Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ռուս թուրքագէտ. «Եթէ ՀՀ-ն չհամագործակցի Իրանի հետ, Հարաւային Կովկասում տոտալ ազդեցութիւնը լինելու է Թուրքիայինը»

Մինչ արեւմտեան համայնքն ինտենսիւ ջանքեր է ներդնում Հարաւային Կովկասից Ռուսաստանի վերջնական դուրսբերման ուղղութեամբ, հակառակ ջանքերն են կիրառւում Թուրքիայի ազդեցութիւնն էլ աւելի մեծացնելու նպատակով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որը նախորդ շաբաթ Անկարայում հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի հետ, Սպիտակ տան ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջէյք Սալիւանի հետ Վաշինգտոնում քննարկել է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը։ Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։ Հաղորդւում է նաեւ, որ կողմերն աջակցութիւն են յայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին՝ ընդգծելով՝ առաջընթացը, որը ձեռք կը բերւի այս ոլորտում, վճռորոշ կը լինի Կովկասի բարգաւաճման համար։

Սալիւանն ու Ֆիդանը, բնականաբար, քննարկել են նաեւ Ուկրաինայի եւ Գազայի հարցը։ Anadolu-ն, վկայակոչելով իր դիւանագիտական աղբիւրները, նշում է, որ Ֆիդանն ընդգծել է Գազայում հնարաւորինս շուտ հրադադար հաստատելու կարեւորութիւնը՝ շեշտելով՝ մարդասիրական օգնութեան քանակն էլ տարածաշրջան պէտք է աւելացւի։

Հանդիպման ընթացքում նշւել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չպէտք է ձգձգւի եւ պէտք է լուծւի «Ուկրաինայի տարածքային ամբողջականութեան եւ քաղաքական ամբողջականութեան շրջանակներում»։

Ֆիդանը երէկ է մեկնել Վաշինգտոն՝ քննարկելու Գազայի եւ Ուկրաինայի պատերազմները, թուրք-ամերիկեան ռազմական եւ էներգետիկ համագործակցութեան հարցեր։ Ընդգծելով, որ Ֆիդանը կը հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի, Ջէյք Սալիւանի հետ՝ Reuters-ը փոխանցել էր, որ Ֆիդանն ու Բլինքէնը «համապարփակ բանակցութիւններ» կանցկացնեն․ բանակցութիւնների միջոցով Վաշինգտոնն ու Անկարան փորձում են դիտարկել երկկողմ յարաբերութիւնների բարելաւման հեռանկարները։

Ուշագրաւ է նաեւ, որ նախորդ շաբաթ Անթալիայի դիւանագիտական ֆորումում Հարաւային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը նշել էր, որ Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղութեան հաստատման հարցում՝ որպէս տարածաշրջանում առաջնորդող երկիր։

168.am-ի հետ զրոյցում ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռայեւսկին ասաց, որ հայկական հարցերն արդէն ամուր ներթափանցել են թուրք-ամերիկեան բանակցութիւնների օրակարգ Հարաւային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի ազդեցութիւնների տատանման հետեւանքով, ինչը Ղարաբաղեան վերջին տարիների զարգացումների ու ՀՀ արեւմտեան նկրտումների հետեւանքն է։

Ըստ նրա՝ Արեւմուտքն այստեղ հաշւի է նստում Թուրքիայի ազդեցութեան ու շահերի հետ, Թուրքիային է համարում Հարաւային Կովկասում Խաղաղութեան համաձայնագրից յետոյ ձեւաւորւելիք ստատուս-քւոյի ապագայ երաշխաւոր։

«Արեւմուտքը՝ ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը, այդ ռեգիոնում գործնական ազդեցութիւն չեն կարողանում եւ չեն ցանկանում ստանձնել, ուստի ձգտում են ռեգիոնը թողնել Թուրքիայի հոգածութեանը։ Թուրքիան սրան դէմ չէ, բնականաբար, այսինքն՝ ՀՀ արեւմտեան կողմնորոշումը սա է ենթադրում, քանի որ Արեւմուտքը թշնամական յարաբերութիւններ ունի Իրանի եւ Ռուսաստանի հետ, ուստի, չնայած բազմաթիւ տարաձայնութիւններին՝ պէտք է համագործակցի Թուրքիայի հետ։ Արեւմուտքը Թուրքիային է պատկերացնում՝ որպէս ռեգիոնալ հարցերի մենեջեր, դա է պատճառը, որ կոչ է հնչում, որ Թուրքիան ինչ-որ գործառույթներ իրականացնի։ Սակայն նոյնիսկ դրա կարիքը չունի Թուրքիան, քանի որ բոլոր հարցերը լուծում է Ադրբեջանի միջոցով։ Խաղաղութիւնը Թուրքիայի պատկերացմամբ՝ անցնում է ՀՀ զիջումների ճանապարհով»,- ասաց նա։

Արեւմտեան այս սցենարին, վերլուծաբանի խօսքով, դիմադրում է Իրանը, որն ինքն է ցանկանում դառնալ երաշխաւոր Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ։

«Սակայն Իրանի տարբերակը ՀՀ-ն չի կարող ընդունել, քանի որ դա անընդունելի է Արեւմուտքի համար, ուստի պէտք է յարմարւի արեւմտեան սցենարին, որում Թուրքիան ունի կենտրոնական դերակատարութիւն։ Ուստի ներկայումս Իրանն ակտիւ աշխատում է հայկական կողմի հետ, քանի որ Ադրբեջանի դէպքում ամէն բան պարզ է։ Եթէ ՀՀ-ն չհամագործակցի Իրանի հետ, Հարաւային Կովկասում տոտալ ազդեցութիւնը լինելու է Թուրքիայինը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա, նրա խօսքով, ՌԴ-ն դադար է վերցրել եւ այս հարցերով չի զբաղւում՝ ողջ ռեսուրսն ուղղելով գլոբալ հարցի լուծմանը։

«Փորձ է արւում պահպանել ստատուս-քւօն, սակայն, ինչպէս տեսնում ենք, դա բարդ է տրւում, հայկական կողմից դժգոհութիւններ են հնչում, եւ ՀՀ-ն ցանկանում է հրաժարւել Ռուսաստանից՝ համաձայնելով նոյնիսկ որեւէ դաշնակից չունենալու հեռանկարին»,- ասաց նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button