Հայաստանը ժողովրդավարութեան անկում է գրանցել
Հայաստանն ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշում անկում է գրանցել՝ 2.50-ից հասնելով 2.25-ի: Տարեկան զեկոյցը հրապարակել է Freedom House միջազգային հեղինակաւոր իրաւապաշտպան կազմակերպութիւնը՝ «Nations in Transit 2024» խորագրով։
Համաձայն զեկոյցի՝ «Վարկանշի անկումը պայմանաւորւած է գործադիրի կողմից իշխանութեան կոնսոլիդացման, կենտրոնական իշխանութիւնների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտօնանկ անելու եւ իշխող կուսակցութեան ֆինանսների թափանցիկութեան բացակայութեան իրողութիւններով»։ Գրում է Yerevantoday-ը:
Արդիւնքում, Հայաստանի ժողովրդավարութեան միաւորը 3,11-ից իջել է 3,07-ի:
«2023 թւականին Հայաստանում ամենակարեւոր քաղաքական գործընթացներն ու խնդիրները վերաբերում էին ինչպէս անվտանգութեան խնդիրներին, մասնաւորապէս՝ Ադրբեջանի հետ յարաբերութիւններին, այնպէս էլ չճանաչւած, բայց դէ ֆակտօ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (Արցախ) 10-ամսեայ շրջափակմանը, սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով հետագայ էթնիկ զտումների հետ»,- նշւած է զեկոյցում։
Համաձայն Freedom House-ի․ «Հայերի ամենակարեւոր մտահոգութիւնները ոչ միայն եղել են ազգային անվտանգութեան այս խնդիրները, այլեւ ձեւաւորել են ներքաղաքական լանդշաֆտը, որտեղ ընդդիմութիւնը եւ բնակչութեան մեծ հատւածը քննադատում են կառավարութեանը Լեռնային Ղարաբաղի հարցում քաղաքականութեան ձախողումների համար»։
Կազմակերպութիւնը նշում է, որ անվտանգութեան իրավիճակի վատթարացումը միայն խորացրել է Հայաստանի խորհրդարանում քաղաքական բեւեռացումը Նիկոլ Փաշինեանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան եւ ընդդիմութեան միջեւ՝ «խաթարելով կառուցողական երկխօսութիւնը կրիտիկական հարցերի շուրջ»:
Զեկոյցն ամբողջութեամբ՝այստեղ։