ԻրանՀայաստան - Արցախ

Իրանագէտ. «Թեհրանը ցանկանում է ռազմական աջակցութիւն ցուցաբերել Հայաստանին եւ զինտեխնիկա մատակարարել»

Իրանը ցանկանում է ռազմական աջակցութիւն ցուցաբերել Հայաստանին եւ Երեւանին զինտեխնիկա մատակարարել։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Իրանի եւ Եւրասիական հետազօտութիւնների ինստիտուտի փորձագէտ Ղոդրաթօլլահ Շաֆիէն։

Միաժամանակ նա բացատրեց, որ դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին հէնց Հայաստանի ցանկութիւնը։

«Որքանով կարելի է դատել, Հայաստանն ինքն այնքան էլ շահագրգռւած չէ իրանական ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ»,- յաւելել է Շաֆիէն։

Նա ենթադրել է, որ դա պայմանաւորւած է եւրոպացիների եւ ամերիկացիների հետ յարաբերութիւնները փչացնելու՝ Երեւանի դժկամութեամբ։

Միաժամանակ փորձագէտը չի հաւատում, որ Հայաստանի դէմ պատերազմի դէպքում Իրանը իր զօրքերը կուղարկի Երեւանին օգնելու։

«Իրանցի զինւորները երբեք չեն կռւել այլ երկրում, այդ թւում՝ Եմէնում, որտեղ կռւում են հութիները, կամ Լիբանանում կամ Սիրիայում։ Այս բոլոր դէպքերում խօսքը Իրանից ստացւած ռազմական տեխնիկայի ու հետախուզութեան մասին է, բայց իրենք՝ Իրանի Զինւած ուժերը, չեն կռւում։

Ուստի Բաքւից Հայաստանի դէմ նոր ռազմական սադրանքի դէպքում իրանցի զինւորները Հայաստանի համար չեն կռւի»,- ընդգծեց նա։

Միաժամանակ փորձագէտը չի բացառել, որ Իրանը Երեւանին անուղղակիօրէն կօգնի։

«Հնարաւոր է, որ իրանական ռազմական տեխնիկա օգտագործւի։ Բայց Հայաստանն ինքը պէտք է պաշտպանի իր շահերը»,- եզրափակեց Շաֆիէն։

Արամ Դանիէլեան

Related Articles

Back to top button