Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների նամակը՝ դեսպանատներին

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացեալ Թագաւորութեան դեսպաններին, ԵՄ առաքելութեան ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ եւ Եւրոպայի Խորհուրդի գրասենեակներին նամակ են ուղարկել, որում մասնաւորապէս նշւած է․

«Մենք բարձր ենք գնահատում երկար տարիներ Հայաստանի Հանրապետութեանը ցուցաբերած ձեր օգնութիւնը՝ ամրապնդելու օրէնքի գերակայութիւնը, խթանելու մարդու իրաւունքները եւ խօսքի ազատութիւնը, զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները եւ ժողովրդավարական մշակոյթն ու աւանդոյթները:

Մենք տեսնում ենք Հայաստանում ժողովրդավարական արժէքների եւ ազատութիւնների կտրուկ նահանջ եւ մեծապէս անհանգստացած ենք, որ բազմակողմ եւ երկկողմ գործընկերների կողմից ներդրած ջանքերն արդիւնք չեն տւել։

Իրաւապաշտպան մի քանի կազմակերպութիւնների վերջին զեկոյցները յստակ ընդգծում են ոստիկանական բռնութիւնների աճը, խօսքի ազատութեան եւ խաղաղ հաւաքների իրաւունքը սահմանափակելու փորձերը, դատական համակարգը վերահսկելը, կալանաւորումների համատարած օգտագործումը: Յորինւած մեղադրանքներով բազմաթիւ ակտիւիստներ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ այժմ գտնւում են բանտերում:

Սակայն մեզ համար անհասկանալի է դիւանագիտական ներկայացուցչութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների հանդուրժողականութիւնը երկրում օրէնքի, ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների ակնյայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ։ Աննկատ է մնացել անգամ պատգամաւորների իրաւունքների ու երաշխիքների ոտնահարումը։

Սոյնով Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարաւորինս սեղմ ժամկէտներում՝ աշխատանքային ձեւաչափով քննարկելու հայաստանյան տագնապալի զարգացումները»։

«Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեան

«Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեան

02․05․2024թ.»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button