Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀԺՄ. «Լրագրողի մասնագիտական օրինական գործունէութիւնը խոչընդոտելը քրէօրէն պատժելի արարք է»

«ԱԼԻՔ» – Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, դատապարտելով Ոստիկանութեան կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փորձերը, եւ նրանց դէմ բիրդ ուժի կրառումը:

«Իշխանութիւնների կողմից նախաձեռնւած սահմանագծման եւ սահմանազատման կեղծ գործընթացի, միակողմանի զիջումների դէմ Տաւուշի մարզում քաղաքացիների կողմից օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիան լուսաբանող լրագրող, NewDay.am կայքի խմբագիր, լրագրող Անի Գէորգեանի եւ նրա հետ իր մասնագիտական աշխատանքը կատարող օպերատոր Ջանիբէկ Խաչատրեանի նկատմամբ ոստիկանութեան ծառայողները բիրտ ուժ են կիրառել։

Մասնաւորապէս, Կիրանցից Իջեւան ուղեւորւելիս, դիմակաւորւած ուժայինները  կանգնեցրել են նրանց տեղափոխող աւտոմեքենան եւ լրագրողների անձը ստուգելու անւան տակ, բառի բուն իմաստով՝ ասֆալտին են պառկեցրել օպերատոր Ջ․ Խաչատրեանին՝ արհամարհելով Ա․ Գէորգեանի բազմաթիւ զգուշացումները՝ իրենց՝ մամուլի ներկայացուցիչ լինելու մասին։

«Տաւուշի բնակիչներից մէկի՝ Միհրան Մախսուդեանի տղայի մեքենայում էինք, որին խնդրել էինք մեզ Իջեւան տանել:  Ճանապարհային ոստիկանութիւնը մեքենան կանգնեցրեց, որից յետոյ Ոստիկանութեան 6-րդ վարչութեան տղաները՝ դիմակաւորւած, Մախսուդեանի տղային ու մեր լրատւամիջոցի օպերատորին՝ թեւերը ոլորելով, պառկացրեցին ասֆալտին, փորձեցին տանել, իմ բարձրացրած աղմուկից յետոյ միայն Ջանիբէկ Խաչատրեանին թողեցին»,- մեզ հետ զրոյցում պատմեց Անի Գէորգեանը։

Ներկայացւած տեսանիւթում տեսանելի է՝ ինչպէս են բռնութիւն գործադրելով՝ գետնին գցում օպերատորին:

Ակնյայտ է, որ իշխանութիւնները հերթական անգամ ուժային կառոյցներն օգտագործելով՝ որպէս հանրութեանը, պայքարի դուրս եկած քաղաքացիներին ահաբեկելու բութ գործիք, հիմա էլ թիրախաւորում են լրագրողներին՝ փորձելով այդպիսով սահմանափակել Տաւուշում բողոքի գործողութիւնների լուսաբանման գործընթացը։ Անկախ այն հանգամանքից, որ այդ փորձերը չեն կարող յաջողութեան հասնել, տեղի ունեցածը խօսքի ազատութեան եւ լրագրողների աշխատանքի ոտնահարման կոպտագոյն դրսեւորում է, որը չէր կարող կատարւել առանց քաղաքական իշխանութեան յանձնարարութեան եւ, կամ համաձայնութեան։

Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը խստօրէն դատապարտում է սահմանամերձ բնակավայրերի բողոքի արդարացի գործողութիւնները լուսաբանող լրագրողների նկատմամբ իշխանութիւնների կողմից կիրառւող անթոյլատրելի, լրագրողի գործունէութիւնը խոչընդոտող բռնութեան այս դէպքը: Լրագրողի մասնագիտական օրինական գործունէութիւնը խոչընդոտելը քրէօրէն պատժելի արարք է, եւ այդպիսի արարք կատարած ցանկացած անձ պէտք է պատասխանատւութեան ենթարկւի:

Մարդու իրաւունքների պաշտպանից, պատկան բոլոր կառոյցներից պահանջում ենք քննութեան առարկայ դարձնել կատարւածը, իսկ Հայաստանում ժողովրդավարութեան իրավիճակով, Մարդու իրաւունքների ու խօսքի ազատութեան հարցերով զբաղւող տեղական ու միջազգային կազմակերպութիւններին կոչ ենք անում հերթական անգամ աչք չփակել մամուլի, ազատ խօսքի, լրագրողի մասնագիտական աշխատանքի դէմ ուղղւած խայտառակ այս գործողութեան վրայ»,- ասւած է ՀԺՄ հրապարակախ յայտարարութիւնում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button