Նայիրի Յոխիկեան. «Կասկած կայ, որ գուցէ Մեղրին ու Վարդենիսը եւս Նիկոլը ուզում է գործարքով պատերազմով յանձնել թշնամուն»
Նայիրի Յոխիկեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է․
«Վարդենիսի ու Մեղրիի պետական հիմնարկների փակման մասին․
Վերջին շաբաթներին մեր հանրութեան մէջ անհանգիստ խօսակցութիւններ են տարածւում սկզբում Մեղրիի, ապա արդէն նաեւ Վարդենիսի մի շարք պետական կառոյցների փակման/տեղափոխման մասին։
Խօսքը այս պահին առաւելապէս Անձնագրային բաժինների, ԶԱԳՍ-ի, Կադաստրի, Արխիւի մասին է, նախատեսւում է այլ պետական կառոյցներ եւս փակել եւ տեղափոխել հարեւան համայնքներ։
Մարդիկ անհանգստացած են յատկապէս նրա համար, որ Վարդենիսն ու Մեղրին 2020-ի պայմանաւորւած պատերազմից ու Արցախի գործարքով յանձնելուց յետոյ դարձել են սահմանային բնակավայրեր, վտանգւած է մարդկանց կեանքը, եւ հիմա այդ տարածքներից հանելով պետական հիմնարկները՝ մարդկանց մօտ կասկած կայ, որ գուցէ Մեղրին ու Վարդենիսը եւս Նիկոլը ուզում է գործարքով պատերազմով յանձնել թշնամուն։
Ժողովուրդը հաւաքական առումով չի սխալւում, բայց այս ամենի մէջ կայ մէկ խնդիր, որի մասին չեն խօսում։
Ես խօսեմ։
Հայաստանի 2024 թ․ պետական բիւջէն ունենալու է անկախութիւնից յետոյ, թերեւս, ամենամեծ բացը՝ մօտ 1.2 մլրդ. դոլար (482․9 մլրդ. դրամ)։ Բիւջէի այդպիսի ահռելի ճեղքւածք առաջացել է յատկապէս նրա համար, որ ՔՊ-ի պաշտօնեաները աջ ու ձախ գռփել են պետական փողերը, պարգեւավճարներով հարստացել:
2024-ի բիւջէի այդ պակասուրդը ֆինանսաւորելու համար նախատեսւում է արտաքին վարկերի գծով կատարել 315.0 մլրդ. դրամի (782.9 մլն. դոլար) մասհանումներ: Ընդ որում, 132.8 մլրդ. դրամը (330.1 մլն. դոլար) նախատեսւում է կատարել նպատակային վարկային ծրագրերի գծով, իսկ մնացած 182.2 մլրդ. դրամը (452.7 մլն. դոլար)՝ բիւջէտային աջակցութեան վարկերի գծով: Այսինքն՝ դրսից վարկեր են վերցնում, որ պետական աշխատողների աշխատավարձերը կարողանան տալ։
Իսկ ո՞վ ուտի, թալանի բիւջէի փողերը, եթէ պետական աշխատողներին Նիկոլը շարունակի կայուն աշխատավարձ տալ, թէկուզ դրսից վերցրած ու մեզ՝ բոլորիս ուսերին մնացած արտաքին պարտքի հաշւին։ Այ հէնց սրա համար էլ գործի է անցել ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ կոչւած երեւոյթը։
Նիկոլն ասում է՝ ի՞նչ պարտադիր է, որ Վարդենիսում ու Մեղրիում անձնագրային բաժին կամ կադաստր լինի, թող մարդիկ գնան միւս համայնքներում սպասարկւեն։ Երեւանում նստած Նիկոլի ու ՔՊ-ի միւս մանկլաւիկների համար հեռաւոր, սահմանային բնակավայրերը չեն կարող ուշադրութեան կենտրոնում լինել, հետեւաբար նրանք այսօր այլեւս նպատակ չունեն փող ծախսել Վարդենիսի ու Մեղրիի վրայ, վաղը՝ Մարտունու, Կապանի, Նոյեմբերեանի․․․ եւ այդպէս շարունակ։
Հանրային պաշտօն զբաղեցնող 20 հազար 159 աշխատողներից արդէն սկսւել են կրճատումները։ Շուտով մարդիկ կը ստանան աշխատանքից ազատւելու լայնամասշտաբ ծանուցագրեր»: