Տիգրան Քոչարեան. «Իրենց ինքնազոհութեան հաշւին 70 մարդ են փրկել. ինչու եւ ինչպէս են յանձնւել Բակօ Սահակեանը, Արկադի Ղուկասեանը, Լեւոն Մնացականեանն ու Դաւիթ Իշխանեանը»
«Սասուն Միքայէլեանին բարդ է պատասխանել, որովհետեւ ինքը երկրապահ չէ, հրազդանապահ է իր էութեամբ: Կապւած Արցախի նախագահների հետ՝ բազմիցս ասւել է, որ նոյն նախագահներն իրենց կամքով են դուրս եկել ռուսական բազայից՝ գտնւելով ռուսների պաշտպանութեան ներքոյ: Եւ քանի որ այնտեղ հարց էր դրւած, ու մօտ 70 հոգու մասով Ադրբեջանը շանտաժի էր ենթարկում, որ նրանց կը տանի Բաքու, եթէ նախագահները չյանձնւեն, նախագահներն այդ քայլն արեցին»,- Սաթիկ Սէյրանեանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասել է մեդիափորձագէտ, քաղաքական մեկնաբան Տիգրան Քոչարեանը՝ պատասխանելով սպարապետ Վազգէն Սարգսեանի ծննդեան 65-րդ տարեդարձի օրը Եռաբլուրում Երկրապահ կամաւորականների միութեան (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայէլեանի հնչեցրած այն մտքին, թէ եթէ ռուսներն ուզէին, Արցախի նախագահներին դուրս կը բերէին Արցախից, ու նրանք չէին յայտնւի ադրբեջանական գերութեան մէջ:
Հակադարձելով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայէլեանին, Տիգրան Քոչարեանը հարց հնչեցրեց՝ այդ դէպքում ինչպէ՞ս են Հայաստանի տարածքում յայտնւել Սամուէլ Շահրամանեանը, Վիտալի Բալասանեանը, Արշաւիր Ղարամեանը եւ այլ գեներալներ, պատերազմի մասնակիցներ: Ովքե՞ր են իրենց պահել, բերել եւ ապահով հասցրել այստեղ. «Այստեղ մուտիլովկէք անել պէտք չէ»:
«Առնւազն Ռուսաստանն իր ղեկավարութեան շուրթերով խօսել է Արցախի նախագահների հարցի մասին, եւ կարծեմ Պուտինն ասել է՝ ես խնդրել եմ Իլհամ Ալիեւին հումանիստական վերաբերմունք ցուցաբերել այդ մարդկանց նկատմամբ: Հայաստանի ղեկավարութիւնը բառ անգամ չի ասել այս ամենի ուղղութեամբ: Այսինքն՝ մենք կրկին Ռուսաստանին պարտադրում ենք լինել աւելի պրոհայկական, քան Հայաստանի իշխանութիւնները»,- ասել է նա:
Քաղաքական մեկնաբանի խօսքով՝ այս մանիպուլիացիաներին պէտք է վերջնական պատասխաններ տրւեն:
«Եւս մէկ անգամ ասեմ, որ Բակօ Սահակեանը, Արկադի Ղուկասեանը, Դաւիթ Իշխանեանը յանձնւել են Ադրբեջանին, դուրս են եկել ռուսական ռազմաբազայից, որտեղ ռուսներն իրենց անվտանգութիւնն են ապահովել, ինքնակամ գնացել են, յանձնւել, որպէսզի 70 հոգի գերեվարւած ոստիկանութեան աշխատողներին, հրշէջներին, փրկարարներին ազատ արձակեն»,- ասաց Տիգրան Քոչարեանը՝ յաւելելով՝ ինչպէ՞ս է Արայիկ Յարութիւնեանը յայտնւել ադրբեջանական գերութեան մէջ, թող Արայիկ Յարութիւնեանից հարցնեն։- Շատ է վստահել Ադրբեջանի անվտանգութեան աշխատակիցներին»:
«Էլի եմ ասում, Ադրբեջանում Արայիկ Յարութիւնեանի յայտնւելը մի քիչ այլ ճանապարհով է տեղի ունեցել: Բայց եթէ խօսքը գնում է Բակօ Սահակեանի, Արկադի Ղուկասեանի եւ Դաւիթ Իշխանեանի մասին, այդ մարդիկ իրենց ինքնազոհութեան հաշւին 70 հոգի են փրկել, դուրս բերել:
Ընդորում, ուրիշ բան էլ աւելացնեմ, որ որոշների մօտ ցանկութիւն է եղել ինքնասպանութիւն գործել, բայց քանի որ ադրբեջանցիները պայման էին դրել, որ Արցախի նախագահների ինքնասպանութեան դէպքում գերի վերցրած այդ 70 հոգուն չեն ազատի, գնացել, յանձնւել են, այսինքն՝ փրկել են 70 հոգու: Եւ պէտք է վերջ տալ այդ մանիպուլիացիաներին եւ ռուսական կողմին խառնել: Էլի եմ ասում, եթէ ռուսական կողմն այդքան վատն էր, ապա ինչպէ՞ս են այստեղ յայտնւել Սամուէլ Շահրամանեանը, Կարէն Սարգսեանը… Սամուէլ Բաբայեանն այլ ճանապարհով է դուրս եկել եւ այլ մարդկանց խնդրանքով՝ հաշւի առնելով այն հանգստութիւնը, որով նա անցել է:
Այսինքն՝ հակադարձելով Սասուն Միքայէլեանին՝ ասեմ, որ ռուսներն ում տիրութիւն արել են, բարով-խերով հասցրել, բերել են: Նախագահներն էլ կը գային, բայց նրանք ասել են՝ մենք վերջինն ենք դուրս գալու Արցախից՝ վերջին հայը դուրս կը գայ Արցախից, մենք էլ դուրս կը գանք: Մինչդեռ որոշ շրջանակներ մանիպուլացնում էին, թէ Արցախի նախագահները դեռեւս երկու շաբաթ առաջ էին ցանկացել դուրս գալ, բայց ռուսները չեն թողել, ուղղաթիռ չեն տւել»,- եզրափակել է Տիգրան Քոչարեանը: