Հայաստան - ԱրցախՔաղաքական

Շուշիում ոչնչացւել է 177-ամեայ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին

«ԱԼԻՔ» – Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետութիւնում ոչնչացնել հայկական յուշարձանները։ Այս մասին յայտնում է Yerevantoday-ը` Monumentwatch.org-ին յղումով։

Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսեւորումն է ցուցաբերել` հողին հաւասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը՝ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին։

«Կովկասի ժառանգութեան մշտադիտարկում» կայքը հրապարակել է արբայնակային լուսանկարներ, որտեղ երեւում է, որ եկեղեցին այլեւս չկայ։

«2023 թ. դեկտեմբերի 28-ից մինչեւ 2024 թ. ապրիլի 4-ն ընկած ժամանակահատւածում Շուշիի 177-ամեայ տեսարժան վայր հանդիսացող Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին (Ս. Յովհաննէս Մկրտիչ) աւերւել է, ինչը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի որոշման ամենակոպիտ խախտումն է»,- գրում է կայքը։

Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին կամ Կանաչ ժամը գտնւում է Շուշի քաղաքում՝ սարահարթի բարձրադիր՝ արեւմտեան հատւածում, որտեղից տեսանելի է քաղաքի ամբողջ համայնապատկերը:

Եկեղեցին եւ զանգակատունը կառուցւել են 1847 թւականին, որպէս մի ամբողջական համալիր: Զանգակատան մուտքի վերնամասում, մուտքից աջ եւ ձախ երկու սրբատաշ` 1 եւ 2 թւերով համարակալւած սալերի վրայ պահպանւել է շինարարական արձանագրութիւնը:

Եկեղեցին Կանաչ ժամ անունն ստացել է այն պատճառով, որ ժամանակին կառոյցի գմբեթը եղել է կանաչ գոյնի։

Առնչւող Յօդւածներ

Back to top button