Թուրքիայի տրանսպորտի նախարար. «Վերջերս Փաշինեանի կողմից դրական ուղերձներ են հնչել «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ»
Թուրքիան ակնկալում է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի (չակերտները՝ Tert.am) ստեղծման նախագիծն իրականացնել մինչեւ 2029 թւականը,- այս մասին յայտարարել է երկրի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
««Զանգեզուրի միջանցք»-ի ադրբեջանական հատւածի՝ սկսած Բաքւից մինչեւ Հորադիզ, կառուցումը մօտենում է աւարտին։ Միջանցքի թուրքական հատւածի երկարութիւնը կազմում է 224 կմ.։ Ընդհանուր առմամբ, այս միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կը տեւի հինգ տարի։ Կարծում եմ, որ 2028 թւականին մենք ամբողջութեամբ կաւարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է Ուրալօղլուն թուրքական tvnet հեռուստաալիքին տւած հարցազրոյցում։
Նա յաւելել է, որ Հորադիզից Օրդուբադ (Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն) հատւածում շինարարական աշխատանքները շարունակւում են՝ բացառութեամբ Հայաստանի տարածքով անցնող հատւածի։
«Կը պահանջւի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը Թուրքիայի հետ կապող գոյութիւն ունեցող մօտ 100 կմ. երկարութեամբ ճանապարհի վերակառուցումը, որի շարունակութիւնը կը լինի Իգդիր-Կարս երկաթգիծը»,- ասել է Ուրալօղլուն։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապւած Երեւանի դիրքորոշմանը, նախարարն ընդգծել է, որ երբ առաջին անգամ նման նախաձեռնութիւն է արւել, հայկական կողմը բացասաբար է արձագանգել՝ չնայած այն հանգամանքին, որ խօսւել է նաեւ «Հայաստանի համար այս ծրագրի օգուտների» (չակերտները՝ Tert.am) մասին։
«Սակայն վերջերս Փաշինեանի կողմից դրական ուղերձներ են հնչել այս միջանցքի վերաբերեալ. «Զանգեզուրի միջանցք»-ի հայկական հատւածի երկարութիւնը մօտ 43 կմ. է։ Նրանք պէտք է ձեռնարկեն պլանաւորում եւ մրցոյթներ, որպէսզի միջանցքն ամբողջութեամբ աւարտւած համարւի: Այսպիսով, Թուրքիան ուղիղ եւ հեշտ մուտք կը ստանայ դէպի թուրքական աշխարհի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ»,- ասել է նա։
Թուրք նախարարը նաեւ նշել է, որ Իրանն իր հերթին հանդէս է եկել ճանապարհի կառուցման նախաձեռնութեամբ, որի արդիւնքում Ադրբեջանը Թուրքիայի հետ կը կապւի Իրանի տարածքով՝ շրջանցելով Հայաստանը:
«Մենք կիրականացնենք «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը, սակայն դէմ չենք, որ Իրանը նոյնպէս իր տարածքով դառնայ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ այս կապի մաս: Իրանական կողմի հետ բանակցութիւններն ու հանդիպումները շարունակւում են։ Այս նախագիծն իր ժամանակին իրագործւելու է», – ասել է Ուրալօղլուն։
Tert.am