Չիլինգարովին յուղարկաւորել են զինւորական պատիւներով՝ ՌԴ օրհներգի ներքոյ
«ԱԼԻՔ» – Հայ ազգի լեգենդար բեւեռախոյզ, Պետդումայի պատգամաւոր եւ գիտնական Արթուր Չիլինգարովին զինւորական պատիւներով յուղարկավորել են Մոսկւայի Նովոդեւիչեան գերեզմանատանը։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Պետդումայի կայքը։
Նշւում է, որ ԽՍՀՄ, ՌԴ հերոսին յուղարկաւորել են ՌԴ պետական օրհներգի հնչիւնների ներքոյ:
«Արթուր Նիկոլայեւիչին յուղարկաւորել են Նովոդեւիչեան գերեզմանատանը զինւորական պատիւներով»,- ասւում է հաղորդագրության մէջ։
Երեքշաբթի Մոսկւայի Քրիստոս Փրկիչ տաճարի Պայծառակերպութիւն եկեղեցում վերջին հրաժեշտն են տւել Չիլինգարովին։ Պետդումայի պատգամաւորներից ու սենատորներից բացի, մասնաւորապէս, ներկայ են եղել Մոսկւայի եւ Համայն Ռուսիօ Պատրիարք Կիրիլ Երկրորդը, ՌԴ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Սերգէյ Շոյգուն, ռուս հոկէյիստ Ալեքսանդր Ովեչկինը, երգիչ Գրիգորի Լեպսը։
Յունիսի 1-ի երեկոյեան ՌԴ Պետդումայի նախագահ Վիաչեսլավ Վոլոդինը յայտարարել է Արթուր Չիլինգարովի մահւան մասին։ Պատգամաւորը կեանքից հեռացել է 84 տարեկանում։
Արթուր Նիկոլայի Չիլինգարովը ծնւել է 1939 թւականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ Հայրը՝ Նիկոլայ Չիլինգարեանը, աշխատել է Բոլշեւիկների համամիութենական կոմկուսի Լենինգրադի մարզկոմի եւ քաղկոմի առաջին քարտուղար Պեոտր Պոպկովի օգնական, զբաղւել քաղաքաշինութեան հարցերով։ Որդու ծնւելուց մի քանի տարի անց նա ենթարկւել է բռնաճնշումների։ Դրա հետեւանքով Չիլինգարովը մեծացել է մօր եւ խորթ հօր հետ։
Չիլինգարովը աշխարհագրական գիտութիւնների դոկտոր էր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱԱ թղթակից-անդամ, անւանի բեւեռախոյզ, ինժեներ-օվկիանոսագէտ։
Նա ԽՍՀՄ, ՌԴ հերոս է, ինչպէս նաեւ պարգեւատրւել է ՀՀ պետական «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ «Անանիա Շիրակացի» մեդալով, Ֆրանսիայի Պատւոյ լեգէոնի շքանշանով։ Գիւմրիի Պատւաւոր քաղաքացի է։