Չնայած ՀՀ իշխանութիւնները պինդ փակել են Արցախի թեման՝ Վարդան Օսկանեանը արցախցիների յետվերադարձի վերաբերեալ բանակցութիւններ է վարում Եւրոպայում և ԱՄՆ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի գլխաւորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախումբը այս օրերին Եւրոպայում եւ ԱՄՆ-ում ինտենսիւօրէն հանդիպումներ է ունենում տարբեր բարձրաստիճան պաշտօնեաների հետ:
Ինչպէս մեզ փոխանցում են, արտերկրում տարւող այս բանակցութիւնների հիմնական թեման բռնի տեղահանւած արցախցիների յետ վերադարձն է:
Չնայած Ադրբեջանի բռնապետ Ալիեւը ամէն առիթով սպառնում է արցախցիներին ու ոչնչացնում է հայկական հետքն օկուպացւած Արցախում, իսկ Հայաստանի իշխանութիւններն առհասարակ ամուր փակել են Արցախի թեման, Արցախի վտարանդի իշխանութիւնները կարծում են, որ միջազգային բարձր եւ յուսալի երաշխիքների ներքոյ հնարաւոր է արցախցիների վերադարձը:
Ահա այս օրակարգով Վարդան Օսկանեանը գործուղւել է արտերկիր:
Արցախի իշխանական եւ ընդդիմադիր շրջանակները, մի կողմից, համարում են, որ այս հանդիպումներով ու քննարկումներով չեն կարող «սարեր շուռ տալ», քանի որ միայն ՀՀ իշխանութիւններն են իրաւասու պաշտօնապէս բանակցել Արցախի հարցով, միւս կողմից՝ համարում են, որ այսպիսով տաք են պահում Արցախի թեման ու ինչ-որ բան կարող են փոխել:
Մեր տեղեկութիւններով՝ առաջիկայում Վարդան Օսկանեանը վերադառնալու է եւ պատրաստւում է Արցախի կառավարութեան եւ պատգամաւորների հետ հանդիպում ունենալ՝ ներկայացնելու իր վարած բանակցութիւնների արդիւնքները:
Թէ ինչ կը տան Օսկանեանի վարած բանակցութիւնները, պարզ չէ, բայց, ինչպէս ասում են, «ջուրը կաթիլ-կաթիլ քար կը ծակի», իսկ ոչ պաշտօնական մակարդակով բանակցութիւնները, վստահաբար, ոչինչ չանելուց աւելի լաւ է:
Նկատենք նաեւ, որ Արցախի հարցով այս բանակցութիւնները նաեւ Հայաստանի իշխանութիւնների դժգոհութիւնն են առաջացրել, ու դա արտայայտւեց Հայաստանի ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյեանի շուրթերով:
Վերջինս ԱԺ-ում, անդրադառնալով Օսկանեանի գործունէութեանը, այն որակել էր «փարիսեցիութիւն»։
«Մենք ջանքեր գործադրեցինք, որպէսզի ԼՂ հայութիւնը կարողանայ մնալ Լեռնային Ղարաբաղում. չսատարել այդ ջանքերին եւ այդ ամէնը բնութագրել որպէս դաւաճանական գործունէութիւն, դրանից յետոյ գալ եւ զբաղւել ԼՂ հայերի վերադառնալու հեռանկարով փարիսեցիութեան տպաւորութիւն է թողնում»,- ասել էր Միրզոյեանը»: