Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գեղամ Մանուկեան. «Դեռ շա՜տ բան կը բացայայտւի ապագայ դատերի ժամանակ, այդ թւում՝ ՀՀ Զինւած ուժերի կիրառման պլանը, որը չգործարկւեց»

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

Տիգրան Աւինեանի՝ ցածր ձայնով, միատոն խօսող փափկասունութեան մէջ դիւային բան կայ իրականում։ Ժամանակին 1.3 միլիոն բնակչութիւն ունեցող Երեւանի մեդալով պարգեւատրւում էին Երեւանի համար էտալոն համարւող մարդիկ։ Հիմա հասել ենք այն վիճակին, որ այդ բարձունքից այնքան ենք իջել, որ Երեւանի քաղաքապետի պաշտօնը զբաղեցնող Տիգրան Աւինեանը Երեւանի ոսկէ մեդալով պարգեւատրում է մարդ ծեծող կարմիր գլխարկ (կարմիր բերետաւոր) Հայկազ Ջոմարդեանին։

– Սրանց իշխանութեան ժամանակ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխութիւնը ստեղծւեց, որի ժամանակ մեծարում էին ոչ թէ մտաւորականներին, այլ փող աշխատող բիզնեսմեններին։ Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ այդ միջոցառմանը ներկայ Արցախի նախագահ Բակօ Սահակեանին անւանեցին Արցախի մարզպետ։

Իրականում ՀՀում թշնամական մի ամբողջ բանակ է գործում, բանակ սեփական ժողովրդի դէմ։ Թշնամական ասելով՝ նկատի ունեմ տեղեկատւական այն տեռորը, որ կիրառւում է հայ ժողովրդի դէմ։ Հիմա նոր ենթաօպերացիա է իրականացւում՝ արցախցիների մէջ պառակտում մտցնելը։ Այդ բանակի ստրուկն է Հանրային հեռուստաընկերութիւնը։ Վստահ եմ՝ մի օր բոլոր այդ մարդիկ եւ դրանց սպասարկողները կանգնելու են դատարանի առաջ։ Պատգամաւորներ, հասարակական գործիչներ, փորձագէտներ Բոլորի հարցազրոյցները վաղը դրւելու են մեղադրական եզրակացութեան հիմքում։

– Այս իշխանութեան ռազմավարութեան մէջ առանցքային է այն, որ պէտք է ջնջել Արցախ բառը ու Արցախի հետ ասոցացւող ամէն ինչ։ Վերցնենք թէկուզ Արցախի Պետական համալսարանի հարցը։ Ուզում են այն վերացնելով՝ վերացնել Արցախեան զարթօնքի հիմնական հաւաքատեղիներից մէկը։ Կոչս ուղղում եմ համալսարանի ղեկավարութեանը՝ հարցը պէտք է արթուն պահել, թոյլ չտալ, որ այն փակւի։

Տարիներ շարունակ ՀՀ բիւջէից Արցախին վարկային տեսքով որոշակի գումարներ են տւել, եւ միայն այս իշխանութիւններն են, որ րոպէն մէկ խօսում են այն մասին, թէ որքան փող են տւել Արցախին։ Մարդկանց հայրենազրկել են, դարձրել գաղթող ու խօսում են փող տալու մասին։ Հիմա էլ թիրախաւորում են, 4 տարի է՝ այդ թշնամանքն են սերմանում արցախցիների հանդէպ։ Եւ չեն խօսում այն մասին, թէ հէնց Արցախն ինչ է տւել Հայաստանին տասնամեակներ շարունակ:

– Մեր երկրի ազգային անվտանգութեան փլուզումը նաեւ տեղեկատւական անվտանգութեան տեսքով է։

– 44-օրեայ պատերազմի օրերին ստեղծւած Հայաստան-2020 չաթը, որ ստեղծւել էր Հայաստանի Ժուռնալիստների միութեան (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սէյրանեանի նախաձեռնութեամբ պատերազմի օրերին, խմբագիրների մասնակցութեամբ, պահել եմ։ Վաղը հատհատ դատարանում ներկայացնելու եմ։ Լրատւամիջոցների ղեկավարներին իշխանութեան ներկայացուցիչների առաջին պահանջն էր՝ չհրապարակել յուղարկաւորութիւնների կադրեր։ Իւրաքանչիւրս՝ որպէս տեղեկատւական անվտանգութեան մաս, գիտակցելով դա, չէինք էլ հրապարակում, յետոյ հասկացանք՝ ինչի էին մեր առջեւ այդ պահանջը դնում

Հիմա փորձ է արւում Արցախի՝ օրինական ընտրւած տարբեր պետական ատեաններին մեկուսացնել, մոռացութեան տալ։ Երէկւանից տեղեկատւական հոսքեր են գալիս՝ ովքեր էին Արցախի ներկայացուցչութեան դէմ այդ ակցիաների կազմակերպիչները՝ Անվտանգութեան խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմէն Գրիգորեան, ծագումով արցախցի, Սամուէլ Բաբայեան, Հայկ Խանումեան

Ժողովուրդ, դուք մոռանո՞ւմ էք՝ այս ամենի պատասխանատուն ով է։ Այս ամենի պատասխանատուն անուն ունի՝ Նիկոլ Փաշինեան։

Օրերս, որպէս ԱԺ պատգամաւոր, բանտում հանդիպել եմ Արցախի ՊԲ հրամանատար Միքայէլ Արզումանեանին։ Յիշո՞ւմ էք՝ Նիկոլ Փաշինեանն ի՞նչ ասաց՝ Շուշիի մեղաւո՞ր էք ուզում, հէն է, բանտում նստած է։ Միքայէլ Արզումանեանին արդէն մեղաւոր է նշանակել։

– Արցախը յանձնող Նիկոլ Փաշինեանը բազմիցս յայտարարել է, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, բայց այսօր այս նոյն իշխանութիւնները մեղաւոր են փորձում նշանակել Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանին։

Մոռանում են Արցախի նախագահի ընտրութեան օրը Նիկոլ Փաշինեանի հեռախօսազանգերը՝ Գերմանիա, Իրան, ՖրանսիաԲոլոր պաշտօնական այդ հաղորդագրութիւնների վերջին տողն էր կարեւոր՝ պատրաստ եմ օր առաջ Ալիեւի հետ նստել մէկ ընդհանուր սեղանի շուրջ: Մոռանում են, որ սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել Էրդողանի հետ: Մոռանում են, որ սեպտեմբերի 10-ին Էրդողանն ասում էր, որ կարող է վաղը Նիկոլի հետ խօսել: Մոռանում են, որ նոյն օրերին հեռախօսազանգերից յետոյ Նիւ Եօրքում, «Թուրքական տանը» թուրք գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է՝ «Արցախում ադրբեջանական ուժերը յարձակւել են, եւ դա պայմանաւորւած էր նախագահական ընտրութիւններով»: Արցախի նախագահի ընտրութիւններով անհանգիստ էր ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Նիկոլ Փաշինեանը: Ի վերջոյ, սեպտեմբերի 19-ի ագրեսիայի առաջին իսկ օրն Անվտանգութեան խորհրդի նիստում Հայաստանի իշխանութիւններն ասացին՝ մենք գործ չունենք: Յաջորդ օրը Նիկոլ Փաշինեանն ասաց՝ ես պատրաստւել եմ տեղահանւած արցախցիներին տեղաւորելուն:

Էլի շատ բաներ են մոռանում։ Ապագայի դատավարութիւնների ժամանակ լինելու են նաեւ փաստական տւեալներ, այդ թւում՝ ՀՀ Զինւած ուժերի կիրառման պլանը՝ հաստատւած ՀՀ Գլխաւոր շտաբի պետի կողմից՝ ինչպիսին պէտք է լինէին Զինւած ուժերի գործողութիւնները: Այդ փաստաթղթի դէպքում շատշատ մարդիկ դեռ պատասխան են տալու, որ անպաշտպան թողեցին Արցախը, արցախահայութեանը, Արցախի Պաշտպանութեան բանակին:

– Այն, ինչ քննադատւում է հիմա՝ Սամուէլ Շահրամանեանի հրամանագիր, այլ գործողութիւններ, որոշումներ, մի բան յստակ է՝ Նիկոլ Փաշինեանը ամբողջովին տեղեակ է եղել դրանցից։

Սեփական PR-ի համար Նիկոլ Փաշինեանը կարող էր որդուն ուղարկել Արցախ՝ ծառայելու, Արցախի հետ ուղղաթիռային կապն անհեթեթ պատճառաբանութեամբ դարձնել երթուղային տաքսի, յետոյ ասել՝ ես ի՞նչ կապ ունեմ Արցախի հետ, որ Արցախի անունից բանակցեմ։ Նա քիթը մտցրել է ամէն ինչի մէջ:

Սրանք սրբութիւն չունեն։ Մեղքն իրենց վրայից թօթափելու համար ոչ միայն Սամուէլ Շահրամանեանին կը ձերբակալեն, այլեւ Յիսուս Քրիստոսի նկատմամբ հետախուզում կը յայտարարեն։

– Տիգրան Աւինեանի երդման արարողութեան ժամանակ ամենաահաւորը երկրորդ թէ երրորդ շարքում ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտաբի պետ, ծնունդով հադրութցի, գեներալ-լէյտենանտ Էդւարդ Ասրեանին տեսնելն էր։

Երկու զուգահեռ իրականութիւն կայ։ Մի տեղ Ադրբեջանը զինւում, պատրաստւում է պատերազմի, մի այլ տեղում Նիկոլ Փաշինեանը ճղճղան ձայնով «ժողովրդավարութիւն» է գոռում ու մանիպուլացնում սեփական ժողովրդին։ Ինչպէս մարդուն թմրանիւթի վրայ են նստեցնում, նոյն կերպ Հայաստանի ժողովրդին կտրում են իրականութիւնից։ Դուրս գաս փողոց, ժողովրդի մեծ մասը գիտի՝ իբր Հայաստան լիքը զէնքեր, տանկեր են եկելՔարոզչական ստերով կերակրում են մարդկանց, բթացնում: Մսաղացի նման մեր երկիրը մաշեցնում են։

– Փաշինեանն այստեղ էլ է խաբում, երբ ասում է՝ բոլոր ճանապարհները բացւելու են։ Իրականում բացւելու են այն ճանապարհները, որոնք ասելու է Ադրբեջանը։ Մեզ համար աւելի ձեռնտու ճանապարհներն Ալիեւը թոյլ չի տալու բացել։

Իրանը շատ յստակ տարբեր մակարդակներում յայտարարել է իր կարմիր գծերի մասին։ Փոխանակ Իրանի կոշտ դիրքորոշմանն ի պատասխան՝ Հայաստանը գործնական յարաբերութիւններ հաստատէր Իրանի հետ, բացի մէկերկու պրոտոկոլային յայտարարութիւններից, այլ բան չենք տեսնում։

ՀՅԴն Երեւանի աւագանու ընտրութիւններից առաջ փորձ է արել լայն ճակատով, միասնական թեկնածուով ներկայանալ։ Ցաւօք սրտի, չստացւեց։ Որեւէ մէկը չի ասել, որ Անդրանիկ Թեւանեանը միասնական թեկնածու է եղել կամ հետագայ բողոքի գործողութիւնների ժամանակ՝ լիդեր։

Հարթակից խօսել առաջարկւել է մօտ 30 հոգու հրաժարւել են։

– Պետք է անկեղծ ասել․ վերջին հանրահաւաքներում հրապարակում այդ օրերին կանգնած մեր հայրենակիցների մեծ մասի պահանջը Հակարիի կամրջի բացումն էր։

2021 թ խորհրդարանական ընտրութիւններին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին ձայն տւողները ձայն էին տալիս ապագայի կառավարութեանը։

– Ամէն մէկը պիտի համարի, որ ընդդիմութիւնն ինքն է, որովհետեւ սա մի հոգու կամ մի կառոյցի խնդիր չէ։ Այսօրւայ ընդդիմութեան պայքարը նախորդ 30 տարիների ընդդիմութեան պայքարը չէ։ Իրավիճակը տարբեր է։ Պէտք է վայրկեան առաջ ազատւել այս իշխանութիւնից։

– Ենթադրենք՝ իմփիչմենթի գործընթացը յաջողութեամբ աւարտւեց, եւ պայմանական մէկը դարձաւ վարչապետ։ Ի՞նչ է անելու նա, օրինակ, արտաքին ճակատում Վահան Կոստանեան ԱԳ փոխնախարարով, բանակից փախած մի մարդ, ում առաջին աշխատանքը 2018-ից յետոյ ՀՀ փոխվարչապետի օգնական լինելն էր։

«168.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button