Տիգրան Աբրահամեան. «Յաջորդիւ Ադրբեջանը նոր պատրւակ է գտնելու առաջնագծի որեւէ ուղղութեամբ առաջխաղացում ապահովելու»
ՀՀ ԱԺ պատգամաւոր Տիգրան Աբրահամեանն իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է.
«Եթէ Ադրբեջանը իր յայտարարած վիրաւոր ադրբեջանցու դիմաց 4 հայ զինծառայողի կեանք է խլում եւ մարսում է, ապա յաջորդիւ էլ նոր պատրւակ է գտնելու եւ ոչ միայն նոր զոհեր պատճառելու, այլ առաջնագծի որեւէ ուղղութեամբ առաջխաղացում ապահովելու:
Յիշում է՞ք, թէ ինչ էր ասում Ալիեւը Ջերմուկի եւ միւս բնակավայրերի մասով: Ասում էր` ՀՀ տարածք ենք ներխուժել, որ աւելի յստակ հասկանանք, թէ հայերը ռեւանշի ե՞ն դիմում, թէ՞ ոչ:
Այս տրամաբանութեան եւ ՀՀ իշխանութեան լուռ կամ քողարկւած համաձայնութեամբ, ադրբեջանցիները յետոյ էլ կը հարւածեն ու կամրանան այն հատւածներում, որտեղ իրենց տրամաբանութեամբ ճանապարհ կամ միջանցք պէտք է անցնի:
Կասեն` մեր խաղաղ բնակիչների անվտանգ անցումն ենք ապահովում:
Ի դէպ, ադրբեջանական այս արիւնալի յարձակումը վերջիններիս համար նաեւ թեստի նշանակութիւն ունի` հասկանալու, թէ այս փուլում, երբ ՀՀ իշխանութիւնը մեծ-մեծ խօսելու չեմպիոնական մրցավազքի է ելել, ինչպէ՞ս կը վարւի:
Սրանք, իհարկէ, մեծ-մեծ խօսում են միայն երկրի ներսում` ուժայինների յետեւում թաքնւելով եւ մարդկանց նստացնելով»:
Ստեղծւած իրադրութիւնից է նաեւ կախւած, թէ Ադրբեջանն իր սցենարային զարգացման համար հետագայում ինչ մարտավարութիւն կընտրի:
Յ. Գ. – Երէկ նկատեցի, որ անուղղակի ձեւով, որոշները գրում էին, որ եթէ ՀՀ-ն պատասխանի ադրբեջանցիներին, ապա կարող է սադրանքի ծաւալը ընդլայնւել` ակնարկելով, որ ոչինչ չպէտք է անել:
Միգուցէ ընդլայնւէր, կրակն ինտենսիւանար, բայց ոչինչ չանելու դէպքում այսպիսի ողբերգութիւնները ոչ միայն կը շարունակւեն, այլ ադրբեջանական ագրեսիայի լայն ճանապարհ կը բացեն»: