Հայաստան - ԱրցախՔաղաքական

ԸՆԿՐԿԵԼ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ

Տաւուշում պայքարը շարունակւում է

Անհնազանդութեան եւ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ մայրաքաղաք Երեւանում եւ այլ վայրերում

«ԱԼԻՔ» – Կիրանցում պայքարը շարունակւում է: Տեղի բնակիչները եւ Հայաստանի տարբեր վայրերից նրանց միացածներն ընկրկել չեն պատրաստւում:

Երէկ՝ ապրիլի 26-ին, քաղաքացիները շարունակել են փակ պահել Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհը:

Ուժի անհամաչափ կիրառում. Սեւ բերետաւորների եւ ոստիկանութեան վայրագութիւնները

Երէկ՝ օրւայ երկրորդ կէսին, սեւ բերետաւորները եւ ոստիկանները փորձել են ուժի անհամաչափ կիրառման միջոցով, ցրել ցուցարարներին եւ բացել ճանապարհը:

Նրանք ուժի կիրառմամբ փորձել են ճանապարհ բացել առանց պետհամարանիշերի մի աւտոմեքենայի համար: Նրանց գործողութիւնները, սակայն, հանդիպել են ժողովրդի դիմադրութեանը: Բագրատ Սրբազանին յաջողւել է հանդարդեցնել վիճակը:

Սա չափազանց կարեւոր եւ շրջադարձային դէպք է: Ինչպէս գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը. «Իրենց հայրենիքի յանձնման դէմ խաղաղ բնակչութեան հանդէպ սեւ բերետաւորների գործողութիւնը ոչ միայն առաջին անգամ տապալւեց, այլ, նաեւ, Բագրատ Սրբազանը հանրայնօրէն պարսաւեց նրանց. «Գնացէք այս ժողովրդի ոտքերը լւացէք, եւ ջուրը, էլ չասեմ, ինչ արէք…»»:

Աւելի ուշ, News.am-ը տեղեկացրել է, որ բախումների ժամանակ ուժայինները լուսաձայնային նռնակներ են կիրառել, ինչի հետեւանքով մի քանի բնակիչ թեթեւ մարմնական վնասւածքներ են ստացել։ Նրանցից ոմանք շտապօգնութեան մեքենայով աւելի ուշ տեղափոխւել են բուժկենտրոն։

Տուժել են 4 կին, 1 տղամարդ եւ 2 ոստիկան

Թէեւ ՀՀ Ներքին գործերի նախարարութեան խօսնակ Նարեկ Սարգսեանն աւելի ուշ յայտնել է «Արմէնպրես»-ին, որ ոստիկանները լուսաձայնային նռնակ կամ յատուկ այլ միջոց չեն կիրառել, այդուհանդերձ, յատուկ միջոցների կիրառման հետեւանքով «Իջեւան» բժշկական կենտրոն են տեղափոխւել 5 քաղաքացիներ (4 կին, 1 տղամարդ) եւ 2 ոստիկան:

Աւելի ուշ, Բագրատ Սրբազանը տեսակցել է բոլոր տուժածներին: Հետազօտութիւններից յետոյ բոլոր քաղաքացիները եւ ոստիկանները դուրս են գրւել բժշկական կենտրոնից:

Միքայէլ արք. Աջապահեանը եւ Յովնան եպս. Յակոբեանը Կիրանցում են

Բախումներից յետոյ, Կիրանց են ժամանել Գուգարաց թեմի առաջնորդ Յովնան եպս. Յակոբեանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արք. Աջապահեանը։

«Սա միայն Տաւուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայութեան ու Հայաստանի հարցն է:

Ստի եւ կեղծիքի դէմ պայքարը շարունակւում է` յանուն ճշմարտութեան եւ արդարութեան»,- ասել են հոգեւոր հայրերը:

Տաւուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին

Երէկ, տեղի է ունեցել եւս կարեւոր մի իրադարձութիւն. տաւուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է սահմանամերձ գիւղերի բնակիչների պայքարին:

Նրանց Կիրանցում հաւաքւածները ծափահարութիւններով ու ոգեւորութեամբ են դիմաւորել։

«Առաջին օրւանից էլ մեզ հետ են եղել տղաները․ իրար հետ ենք ծառայել, երկար ճանապարհ անցել, իրենք այսօր վստահում են ինձ ու ժողովրդի կողքին են»,- լրագրողներին ասել է պահեստազօրի գնդապետ Միհրան Մախսուդեանը։

Աւելի ուշ, ՀՀ ՊՆ-ն հանդէս է եկել յայտարարութեամբ՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մէջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանայ համարժէք իրաւական գնահատականի:

Անհնազանդութեան ակցիաներ՝ Մայրաքաղաք Երեւանում եւ այլ վայրերում

Ապրիլի 25-ին եւ 26-ին անհնազանդութեան ակցիաներ են տեղի ունեցել մայրաքաղաք Երեւանում եւ այլ բնակավայրերում:

Մասնաւորապէս Երեւանում, քաղաքացիները փակել են փողոցները՝ պարալիզացնելով քաղաքային երթեւեկութիւնը: Ակցիայի մասնակիցներից մի քանիսը ուժի կիրառմամբ բերման են ենթարկւել ոստիկանութեան բաժանմունքներ: Նրանց են այցելել ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամաւորները:

Երէկ, քաղաքացիները փակել են Երեւան-Սեւան մայրուղու Հրազդանի հատւածը: Հնչել են «Նիկոլ դաւաճան» վանկարկումները։ Նրանց կողքին են եղել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Արթուր Խաչատրեանը եւ Արման Ղազարեանը։

Բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկւել Արթուր Խաչատրեանը: Նա ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց յետոյ, լրագրողներին ասել է. «Քաղաքացիական հագուստով ոմն մէկը, ով ակներեւաբար ոստիկանութեան կամ ուժային կառոյցի ներկայացուցիչ է, ասաց՝ այստեղ ձեր բողոքի ակցիան մի կազմակերպէք: Ես ասացի՝ այսպիսի իրավիճակ է հանրապետութիւնում, դուք ի՞նչ էք առաջարկում, եթէ թուրքերը ճանապարհը փակեն, էլի դուք ճանապարհը բացելո՞ւ էք: Նա միայն ասում էր՝ ինձ հարցեր մի տուր: Նեարդային մարդ էր, նեարդերը չդիմացան, ուժ գործադրելով բերման ենթարկեցին, բարձրացրեցին երրորդ յարկ, անմիջապէս ներքեւ իջացրեցին: Հիմա ես մի քանի անգամ փորձում եմ ներս մտնել, հասկանամ՝ ինչի հիման վրայ են ինձ բերման ենթարկել:  Հերթապահ ոստիկանները խոստանում են ճշտել ու տեղեակ պահել,  բայց դեռ ոչինչ յայտնի չէ:

Ես  ուզում եմ հանդիպել իրենց ղեկավարութեան հետ, հասկանամ՝ ինչի հիման վրայ են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտէին՝ ով եմ, ինչ եմ: Անկախ ամէն ինչից ես ոչ մի կարգ չեմ խախտել, միայն փորձել եմ հասկանալ՝ իսկ եթէ թուրքերը ճանապարհ փակեն, արդեօք իրենք նոյն ջանասիրութեամբ ճանապարհը բացելու են: Այդ հարցն ակներեւաբար իրենց շատ զայրացրեց»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button