Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանը չի կարող խուսափել պատասխանատւութիւնից՝ Հայաստանին հասցւելիք վնասների համար

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը, որքան էլ փորձի թաքնւել Մհեր Գրիգորեանի կամ այլ պաշտօնեայի յետեւում, միեւնոյն է անհատական, քաղաքական ու իրաւական պատասխանատւութիւն է կրում Տաւուշի մարզին ու ամբողջ Հայաստանին հասցւելիք վնասների համար։ Այս մասին «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թեւանեանը։

«Նիկոլ Փաշինեանը՝ Սահմանադրութիւնից ու պետութիւնից դուրս․

1. Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով պետական յանձնաժողովի անդամներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայեւի անուններից տարածւած համատեղ յայտարարութիւնը Տաւուշի մարզի հատւածում ի օգուտ Ադրբեջանի տարածքային զիջումների գնալու մասին լեգիտիմ չէ, քանզի Մհեր Գրիգորեանը նման լիազօրութիւններ չունի եւ չի կարող ունենալ։

2. Նիկոլ Փաշինեանը, որքան էլ փորձի թաքնւել Մհեր Գրիգորեանի կամ այլ պաշտօնեայի յետեւում, միեւնոյն է անհատական, քաղաքական ու իրաւական պատասխանատւութիւն է կրում Տաւուշի մարզին ու ամբողջ Հայաստանին հասցւելիք վնասների համար։

3. Վերը նշւած յանձնաժողովի տարածած յայտարարութեան համաձայն՝ հայկական կողմը Տաւուշի մարզում գնում է միակողմանի զիջումների, թշնամու ուղիղ նշանառութեան տակ են յայտնւում մեր գիւղերը, կոմունիկացիաները, տնտեսական ենթակառուցւածքները։ Հայկական կողմը դրա դիմաց ստանում է ․․․ թուղթ՝ այն յոյսով, որ Ադրբեջանը գթասիրտ կը գտնւի

4. Սահմանագծումն ու սահմանազատումը չպէտք է սպառնալիք դառնան մարդկանց հիմնարար իրաւունքների համար, մինչդեռ փաշինեանական իշխանութիւնը հարւածի տակ է դրել ոչ միայն մեր երկրի այդ հատւածի, այլ, նաեւ, ամբողջ Հայաստանի անվտանգութիւնը՝ բաւարարելով Ադրբեջանի պահանջնեը եւ Արցախի ճակատագրի կրկնութեան համար բոլոր նախադրեալները ստեղծելով։

5․ Նիկոլ Փաշինեանը «մահապարտ» է։ Ինքը գիտի, որ եթէ Հայաստանը մնայ, ապա ինքն ի վերջոյ դատւելու է։ Դրա համար էլ առաջնորդւում է՝ «Կա՛մ ես կը լինեմ իշխանութիւն Հայաստանում, կա՛մ Հայաստան չի լինի»։ Դա նշանակում է, որ մենք էլ պէտք է համարժէք պասիոնարութիւն դրսեւորենք ու հակադրւենք «Կա՛մ Հայաստանը, կա՛մ Նիկոլը» կարգախօսով»,- գրել է Թեւանեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button