Հայաստան - Արցախ

Իշխան Սաղաթէլեան. «Տաւուշի 4 գիւղերը յանձնելով՝ թշնամուն բերում, տեղաւորում են մեր թիկունքում»

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները շարունակում են մարզային հանդիպումները: Հերթական հանդիպումը Արմաւիրի մարզի Արմաւիր գիւղում էր, որին ներկայ էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղթէլեանը, պատգամաւորներ՝ Լեւոն Քոչարեանը, Աղւան Վարդանեանը, Աննա Գրիգորեանը, Ագնեսա Խամոյեանը, Գեղամ Մանուկեանը, Աշոտ Սիմոնեանը եւ այլք։

«Առանց չափազանցնելու մեր երկիրը կանգնած է շատ ծանր եւ նոր մարտահրաւէրի առջեւ. Արմաւիրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց Իշխան Սաղաթէլեանը։

«Այս իշխանութիւնները, ովքեր խաբելով եկան իշխանութեան ղեկին, իրենց վարած գործունէութեան արդիւնքում Արցախի հայաթափումից յետոյ Հայաստանը կանգնեցրել են ծանր խնդիրների առջեւ: Երկու տիպի մարտահրաւէր ունենք՝ արտաքին եւ ներքին: Արտաքին իմաստով թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ագրեսիան Հայաստանի նկատմամբ, արդէն բացայայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ոչ միայն չկայ դիմադրութիւն, այլ՝ Հայաստանի խամաճիկ իշխանութիւնները հետեւողականօրէն, շատ յաճախ նաեւ սիրով կատարում են թշնամական պետութեան թելադրանքը մեր հայրենիքում: Թշնամին գտնւում է Հայաստանի տարածքում, բացայայտ յաւակնութիւններ է ներկայացնում նոր տարածքների նկատմամբ եւ չկայ որեւէ դիմադրութիւն: Իշխանութիւնների առաջարկած բանաձեւը հետեւեալն է՝ տանք որքան ուզում են՝ յոյս ունենալով ինչ-որ մի պահի հասնել խաղաղութեան: Սա ձախողւած ճանապարհ է եւ Արցախի հայաթափումից յետոյ առնւազն, ովքեր որ յոյս ունէին, որ տանք, խաղաղութիւն կը լինի, առնւազն հիմա պիտի հասկանան, որ սա կեղծ է, տանելու է նոր փորձութեան եւ ըստ էութեան մեր պետականութիւնը դնելու է հարցականի տակ»,- ասել է նա:

Ըստ Սաղաթէլեանի՝ միւս խնդիրն այն է, որ այսօր Արեւմուտքը փորձում է Ռուսաստանի դէմ նոր ճակատ բացել՝ ի դէմս Հայաստանի. «ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան արդիւնքում այսօր մեր երկիրը դարձել է ուժային կենտրոնների ազդեցութիւնների բախման միջավայր, որը յղի է ծանր հետեւանքներով: Այս պայմաններում ցաւօք, շարունակւում է ներքին պառակտումները, շարունակւում է պայքարը ազգային կառոյցների, եկեղեցու եւ ընդհանրապէս հայկական ինքնութեան նկատմամբ: Այս իրավիճակում մենք պէտք է պայքարենք թէ՛ ներքին, թէ՛ արտաքին թշնամիների դէմ»:

Սաղաթէլեանը նշել է, որ անցնող երեք տարիների ընթացքում արել են հնարաւորը, սակայն չեն ստացել այն արդիւնքները, որոնք ակնկալում էին:

Arfd.am

Related Articles

Back to top button