Հայաստան - Արցախ

Ստեփան Դանիէլեան. «Խաղաղութեան շուրջ բանակցութիւններ չեն եղել ու չկան»

Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը Երեւանից Բաքու չի մեկնի։ Օրեր առաջ Երեւանում էր ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի հարցերով աւագ խորհրդական Լուիս Բոնօն։ Նա եւս Ադրբեջան չմեկնեց։ Ինչո՞ւ Բաքւում չեն սպասում արեւմտեան գործիչներին, պատճառը ադրբեջանական կողմի դեմա՞րշն է, այնտեղ կայանալիք համապետական ընտրութիւննե՞րը, թէ՞ այլ պատճառներ կան։ Panorama.am-ն այս հարցն ուղղեց քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանին։

«Կան մի քանի պատճառներ։ Առաջինը, յիշում էք, երբ հայ-ադրբեջանական բանակցութիւնների վայրի մասին էր խօսւում՝ Մոսկւայո՞ւմ, թէ՞ արեւմուտքում, հայկական կողմը համաձայնւում էր Արեւմուտք գնալ, Մոսկւա չէր գնում։ Ադրբեջանը՝ հակառակը, յայտարարում էր, որ պատրաստ է Մոսկւա գնալ։ Վերջերս էլ Լաւրովը յայտարարեց, որ Ադրբեջանը համաձայն է Մոսկւայում բանակցութիւններ վարել, Հայաստանի պատասխանը չեն ստանում։ Առաջին պատճառը դա է, որ վայրում լինի բանակցութիւնները, այդ վայրից էլ ազդում են բանակցութիւնների վրայ»,-ասաց քաղաքագէտը։

Նրա խօսքով, երկրորդ պատճառն այն է, որ ԱՄՆ-ն յայտարարեց Ադրբեջանի հետ շփումների մակարդակի իջեցման մասին, ի պատասխան դրա եւ այլնի Ադրբեջանն էլ սկսեց հակաամերիկեան, հակաարեւմտեան՝ յատկապէս հակաֆրանսիական ելոյթներ ունենալ։

«Բանը հասել է մատով սպառնալուն, արհամարհական արտայայտութիւններ թոյլ տալուն»,-ասաց նա։

Քաղաքագէտն ընդգծեց՝ Ադրբեջանը յստակ կերպով Հայաստանից տարածքներ է պահանջում՝ իր մէջքին ունենալով Թուրքիային, Իսրայէլին, ինչ-որ առումով նաեւ Բրիտանիային։

«Սա է Ադրբեջանի քաղաքականութիւնը, որպէսզի կապ հաստատի Ադրբեջանի երկու հատւածների եւ բնականաբար Թուրքիայի հետ։ Հիմա ամէն գերտէրութիւն իր շահերի հիման վրայ իր քաղաքականութիւնն է կառուցում։ Ռուսաստանին պէտք է, որ իր վերահսկողութեամբ լինի ճանապարհը, որ ինքը ռեգիոնում կարողանայ իր ազդեցութիւնը պահել, իսկ հետագայում, եթէ աշխարհքաղաքական դասաւորութիւնները փոխւեն, հնարաւոր է նաեւ ամրապնդի իր ներկայութիւնը Հարաւային Կովկասում։ Արեւմուտքին պէտք է, որ դա տեղի չունենայ։ Համապատասխանաբար, ամէն մէկն իր հաշւարկներն ունի»,- ասաց նա։

Հարցին, թէ ստեղծւել է մի իրավիճակ, երբ ռուսական կողմի միջնորդ լինելու պատրասատակամութիւնն անտեսւում է հայկական կողմից, արեւմտեան կողմի պատրաստակամութիւնը՝ Բաքւի կողմից, «3+2» ձեւաչափն անգործութեան է մատնւած, նշանակո՞ւմ է, որ խաղաղութեան գործընթացի շուրջ շփումները փակուղի են մտել, Ս. Դանիէլեանն արձագանգեց.

«Ոչ մի բան էլ փակուղում չի յայտնւել, քանի որ ոչ մի գործընթաց էլ տեղի չէր ունենում։ Ադրբեջանն իր պահանջները յստակ դրել է, Հայաստանն էլ պէտք է համաձայնւի կամ չհամաձայնւի։ Չհամաձայնւելու դէպքում արդէն ագրեսիա է տեղի ունենում։ Այսինքն, ոչ մի բան փակուղում չի յայտնւել, Ադրբեջանն իր պահանջները յստակ դրել է եւ յետ չի կանգնել։ Ինչ վերաբերում է խաղաղութեան գործընթացին, ապա ոչ մի խաղաղութեան գործընթաց էլ չի եղել։ Դա Հայաստանի կառավարութեան խաբկանքն էր իր հանրութեան համար, որ իբր նման գործընթաց է գնում, այդ խաղաղութեան բառից մարդիկ խաբւել են, մտածել են, որ ինչ-որ բաներ կը լինեն, յետոյ կը լինի խաղաղութիւն։ Ոչ մի խաղաղութիւն էլ չի լինելու։ Չկայ նման բան, խաղաղութեան շուրջ բանակցութիւններ չեն եղել ու չկան»։

Related Articles

Back to top button