Ադրբեջանի արտաքին քաղաքական մարտավարութիւնը Արցախից յետոյ. տոտալ պատերազմ
2023 թւականի սեպտեմբերից յետոյ, երբ Ադրբեջանը մէկօրեայ պատերազմում յաղթեց միայնակ մնացած Արցախի պաշտպանութեան բանակին եւ փաստացի լիարժէք նւաճեց Արցախի Հանրապետութեան տարածքը, հայաստանեան հասարակական-քաղաքական կարծիքում սկսեց թեւածել իւրատեսակ անորոշութիւն, որը կարելի էր ձեւակերպել «Լաւ, բա յետո՞յ» կենցաղային հարցի միջոցով։
Այս անորոշութեան պատճառը շատ պարզ է. հայութեան մեծամասնութեան ընկալումներում Արցախեան հիմնահարցը ուղղակի Արցախի հայութեան անկախացման կամ Հայաստանին միանալու հարց էր, որը, ըստ նոյն տրամաբանութեան, Ադրբեջանի հետ մեր ունեցած հակամարտութեան միակ պատճառն է։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դա ամբողջութեամբ սխալ ընկալում է (Արցախեան հիմնահարցը հայ-թուրքական մշտական հակամարտութեան ընդամէնը մի դրւագն է) եւ այդ ընկալման արմատացած լինելու հանգամանքի մէջ առաջին հերթին մեղաւոր են ազգային վերնախաւերը։ Այս պահին աւելի էական է այն, որ թէկուզ Արցախի հիմնահարցի ոչ մեր օգտին լուծւելուց յետոյ մեր հանրութիւնն ու ազգային վերնախաւերի մեծ մասը անկեղծօրէն չեն հասկանում, թէ ինչ է ուզում Ադրբեջանը (նաեւ Թուրքիան) եւ մնացած աշխարհաքաղաքական դերակատարները։ Չհասկանալով Ադրբեջան-Թուրքիա երկեակի մարտավարութիւնը՝ չի ստացւում հասկանալ մնացած խաղացողների գործողութիւնները։ Չկողմնորոշւած այս վիճակը յանգեցնում է էլ աւելի մեծ յուսալքութեան, հասարակական բեւեռացման տարբեր խմբերի (արեւմտամէտների ու ռուսամէտների) միջեւ, հանրային ու քաղաքական մտքի ճգնաժամի։ Այս իրավիճակի խորացմանը էականօրէն նպաստում են թշնամի Ադրբեջան-Թուրքիա երկեակը, քանի որ դա խիստ թուլացնում ու նւազեցնում է հայութեան դիմադրողականութեան ուժը։
Հէնց այս խնդիրը հաշւի առնելով՝ փորձեմ ուրւագծել 2023 թւականից յետոյ Թուրքիա-Ադրբեջան զոյգի մարտավարութիւնը մեր հանդէպ եւ տարածաշրջանում ընդհանրապէս։ Սա մասամբ կը պատասխանի «բա յետո՞յ» հարցին (իհարկէ, եթէ այս մարտավարութեանը չհակադրւի որեւէ իրական հայկական ուժ)։
Թուրքական ռազմավարութեան սկզբունքները
Վերջին 150 տարում Թուրքիայի մեծ ռազմավարութիւնը Հարաւային Կովկասի հանդէպ անփոփոխող կերպով հետեւեալն է. ստեղծել Հարաւային Կովկասում ամուր յենակէտ՝ իր համար հետաքրքրութիւն ներկայացնող այլ յարակից գօտիներ ու տարածաշրջաններ տարածւելու համար։ Այս նպատակով Թուրքիան (նախկինում՝ Օսմանեան կայսրութիւնը) մի քանի փորձ արեց ուղիղ ռազմական միջամտութեան միջոցով գրաւել Հարաւային Կովկասը, սակայն այդ փորձերը չյաջողւեցին նախ տեղական դիմադրութեան, ապա տարածաշրջանի այլ խաղացողների (յատկապէս՝ Իրան եւ Ռուսաստան) ակտիւ միջամտութեան շնորհիւ։ Այստեղ միջանկեալ եւս մէկ անգամ յիշեցնենք, որ վերջիններիս միջամտութիւնը բխում էր սեփական շահերից, այլ ոչ թէ բարեգործութեան կամ «ժողովուրդների փրկութեան» առաքելութիւնից (զաւեշտալի է, որ դեռ կարիք կայ այս իրողութիւնը բացատրել)։
Ռազմական նւաճման տապալումից յետոյ Թուրքիան դիմեց այլ մարտավարութեան։ Կովկասի աստիճանական նւաճումը եւ այլ տարածքների (մասնաւորապէս՝ Իրանի հիւսիսի, Կովկասի հիւսիսի, Կենտրոնական Ասիայի թուրքախօս գօտիների) հետ կապը ապահովելու համար թուրքական վերնախաւը նախաձեռնեց եւ իրականացրեց մի հետաքրքիր նախագիծ։ Հարաւային Կովկասի ռազմավարական ամենակարեւոր կտորներից մէկում՝ Կասպից ծովից արեւմուտք ընկած շրջաններում, որտեղ բնակչութեան մէջ մեծ թիւ էին կազմում թուրքախօս մուսուլմանները, ստեղծել թուրքական պետական կազմաւորում, որը փաստացի կը լինի «փոքր Թուրքիա՝ մեծ Թուրքիայի կողքին» եւ կը ծառայի որպէս թուրքական գլխաւոր գործիքը՝ Հարաւային Կովկասի նւաճման համար։ Այսպէս, օսմանեան պալատում նախագծւեց «Ադրբեջան» պետութեան գաղափարը, որը յաջողութեամբ իրականացրեց օսմանեան բանակը 1918 թւականին։ Այդ դէպքերից աւելի քան հարիւր տարուց կարելի է ասել, որ այս մարտավարութիւնը միջին արդիւնաւէտութեամբ, սակայն աշխատում է։
1990-ականներից ի վեր Ադրբեջանի քաղաքական վերնախաւը թէեւ մի քանի փորձեր ձեռնարկել է դուրս գալու Թուրքիայի գծած շրջանակից, սակայն ապարդիւն. իր էութեամբ Ադրբեջանը թուրքական նախագիծ է եւ շարունակելու է լինել այդպիսին։
Յատկապէս, որ Թուրքիան չի պլանաւորում թոյլ տալ Ադրբեջանի իրական անկախացում իրենից։ Ճիշտ հակառակը, վերջին տարիներին երկու պետական համակարգերի մեծածաւալ ինտեգրացիան յուշում է, որ գործ ունենք պետութիւնների միաձուլման հետ։ Այստեղից կարելի է անել շատ պարզ եզրայանգում. Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականութիւնը տեղաւորւում է Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակների մէջ։ Ուստի ադրբեջանական քաղաքականութիւնը ոչ թէ փոքր երկրին բնորոշ զգուշաւորութեամբ ու փոխզիջումների սկզբունքով է առաջնորդւում (ինչպէս շատերը պատկերացնում են), այլ կայսերական նպատակներ ունեցող թուրքական տէրութեան։
Այսպիսով, ամփոփենք ռազմավարական հիմնական խնդիրը. չէզոքացնել Հայաստանին որպէս առանձին ու ինքնուրոյն քաղաքական միաւոր։ Այդ ուղղութեամբ ամենաարդիւնաւէտ քայլը եղել է 1915 թ. Հայոց Ցեղասպանութիւնը, 1920 թ. հայ-թուրքական պատերազմը, 1921 թ. Նախիջեւանի անջատումը Հայաստանից, իսկ մեր օրերում՝ Արցախի նւաճումը։ Այժմ թիրախում միւս ռազմավարական առաջնահերթութիւնն է՝ Սիւնիքը։
Կարեւոր է մտապահել, որ թուրքական ընկալման մէջ Հայաստանը զուտ միայն հայկական սպառնալիք չէ։ Այս տարածքում հայկական պետութեան գոյութիւնը, որը ինքնաբերաբար ենթադրում է հակադրում թուրքական ծաւալապաշտութեանը (քանի որ Թուրքիան ցանկանում է գրաւել ողջ Կովկասը, ինչը բացառում է հայկական անկախ միաւորի գոյութիւն), իւրայատուկ աշխարհաքաղաքական մագնիսական ուժով դէպի իրեն է ձգելու Թուրքիայի տարածաշրջանային յաւակնութիւնների դէմ հանդէս եկող բազմաթիւ ուժերի (ինչպէս մեր օրերում՝ Իրանին)։ Այս պատճառով հայ-թուրքական հակամարտութիւնը թուրքական քաղաքական վերնախաւերի ընկալումներում մաս է Թուրքիայի մեծ աշխարհաքաղաքական պայքարի, որը մղւում է դեռ Օսմանեան կայսրութեան օրերից։
Ռազմավարական այս սկզբունքները պէտք է յիշել մնացած մարտավարական գործողութիւնները հասկանալու համար։
Ադրբեջանի մարտավարական բազմաշերտութիւնը
2023 թւականից յետոյ Ադրբեջանը, ելնելով մեծ թուրքական ռազմավարութիւնից, որդեգրել է մարտավարական գործողութիւնների մի ամբողջ համալիր, որի հիմնական նպատակը կարելի է բանաձեւել հետեւեալ կերպ. թուլացնել հայկական պետականութիւնը կամ դրա ենթակառուցւածքներն այնքան, որ դրա առանձին մասերի կամ ամբողջի նւաճումը վերածւի տեխնիկական խնդրի։ Մօտաւորապէս այդ մարտավարութիւնն է կիրառւել Արցախի Հանրապետութեան նկատմամբ վերջին երեք տարիներին (շրջափակում, Փառուխի գրաւում եւ այլ գործողութիւններն ուղղւած էին դիմադրութեան ռեսուրսի նւազմանը)։
Հայաստանի Հանրապետութեան դէմ մարտավարական վերոնշեալ համալիրը կարելի է բաժանել 4 հիմնական ուղղութիւնների։ Հակիրճ անդրադառնանք դրանցից իւրաքանչիւրին։
Առաջին ուղղութիւն. քաղաքական ճանապարհով հասնել հայկական պետականութեան իրաւական ու փիլիսոփայական հիմնասիւների վերացմանը։ ՀՀ սահմանադրութիւնը կամ ներքին օրէնսդրութիւնը փոխելու պահանջները հէնց այս տրամաբանութեան մէջ են։ Պէտք է ստեղծւեն այնպիսի պայմաններ, որոնք թոյլ չեն տայ կամ հնարաւորինս կը խոչընդոտեն Հայաստանում թուրք-ադրբեջանական ազդեցութեանը դիմադրելու մեխանիզմների եւ ուժերի ստեղծմանը (գրեթէ բոլոր կապիտուլիացոն պայմանագրերին յատուկ պահանջ)։ Այս նոյն շարքին են պատկանում Հայաստանում կրթական համակարգի փոփոխութեան, հանրային յիշողութեան վայրերի ու յիշատակի օրերի վերացման պահանջները, որոնք, ինչպէս գիտէք, աստիճանաբար կատարւում են։ Այլ խօսքով՝ մարտավարական այս ուղղութեան խնդիրն է այնպէս անել, որ չլինի իրական հայկական պետութիւն ունենալու հանրային պահանջ կամ այդ պահանջը իրացնող օրինական մեխանիզմներ։
Երկրորդ ուղղութիւն. հայկական պետականութեան ինքնուրոյնութիւնը նւազեցնող զիջումների ձեռքբերում։ Այս շարքին կարելի է դասել այսպէս կոչւած «անկլաւների վերադարձի» կամ հայկական ատոմակայանի փակման պահանջները։ Այսպէս, «անկլաւների» տարածքը թոյլ է տալու վերահսկել Հայաստանի արտաքին ճանապարհները, իսկ ատոմակայանի փակումը զրկելու է մեզ էներգետիկ ինքնուրոյնութիւնից՝ յաւելեալ կախման մէջ դնելով։ Այս շարքը կարելի է շարունակել։
Երրորդ ուղղութիւն. գերակտիւ ու նախաձեռնող արտաքին քաղաքականութեան միջոցով հասնել ադրբեջանական կողմի համար աշխարհաքաղաքական նպաստաւոր միջավայրի ձեւաւորմանը։ Այս ուղղութիւնն իր հերթին բաժանւում է մի քանի հիմնական խնդրի։ Նախ պէտք է ապահովել ադրբեջանական պահանջների եւ ծրագրերի համար արտաքին լեգիտիմութիւն։ Օրինակ՝ այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» ու «տեղահանւած ադրբեջանցիների» թեմայի բարձրաձայնումն ու միջազգայնացումը թոյլ են տալիս Ադրբեջանին իրենց յարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրայ որոշակի իմաստով լեգիտիմացնել կամ գոնէ լեգալացնել։ Նոյն նպատակին են ծառայում նաեւ իբր Հայաստանում «ադրբեջանական մշակութային ժառանգութեան ոչնչացման» թեմայով կատարւող աշխատանքները։
Միւս կողմից Ադրբեջանը փորձում է ստանալ այլ երկրների աջակցութիւնը իր գործողութիւններում։ Այստեղ բաւական է բերել այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի օրինակը։ Այսպէս, մեծացնելու համար «միջանցքի» շահառուների թիւը եւ այդպիսով ապահովելու համար Հայաստանի վրայ նոր ճնշում՝ Ադրբեջանը հետեւողական կերպով այս թեմայում է ներգրաւում տարբեր երկրների (Կենտրոնական Ասիայից մինչեւ Ինդոնեզիա)։ Նոյն նպատակին են ծառայում նաեւ Հայաստանին հակաիսլամական երկիր ներկայացնելու Ադրբեջանի հետեւողական ջանքերը։
Դիւանագիտական ուղղութեան միւս նպատակն է վատթարացնել Հայաստանի երկկողմ յարաբերութիւնները մեզ համար կարեւոր երկրների հետ։ Այստեղ, ինչպէս կարելի է կռահել, հիմնական թիրախը հայ-ռուսական եւ հայ-իրանական յարաբերութիւններն են, որոնց թուլացումը բխում է բացառապէս թուրք-ադրբեջանական շահից։ Միաժամանակ, աշխատանք է տարւում չէզոքացնելու համար հայկական գործօնը նշւած երկրներում (անզէն աչքով կարելի է տեսնել այդ աշխատանքի արդիւնքը, օրինակ, Ռուսաստանում)։
Արտաքին քաղաքականութեան մարտավարական մէկ այլ նպատակն է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային քաղաքականութիւնից դժգոհ եւ դրան դիմադրող ուժերի եթէ ոչ չէզոքացումը, ապա գոնէ վերջիններիս դիմադրութեան նւազեցումը կամ զսպումը։ Այստեղ կարելի է տեսնել իրականացւող հետեւողական աշխատանքը Իրանի հետ՝ նոյն «միջանցքի» թեմայով կամ թուրք-ադրբեջանական լաբբինգի գերակտիւութիւնը Ռուսաստանում։ Խորքի մէջ լինելով հակառուսական պետութիւն՝ Ադրբեջանը կարողանում է Թուրքիայի հետ միասին Ռուսաստանի ուշադրութիւնը շեղել եւ իր համար կորզել անհրաժեշտ արդիւնքներ տարածաշրջանում (այս հարցին կանդրադառնամ առանձին մէկ այլ առիթով)։
Այս ուղղութեան լաւագոյն օրինակներից մէկը վերջին շաբաթներին լայնօրէն օգտագործւող «ֆրանսիական խաղաքարտն» է։ Լաւ գիտակցելով, որ Ֆրանսիան այս պահին հաւաքական Արեւմուտքի անունից զբաղւում է Հայաստանին ռուսական ազդեցութեան գօտուց հանելու խնդիրով եւ, բնականաբար, որեւէ իրական ռազմական այլընտրանք չի տալու Երեւանին, Ադրբեջանը խթանում է «հակաֆրանսիականութեան» թեման՝ այդպիսով պատրանք ստեղծելով հայութեան շրջանում, որ իսկապէս «Ֆրանսիան Ադրբեջանի դէմ կը պաշտպանի Հայաստանին»։ Մի կողմ թողնելով այն ակնյայտ իրականութիւնը, որ Ֆրանսիան լաւագոյն դէպքում լինելու է մեր փաստաբանը, բայց ոչ երբեք թիկնապահը (ուստի բուն ռազմական հարցերում մէկ ոչ մի բան չենք ստանալու), այս համատեքստում աւելի էականն այն է, որ նման քայլով Ադրբեջանը նպաստում է հայ-ռուսական յարաբերութիւնների վատթարացմանը։
Վերջին՝ չորրորդ ուղղութիւնը կապւած է այսպէս կոչւած «կոպիտ ուժի» հետ։ 2020 թւականից յետոյ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անդադար կուտակում է նոր ռազմական պաշարներ, իրականացնում է տասնեակ զօրավարժութիւններ, ստեղծում է ռազմական նորանոր ենթակառուցւածքներ, որոնք հիմք են նախապատրաստում Հայաստանի դէմ նոր պատերազմի։ Այստեղ տրամաբանութիւնը շատ պարզ է. ստեղծել ռազմական նւաճման համար անհրաժեշտ հիմքերը։ Եթէ այդ նպատակին հնարաւոր լինի հասնել առանց զէնքի՝ նախորդ երեք կէտերում նշւած մարտավարութեան շնորհիւ, ապա շատ աւելի լաւ։ Եթէ ոչ, ապա կարելի է փորձել կրկնել 2021 թ. մայիսին Սիւնիքի Սեւ լճի կամ 2022 թ. սեպտեմբերին Ջերմուկի նւաճման գործողութիւնները, որոնք ՀՀ ներսում արդէն իսկ թուրք-ադրբեջանական զօրքերի համար ստեղծել են ռազմավարական գերակայութիւն։
Ահա այս հիմնական չորս ու իրար լիարժէք փոխլրացնող ուղղութիւններով է առաջնորդւում Ադրբեջանի մարտավարութիւնը վերջին ամիսներին ու այդպէս է լինելու նաեւ առաջիկայ շրջանում։ Այլ բառերով սա կոչւում է տոտալ պատերազմ։ Որեւէ ուղղութեամբ հայկական կողմի զիջումը ինքնաբերաբար յանգեցնում է միւս ուղղութիւններով պահանջների ոչ թէ նւազմանը, այլ հակառակը՝ մեր՝ դրանց դիմադրելու հնարաւորութիւնների նւազմանը եւ ադրբեջանական պահանջների ամրապնդմանը։
Միակ սպառնալիքը եւ օրակարգը
Ադրբեջանի մարտավարութիւնը բխում է ռազմավարութիւնից, որի նպատակն է չէզոքացնել (իսկ հնարաւորութեան դէպքում՝ վերացնել) հայկական պետականութիւնը։ Սա է հայկական պետութեան համար մէկ խնդիրը։ Սրա չլուծման պարագայում մնացած հարցերում արձանագրւած որեւէ առաջընթաց դառնում է անիմաստ, ինչպէս Արցախում 2020 թւականից յետոյ կառուցւած բնակելի շէնքերը։ Ադրբեջանա-թուրքական այս ռազմավարութեանը կարող է հակադրւել միայն նոյնանման տոտալ պատերազմի մղման տրամաբանութեամբ՝ բոլոր ճակատներում։ Իսկ տոտալ պատերազմ վարելու ոչ միայն ունակութիւն, այլեւ ցանկութիւն ՀՀ դէ-ֆակտօ իշխող ուժը չունի։
Առկայ մօտեցման պահպանման դէպքում պէտք է յիշել, որ օգնութեան չեն գալու ոչ միայն «անգլիական նաւերը», այլեւ չեն փրկելու Մակրոնի «Ֆէյսբուք»-եան հայալեզու գրառումները։
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ
Թուրքագէտ, Պատմական գիտութիւնների թեկնածու,
ԵՊՀ դոցենտ