Այս իշխանութեան վարած քաղաքականութիւնը տանում է Հայաստանի անկախութեան եւ ինքնիշխանութեան վերացման
Նիկոլ Փաշինեանը փետրւարի 15-ին Կառավարութեան նիստի ուղիղ եթերում յայտարարել է, որ այն, ինչ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին, մերժւում է, եւ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տւէք բանակցային եղանակով, հակառակ դէպքում՝ ես դա կը վերցնեմ պատերազմով» քաղաքականութիւնը։
«Մեր վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ սրա համար կարող է լինել մէկ պատճառ: Ռազմական գործողութիւններ սկսել սահմանի որոշ հատւածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դէմ լայնածաւալ պատերազմի վերածելու հեռանկարով»,- ասաց Փաշինեանը։
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը նորութիւն չի համարել այն, որ Ալիեւը պատրաստւում է Հայաստանի դէմ պատերազմի՝ ի հեճուկս Հայաստանի իշխանութիւնների կողմից հնչող խաղաղասիրական թէզերի։
«Այնպէս որ, Փաշինեանի այսօրւայ ասածի մէջ միակ դրական բանն այն է, որ կրկնում է այն, ինչը վաղուց ասել է ընդդիմութիւնը։ Ասել ենք՝ Ալիեւին Փաշինեանը չի՛ կարողանալու պարտադրել, այսպէս կոչւած, խաղաղութեան օրակարգ։ Փաշինեանը ձախողել է իր խաղաղութեան օրակարգը, դրանից յետոյ Արցախն է յանձնել՝ «փոքրը տամ, մեծը պահեմ» տրամաբանութեամբ, եւ հիմա արդէն Հայաստանը չի կարողանում պահել»,- ասաց Խաչատրեանը։
Անդրադառնալով Փաշինեանի այն դիտարկման, որ միեւնոյն ժամանակ ՀՀ իշխանութիւնն ամուր կանգնած է ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանութեան դիրքերում, եւ այդ լեգիտիմ շահերն են՝ ՀՀ տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան պաշտպանութիւնը, Արթուր Խաչատրեանը Փաշինեանին յիշեցրեց՝ ադրբեջանցիները Հայաստանի տարածքի ներսից են արդէն սպանում հայ զինւորին, ի՞նչ տարածքային ամբողջականութեան մասին է խօսում։
«Աւելին, թուրքը Հայաստանի տարածքից սպանել է 4 երկրապահի, եւ թուրքին քշելու փոխարէն՝ Փաշինեանն ասում է՝ պէտք է պարզեմ, թէ այդ ո՞ր հայ զինւորն է կրակել Հայաստանն օկուպացրած ադրբեջանցու վրայ»,- նկատեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը՝ ընդգծելով՝ զուր է Հայաստանի իշխանութեան վախւորած քաղաքականութիւնը, թէ ադրբեջանցիներին պէտք է չպատասխանել, որ պատերազմ չսկսւի։
«Ադրբեջանին եթէ պէտք լինի պատերազմ, ինքը դա կը սկսի՝ անկախ Փաշինեանի վարած քաղաքականութիւնից»,- շեշտեց նա՝ հարցնելով՝ իսկ ի՞նչ լուծում է առաջարկում Հայաստանի իշխանութիւնը՝ սպասւող պատերազմին ընդառաջ։
«Փաշինեանը նստել է ճոխ թախտին, սպասում է բախտին, մտածում է՝ մէկը կը գայ, իրեն կը փրկի։ Ասում է՝ ես չեմ կարողանում, գուցէ մէկն ինձ օգնի, բայց ո՞վ է օգնելու. եւրոպացիները զուսպ են, ամերիկացիներն ասում են՝ գնացէ՛ք, ինչ ուզում էք՝ արէք երկկողմ ֆորմատով։ ՆԱՏՕ-ն Նիկոլ Փաշինեանին չի պատրաստւում ընդունել։ Փաշինեանը, խոշոր հաշւով, ձախողել է մեր յարաբերութիւնները բոլորի հետ, ձեռք չի բերել գէթ մէկ դաշնակից։ Ինքն ամէն ինչ ձախողել է։ Փաշինեանը վտանգաւոր է Հայաստանի համար»,- ասաց Արթուր Խաչատրեանը՝ յաւելելով՝ Հայաստանի անկախութեան եւ ինքնիշխանութեան վերացմանն է տանում այս իշխանութեան վարած քաղաքականութիւնը։