Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մանրամասներ Նիկոլ Փաշինեանի Ոսկեպար կատարած այցից

Նիկոլ Փաշինեանը երէկ՝ ապրիլի 17-ին կրկին այցելել էր Տաւուշի մարզի Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գիւղեր, հանդիպելու տեղի բնակիչների հետ։

Հանդիպումների մասին Yerevan Today-ը զրուցել ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան»խմբակցութեան պատգամաւոր, ծնունդով տաւուշցի Գառնիկ Դանիէլեանի հետ։

«Ադրբեջանցիները կը տեղակայւեն գետից այն կողմ, այլ ոչ թէ հէնց ճանապարհի երկայնքով, իսկ վերահսկողութիւնը կիրականացնեն Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանապահ զօրքերը»,- ըստ Գառնիկ Դանիէլեանի՝ հանդիպման ժամանակ ասել է Փաշինեանը։ Պատգամաւորը նշեց, որ նա պարզապէս «փափուկ բարձ է դրել ժողովրդի գլխի տակ»:

«Հանդիպումն էլի այնպէս է կազմակերպել, որ իրենց մարդկանցից բերել է այդտեղ, ոչ մէկ չի իմացել, էլի անսպասելի եկել: Ասել է, թէ Ադրբեջանի հետ փոխըմբռնում են ձեռք բերել, որ գետից այս կողմ չեն անցնելու (Ոսկեպար գետից դէպի ճանապարհ), հսկողութիւնն իրականացնելու են Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանապահ զօրքերը, տեղի է ունենալու ադրբեջանական եւ հայկական զօրքերի յետքաշում: Ինչ-որ համաձայնութիւններ են ձեռք բերել, որ ճանապարհներին չեն կանգնելու, աւելի ներքեւի հատւածում են կանգնելու»,- նշեց Դանիէլեանը:

Պատգամաւորի համոզմամբ՝ վտանգներ, այնուամենայնիւ, առկայ են, քանի որ Ադրբեջանի սահմանապահ զօրքերը նոյնն են, ինչ Ադրբեջանի ԶՈՒ-ն։ Ադրբեջանի կողմից արդէն 6 տարի է սահմանապահ զօրքերն են կանգնած, բայց դա նոյն զինւած ուժերն են, ոչ մի տարբերութիւն չկայ»:

Գառնիկ Դանիէլեանը նշեց, որ Փաշինեանն ասել է, որ վերջնական պայմանաւորւածութիւն չկայ, 90 տոկոսանոց պայմանաւորւածութիւն է, դա բանաւոր պայմանաւորւածութիւն է, գրաւոր չի, վերջնական չէ: Բայց փաստը մնում է այն, որ այս հանրային ճնշումը իր որոշակի արդիւնքները տւել է: Բայց սա վերջնական չէ, բազմաթիւ հարցեր դեռ կան: Ադրբեջանցիները որտեղ պէտք է տեղակայւեն: Մենք պէտք է ճնշումը մեծացնենք ու ասենք՝ դրան էլ չենք համաձայն: 50 մետր կը լինի, թէ 500 մետր, դա ապօրինի պրոցես է, հակասահմանադրական է: Մեր խնդիրն այն է, որ այդ ապօրինի պրոցեսը պէտք է կանգնի»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը:

Նա վստահութիւն յայտնեց, որ եթէ ժողովուրդը ոտքի կանգնի, երկու ոտքը դնի մի կօշիկի մէջ եւ ոչ ասի այս դաւաճանական օրակարգին, խնդիրը կը լուծւի։

Առնչւող Յօդւածներ

Back to top button