Հայաստան - Արցախ

Առանց ցնցուղ Հայաստան

Նիկոլ Փաշինեանի «կախիչացնցուղային» եթերաշրջանը, բացի նողկալի զւարճանքից, պարունակում է նաեւ այլ՝ խորքային շերտեր։ Դրա առիթով հնչող բոլոր գնահատականները, վարկածները (արտահերթ ընտրութիւնների պատրաստութիւն, սեփական շրջապատի մաքրում եւ այլն) այս կամ այն չափով հեռու չեն իրականութիւնից։ Բայց անգամ ճշգրիտ լինելով, դրանք արտայայտում են տեղի ունեցողի մակերեսային, ընթացիկ առանձնայատկութիւնները։

Մինչդեռ աւելի խորքային առումով Նիկոլ Փաշինեանի սանհանգուցային փոխակերպումն ամբողջութեամբ արտայայտում է նրա իսկ իրականացրած քաղաքականութեան արդիւնքում Հայաստանի՝ որպէս պետութեան, պետական կազմաւորման տեղը, կարգավիճակն այսօրւայ իրականութեան մէջ։

Երբ 2021 թ. գարնանը Փաշինեանը յայտարարեց Արցախի հարցի հետ կապւած «նշաձողն իջեցնելու» մասին, բոլորին թւաց, թէ դա վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղին ու բանակցային գործընթացին։

Իրականում նշաձողն իջեցնելու վերաբերեալ Փաշինեանի յայտարարութիւնը վերաբերում էր ընդհանուր առմամբ հայկական պետականութեանն ու պետութեանը։ Ընդ որում, հնարաւոր է՝ նա դա անգամ չէր էլ գիտակցում եւ չէր կարող հաշւարկել, որ Արցախի հարցի հետ կապւած նշաձողի իջեցումը յանգեցնելու է նաեւ Հայաստանի՝ որպէս պետութեան, նշաձողի, իմա՝ դերի, նշանակութեան, կարգավիճակի իջեցմանը։ Բանն այն է, որ Հայաստանն իր նախկին նշաձողն ունէր, ի թիւս բազմաթիւ այլ գործօնների, նաեւ Արցախի անվտանգութեան երաշխաւորի կարգավիճակի շնորհիւ, որը նորանկախ երկրի կայացման հիմքում դրւած իրաւաքաղաքական հիմնասիւներից մէկն էր։

Իջեցնելով Արցախի հարցի հետ կապւած նշաձողը, հրաժարւելով ԼՂ-ի անվտանգութեան երաշխաւորի կարգավիճակից՝ Փաշինեանն առնւազն այդքանով ապամոնտաժեց հայկական պետականութիւնը, որի հետեւանքը պէտք է դառնար երկրի ղեկավարի կարգավիճակի իջեցումը կախիչի ամրութիւնը ստուգող տեսուչի մակարդակի, կամ, որ նոյնն է՝ պետութեան նշաձողի իջեցումը մինչեւ կախիչի մակարդակի։

Իր ամբողջ տհաճութեամբ, սա միանգամայն օրինաչափ վիճակ է, քանի որ, որպէս պետական կազմաւորում՝ Հայաստանն այսօր տարածաշրջանում, առաւել եւս՝ աշխարհում, իրենից գրեթէ ոչինչ չի ներկայացնում, եւ նրա ղեկավարը, լաւագոյն դէպքում, կարող է զբաղւել տնտեսվարի աշխատանքով։ Այս ամենով հանդերձ, Նիկոլ Փաշինեանի ցնցուղային պոռթկումն ամենայն հաւանականութեամբ խիստ հաշւարկւած է։ Նա հէնց այնպէս ոչինչ չի անում եւ ուղղակի չի մտնում ծաղրածուի դերի մէջ։

Դա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր զբաղւում են Փաշինեանի քարոզչական մոդելաւորմամբ, գնահատել են, որ ջրմուղագործի նրա դերը կարող է դուր գալ հասարակութեան առնւազն որոշակի շերտի։ Այդ հաշւարկն ամենայն հաւանականութեամբ սխալ չէ։

Կարելի է, իհարկէ, հասարակութեան այդ շերտի մասին խօսել հեգնանքով, քաղաքակրթական բարձր դիրքից ծաղրել դրան մաս կազմողներին։ Բայց դա ամենաշատը կը ծառայի հէնց Նիկոլ Փաշինեանին, քանի որ նրա «բարկացած ղեկավարի» դերով հիացած քաղաքացիները, լսելով իրենց հասցէին վիրաւորանքի ու ծաղրի հերթական չափաբաժինը, աւելի ամուր կապերով կը կապւեն իշխանութեան հետ։

Հետեւաբար, այս խայտառակութեամբ իրապէս մտահոգ բոլոր անհատների, քաղաքական ուժերի խնդիրը պէտք է լինի ոչ այնքան Նիկոլ Փաշինեանի արածը ծաղրելն ու դրա նպատակները բացայայտելը, որքան այդ էժան քարոզչութեան թիրախային խմբերի հետ այլընտրանքային հաղորդակցութեան, երկխօսութեան մեթոդներ ու ասելիք մշակելը։

Դա չի նշանակում Փաշինեանի պոկած կախիչը տեսախցիկների առաջ պոկել ձեռքի աւելի պլաստիկ շարժումով կամ ցնցուղը քանդել հակառակ ուղղութեամբ։ Դա նշանակում է այդ քարոզչութեան թիրախային խմբերի համար մատչելի կերպով տեսանելի դարձնել, որ պետութեան ղեկավարի խնդիրը ոչ թէ տնտեսվարի աշխատանքն է, այլ կառավարման այնպիսի համակարգ ստեղծելը, որում իւրաքանչիւր տնտեսվար կը կատարի իր պարտականութիւնները եւ դա կը կատարի ոչ այնպէս, ինչպէս Նիկոլ Փաշինեանն է կատարում իր պարտականութիւնները՝ վարչապետի պաշտօնում։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
168.am

Related Articles

Back to top button