Արցախին ու Հայաստանին, ոչ էլ Ռուսաստանին ու Իրանին է պէտք։ Փաստացի հիմա Փաշինեանն այդ փաստաթուղթը չի ստորագրում՝ ասելով, թէ կէտեր կան, որոնց շուրջ համաձայնութեան չեն գալիս, ինչն Արեւմուտքին առհասարակ չի հետաքրքրում։
Սահմանին այս պահին զօրքերի կուտակման իմաստը՝ զօրավարժութիւնների, զօրակոչի անւան տակ, ուժի սպառնալիք է, այսինքն՝ ցոյց է տալիս, որ եթէ Հայաստանն ու Արցախը մեր պայմաններին չեն համաձայնում, ուրեմն՝ այսպէս է լինելու։ Իսկ Ադրբեջանը երկու բան է ուզում՝ իր պայմաններով ու ցանկութիւններով կնքել խաղաղութեան պայմանագիր եւ բացել Ակնայի ճանապարհը, որը, կրկնում եմ՝ նպաստելու է Արցախի հայաթափմանը։ Թէպէտ չի բացառւում, որ Ադրբեջանն այդուամէնայնիւ, կիրառի այդ ուժը, բացի ուժ ցոյց տալուց, ինչը ենթադրում է լայնածաւալ ռազմական գործողութիւններ»,- շեշտեց Հայկ Նահապետեանը։
Փորձագէտը վստահ է՝ Հայաստանի վրայ Ադրբեջանի յարձակման դէպքում, երբ փորձի ՀՀ մարզերն իրարից կտրել կամ «Զանգեզուրի միջանցք» կոչւածը ստեղծել, որով Հայաստանը բաժանւելու է երկու մասի, սա նշանակում է, որ տարածաշրջանում շահեր ունեցող այլ երկրներ եւս՝ Ռուսաստանը եւ Իրանը, ցանկանան թէ ոչ, ներգրաււելու են այդ գօրծընթացում։
«Կրկնում եմ՝ Ադրբեջանի կողմից սա ճնշման գործիք է, բայց չի բացառւում, որ կրկնւի սեպտեմբերի 13-14-ի գործողութըւնները։ Սահմանային միջադէպերի անւան տակ, քանի որ դրանք դեռ դելիմիտացւած եւ դեմարկացւած չեն, Ադրբեջանը կը յայտարարի, թէ դրանք իր տարածքներն են, կը վերցնի ռազմավարական նշանակութեան բարձունքներ, յենակէտներ, որտեղ իր վիճակը շատ աւելի շահեկան կը լինի, նաեւ բանակցային սեղանի շուրջ»,- շեշտեց նա։
Հայկ Նահապետեանի խօսքով՝ պատերազմի հաւանականութիւնը մեծանում է, որովհետեւ Հայաստանը, ի դէմս իր ղեկավարի՝ արդէն հրապարակաւ յայտարարում է, որ անվտանգութեան առումով ժամանակին ստրատեգիական սխալ որոշում է կայացւել ՌԴ-ի հետ անվտանգային ճարտարապետութիւնը կառուցելու առումով։
«Փաշինեանն իր վարած քաղաքականութեամբ փորձ է անում Հայաստանից հանել ՌԴ-ի հիմնական ներկայութիւնը, ինչը երկնային մանանա է Ալիեւի համար։
Եթէ Նիկոլ Փաշինեանի ու քաղաքական խմբակի մտքի թռիչքը բերում է նրան, որ Հայաստանից պէտք է հանւի ռուսական ներկայութիւնը, ապա ապագան մեզ համար դառնում է խիստ կանխատեսելի՝ ՀՀ տարածքը 10 հազար քկմ. տարածքով։ Սա է այն իրականութիւնը, որին Փաշինեանը ցանկանում է հասնել։
Սակայն հաշւի առնելով այն գնահատականները, որոնք տւեցի, ՌԴ-ն երբէք ՀՀ-ից դուրս չի գայ, այս մասին ՌԴ-ն ասաց ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով, որ չի պատրաստւում դուրս գալ Հայաստանից, առաւել եւս՝ Արցախից։
Հիմա, երբ Նիկոլը ՆԱՏՕ-ին ասում է՝ «էստի համեցէք», մենք գիտէք, թէ դա ինչ է նշանակում, որտեղ ՆԱՏՕ-ն, այնտեղ քաոս, պատերազմ։ Ստացւում է, որ Փաշինեանը Հայաստանը դարձնում է Ուկրաինայ, ինչո՞ւ։ Նիկոլը մտածում է, որ ՌԴ-ին այստեղից կը հանի, ու կը հաճոյանայ Արեւմուտքին, որին հաճոյանալու համար արդէն իսկ մի քանի քայլ է արել՝ հարցազրոյցը իտալական լրատւամիջոցին, Ուկրաինայ օգնութիւն ուղարկելը եւ Հռոմի ստատուտի ընդունումը, այս ամէնն Արեւմուտքին քծնելու համար է։ Նիկոլն իր իշխանութիւնը պահելու համար պատրաստ է զոհաբերել ամէն ինչ ու բոլորին»,- եզրափակեց Հայկ Նահապետեանը։